Լրահոս
Սպորտ
13:08
13.08.21
61

Շախմատի ԵԱ․ 4-րդ տուրում Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստուհիներից 4-ը հաղթանակ տարան

Img default alt hy

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում 3 հաղթանակով մեկնարկած գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:

Աննա Սարգսյանը սպիտակներով հաղթել է ռուս Անաստասյա Բոնդարուկին և 3.5 միավորով Էլինա Դանիելյանի ու 7 շախմատիստուհիների հետ բաժանում է 2-9-րդ տեղերը: Նա ու Դանելյանը կես միավորով են ետ մնում առաջատարից՝ ռումինացի Իրինա Բուլմագեից։

Չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:

Գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։