Լրահոս
Միջազգային
15:14
19.03.22
140

Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է երկրորդ փուլ․ «ArmDaily.am»

Img default alt hy

Մարիուպոլի հավանական գրավումից հետո ՌԴ-ն կփորձի ինքնահաստատվել գրավյալ տարածքներում` ստեղծելով ամուր թիկունք։ Այս մասին «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Արմեն Մինասյանը:

«Ռուսաստանը շատ տեղերից հետ կքաշվի` ավելի հարմար վերադասավորվելու համար։ Ուկրաինական կողմն էլ կփորձի պարտիզանական մարտերով շեղել և գրավյալ տարածքներում կազմակերպել քաղաքացիների անհնազանդություն՝ ընդհուպ մինչև զինված բախումներ։ 

Միանվագ արշավով հասնել ստրատեգիական հաջողության ՌԴ-ին չհաջողվեց։ Մարտավարական առավելության գինն էլ շատ բարձր է` անհամարժեք։ Ի դեպ՝ ռուսական բանակը Մարիուպոլից ու շրջանի տարածքից` անելանելիության արդյունքում հեռացող փոքր խմբերի հետ մարտերում ավելի շատ մարտիկներ է կորցրել, քան ճակատի այլ հատվածներում։ 

Որոշ խմբերի հաջողվել է միավորվել յուրային զորքերին, ինչը ռազմագիտական առումով «անհնարին» շարքից է»։

Լրատվամիջոցի հարցին, թե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք մոտ մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի առկայությունը կարո՞ղ է փոխել արդյոք պատերազմի ընթացքը և արդյոք ուկրաինացի զինվորականնները տիրապետում են օրինակ տրամադրվելիք 800 ՀՕՊ համակարգերը կիրառելու գիտելիքներին, Մինասյանն ասել է, որ Ուկրաինային տրամադրվում է այն զենքը, որը պլանավորված էր դեռևս պատերազմից առաջ:

«Որոշակի թվով անձնակազմ անցել է համապատասխան ռազմական պատրաստություն հենց Արևմուտքում և հենց այդ զինատեսակներին տիրապետելու համար։ Պատերազմը Ռուսաստանի կողմից «վաղաժամ» սկսելու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ մինչ օգնության տեղ հասնելը, որոշակի նպաստավոր դիրքեր գրավեր։ Սակայն տարածքի մեծությունը և ռազմաճակատի լայնությունը, ՌԴ խմբավորումների կողմից ռազմաճակատային հստակ բնագծեր չզբաղեցնելը բացասաբար կանրադառնա` անմիջապե Ուկրաինային տրված օգնությունը տեղ հասցնելուն պես։ Չի բացառվում, որ արևմուտքը տեխնիկական հրահանգիչներ և մասնագետներ կարող է ուղարկել «օգնության» հետ մեկտեղ»,- նշել է ռազմական վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այս պատերազմով վերջինս՝ որպես ռազմական համատեղ գործողությունների կառույց՝ «սպանվեց», կարծում է Մինասյանը։

«ՆԱՏՕ-ի անդամները ոչ միայն չհամախմբվեցին,այլ կային հակառակ տրամադրություններ ունեցողներ։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի անդամները ուրվագծում են նոր դաշինքներ` Ֆրանսիա-Հունաստան-Եգիպտոս-ԱՄՆ, Լեհաստան-Սկանդինավներ, Ֆինլանդիա-Գերմանիա-Շվեդիա։ 

Նմանատիպ դաշինքների կառույցների մասին խոսք լինել կարող է, որի մասին խոսեց նաեւ Զելենսկին։ Սակայն, իրականում ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր անարդյունավետությունը և դա է պատճառը, որ այն քննադատվում է հենց Ուկրաինայի կողմից։ Պատճառը ոչ թէ ռազմական օգնության ոչ բավարար լինել է, այլ միասնական կարծիքի, դատապարտման, մեկուսացման(ՌԴ) դաշտում` ՆԱՏՕ-ի գործիքակազմի անաշխատունակությունն է»,- եզրափակել է Արմեն Մինասյանը։