Լրահոս
Քաղաքական
15:00
13.12.22
113

ՔՊ-ում իրավիճակը լարվում է. Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել․ «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է.

«Երկուշաբթին բարի չէր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի համար: Երկուսն էլ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ընդ որում` հատկանշական է այն, որ Համբարձում Մաթևոսյանին նախ ՔՊ վարչության անդամների ընտրության վերահաշվարկի արդյունքում դուրս հանեցին իշխող կուսակցության ղեկավար կազմից, իսկ այժմ` փոխվարչապետի պաշտոնից:

Աղմկոտ հրաժարականներից հետո թեև շրջանառվում են փոխվարչապետի հնարավոր հավակնորդների երկու անուն, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի, սակայն «Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել Ռոմանոս Պետրոսյանի վրա:

ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խիստ վստահելի մարդկանցով է փորձում շրջապատել, որոնց շարքում թիվ մեկ տեղն է գրավում Ռոմանոս Պետրոսյանը, ով բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը նրան:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ծնունդով Փաշինյանի հայրենի մարզից է: Մեզ հասած շշուկների համաձայն` ՔՊ-ի ներսում ևս մի «հանգած հրաբուխ» կարող է բռնկվել: Ասում են, թեպետ առերևույթ փորձ է արվում ներկայացնել, թե ամեն ինչ լավ է, բայց բավականին լարվել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:

Ավելին` այդ լարվածությունը երկուստեք է և հասել է այն աստիճանի, որ ՔՊ-ի ներսում ձևավորվել են պապիկյանականներ և նիկոլականներ թևերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ՔՊականները մասնավոր զրույցներում պնդում են, որ ՔՊ-ի ներսում շուտով «սանիտարական» «հատումներ» են իրականացվելու»: