Լրահոս
Քաղաքական
17:33
06.12.22
150

Քիրվայական այս խաղաղության նպատակը իշխանությունը պահելն է․ սրա համար թանկ ենք վճարելու բոլորս․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ Հանրապետության հրապարակում ինքնամոռաց տոն էր: Հանրապետական նշանակության եզակի ճարտարապետական  հուշարձանը  սեփական պետության պատվերով և կազմակերպմամբ խոշտանգվել էր հազարավոր խորշերով ու հուշարձանի բաց վերքերի վրա կրկեսային վաղանցուկ երջանկության դիմակ էր:  Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող հրավառությունն իջնում էր Երևանի վրա, լուսավորելով Եռաբլուրը:  

Իսկ երկու ամիս առաջ և հիմա էլ պատերազմ է՝ անթաղ դիերով,  խոշտանգված սահմաններով: Գուցե, հազարավորների նման, ես էլ այսքան  դառնացած չընկալեի, եթե բանակցողը  չխոստովաներ, որ այս իրականությունից  «ցեղասպանության տպավորություն է ստացվում և Հայաստանը մենակ է ողջ աշխարհի դեմ»:

Ի դեպ, ադրբեջանցիների կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ամիսներ առաջ նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ստացել մի օր մշտադիտարկում կկազմակերպենք անիմաստ մի պատասխան: Կոռուպցիոն խայտառակ սկանդալով վարկաբեկված ՅՈՒՆԵՍԿՕ-ից առանձնապես ակնկալիք չունեմ:  Ավաղ, ակնկալիք չունեմ նաև մեր լիազոր մարմնից, երբ նախարարը՝ երեսպաշտ դիլետանտի համոզումով արդարացնում է հանցագործությունը՝ բարձրաձայնելով, թե ծակերը մի օր կլցնեն:

Դիլետանտիզմն ամենուր է. տապալումներ բոլոր ոլորտներում, սուտ, բարոյական և իրավական հատված սահմաններ: Եվ ոչ մի պատասխանատվություն:
Խաղաղության դարաշրջանի քպ-ական  պատկերացումն ու  բանակցային զրո կետը անդառնալիորեն ողբերգական գին ունեցան:  

Ֆրանսիայի սենատի բանաձևն եկավ  ապացուցելու, որ սուտ է նաև այս ամբիոնից հնչեցրած նշաձողն իջեցնելու միջազգային պահանջը:

Չի կարող ԵԱՀԿ վեհաժողովում ֆրանսիացին խոսել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների, ռազմական հանցագործությունների,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, իսկ քաղաքական մեծամասնությունը, որն  ուրացել է ինքնորոշման իրավունքն ու իր խոսույթից վաղուց ջնջել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, Արցախի հիմնախնդիրը դիտարկել սոսկ որպես հումանիտար խնդիր:

Ըստ էության, դիվանագիտական սնանկ կուրսի արդյունքում նաև հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձևաչափն է փոշիացվել:

Ի վերջո, Լավրովի և մյուսների հայտարարությունները, ինչպես նաև Ալմա-Աթիի հռչակագրի խեղված մեկնաբանությունները, Պրահայի արձագանքները գալիս են հաստատելու Արցախից հրաժարվելու մաքուր փաշինյանական վարքագիծը:

Քիրվայական այս խաղաղությունը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով պահել իշխանությունը: Ու սրա համար թանկ ենք վճարելու բոլորս:

Ի դեպ, թուրքական խաղաղությունը պատմություն ունի:  Բաթումիի հաշտությունից քառասուն օր անց Էջմիածնի պատերի տակ թնդանոթներ էին որոտում, հնչում էին Սևանը հայերի դիերով լցնելու խոստումներ:  

Սիրելի հայրենակից, մեր պետականության մասին միայն քպ-ական պատկերացումներն   իրավունք չունեն պարտդրվելու ողջ ազգին»: