Լրահոս
Հասարակական
14:27
22.03.22
421

Փոխմարզպետը մասնագիտություն ձեռք չի բերել, բայց դիպլոմ ունի․ «Yerkir.am»

Img default alt hy

Գեղարքունիքի՝ կեղծ դիպլոմով փոխմարզպետ Վահան Զարոյանը ներկա էր Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությանը, գրում է «Yerkir.am»-ը։

«Նախկինում նա ևս բախտը փորձել էր Վարդենիսի համայնքապետի ընտրություններում, բայց չէր հաջողել, քանի որ ընդամենը 504 ձայն էր հավաքել և փառքի դափնիները զիջել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին: 

Այս մասին «Yerkir.am»-ի հարցին ի պատասխան Վահան Զարոյանն ասել է՝ շատ բան չունի ասելու, համայնքի ղեկավար ունեն ընտրված, ինքն էլ որպես մարզպետի ղեկավար ներկա է արարողությանը․ մնացած հարցերի մասով բան չի կարող ասել։

Ընդդիմության ներկայացուցիչն է ընտրվել համայնքապետ, արդյո՞ք սա չի նշանակում, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը չի վայելում  վարդենիսցիների վստահությունը․

«Իհարկե ոչ»,- պատասխանել է Զարոյանը։

Ընդ որում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ նա անձամբ էր շրջում ընտրատեղամասերով և ապօրինի միջամտում հօգուտ ՔՊ-ի։

Իր կողմից կեղծ դիպլոմ ներկայացնելու և բացահայտվելու՝ քրեական գործին անդրադառնալով, Վահան Զարոյանն ասաց՝ հարցը իրավապահների կողմից ուսունասիրվել է։

«Այս ընթացքում հասցրե՞լ եք մասնագիտություն ձեռք բերել»,-հարցրինք փոխմարզպետին։

«Իհարկե, ոչ»,- պատասխանել է նա։

«Չունե՞ք դիպլոմ»,- հարցրել է լրագրողը։

«Իհարկե, ունեմ»,- պարադոքսալ պատասխան է տվել Վահան Զիրոյանը։

Ճշտող հարցին ի պատասխան՝ ասել է, որ Պատմության ֆակուլտետում է սովորել, բայց թե երբ է սովորել՝ անպատասխան է թողել․

«Եկեք հիմա վերջացնենք»։

Նրան հիշեցրլ են, որ վարչապետ Փաշինյանն իրեն նախ՝ 3 տարի առաջ նշանակել էր Գեղարքունիքի փոխմարզպետ, ապա 3 ամիս անց ազատել կեղծ դիպլոմի քրեական գործի պատճառով, հետո 3 տարի անց նորից նշանակել․ ի՞նչ է փոխվել։

Վահան Զարոյանը պատասխանել է, որ իրավապահների բոլոր հարցերին ինքը պատասխանել է։

Կեղծ դիպլոմով փոխմարզպետին նաև հիշեցրել է լրագրողը, որ մայիսի 12-ից ադրբեջանցիները Գեղարքունիքում են։ Նա ընդունել է, որ այդպես է և ասել, որ ամեն ինչ անում են, որ սահմանները պահեն կայուն վիճակում։

«Մնացած բոլոր գործըթացը մեր կառավարության կողմից տարվում է, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը ինչ-որ ժամանակում հետ է քաշվելու այդ կողմից»,- ասել է Զարոյանը։

Հայ-թուրքական հաշտության մասին ասել է, որ խոսք գնում է և ինքը դա նորմալ է համարում։