Լրահոս
Հասարակական
19:53
11.03.22
709

Ուկրաինայից հայրենադարձների մեծ հոսք Հայաստան չի լինի. կնախընտրեն Լեհաստանը, Մոլդովան, Հունգարիան. Վարդան Մարաշլյան

Img default alt hy

Ռուսաստանից, Բելառուսից հայերի հոսքը դեպի հակրենիք մեծացել է. դա պայմանավորված է ինչպես ՌԴ-ի տնտեսական խնդիրներով, պատժամիջոցներով, այնպես էլ հնարավոր զորակոչի մտավախությամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու Վարդան Մարաշլյանը։

Նախկին փոխնախարարն Ուկրաինայից հայերի մեծ հոսք չի կանխատեսում.

«Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցները շատ սիրում են այդ երկիրը, նաև Մոլդովան, Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան կարող են առավել գրավիչ պայմաններ ապահովել։

Ցավոք, Հայաստանը չունի մեր հայրենակիցներին հայրենիք բերելու, հայրենիքում պահելու պրոակտիվ քաղաքականություն. չհաջողեցինք Իրաքից, Սիրիայից, Լիբանանից վերադարձած մեր հայրենակիցների հարցում։ Թեպետ սիրիահայերի դեպքում իրագործվեցին որոշ ծրագրեր, ինչի շնորհիվ Հայաստանում ավելի շատ սիրիահայեր հաստատվեցին, քան օրինակ՝ Իրաքից մեր հայրենակիցները, որոնք նախընտրեցին տեղափոխվել այլ երկրներ»։

Ստեղծված իրավիճակում Մարաշլյանը խորհուրդ է տալիս հայրենիք վերադառնալուց առաջ կապ հաստատել գերատեսչությունների հետ՝ հասկանալու, թե ինչ փաստաթղթեր պետք է իրենց հետ բերեն. օրինակ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է տրամադրի քաղաքացիության և կացության կարգավիճակի, անձնական գույքի տեղափոխման և այլ հարցերով աջակցություն։

Կարող են դիմել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին, որն ունի հայրենադարձվածների մեծ ցանց. սեփական փորձառությամբ մարդիկ կօգնեն արագ սոցիալիզացվել։

Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի մեր հայրենակիցների համար ծրագիր է կազմվել. նրանց, ովքեր մոտիվացված են տեղափոխվել հայրենիք և ՀՀ-ի շուկայի պահանջարկին համապատասխանում են, հիմնադրամն օգնում է տեղափոխվելու, հաստատվելու հարցում. տրվում է 3-ամսյա վարձակալության սուբսիդիա, ավիատոմսի փոխհատուցում, աշխատանք գտնելու աջակցություն, կազմակերպվում են լեզվի դասընթացներ։

Մարաշլյանն ասում է՝ տոկոսային հարաբերակցությամբ այս պահին Հայաստանում ավելի մեծ է բիզնես ռելոկացիան, քան հայրենադարձությունը։

«Հայաստանում բիզնեսի տեղափոխման համար պայմաններն ընդհանուր առմամբ վատը չեն, բայց պրոակտիվ քաղաքականություն չկա. ըստ իրավիճակի է պետությունն արձագանքում, տեղափոխման գործընթացները հեշտացնելու համար ոչ մի զգալի քայլ դեռ չի արվել։ Հիմնական խնդիրը կացության վայր գտնելն է. մեր երկրում շուկան փոքր է և նաև գնաճ է նկատվում, սա կարող է վանել ու ստիպել կացություն փնտրել այլ երկրներում։  Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրիքան, Ադրբեջանը, Վրաստանը բիզնես ռելոկացիայի հարցում առավել ճկուն են»։  

Մարաշլյանն ասում է՝ այնուամենայնիվ, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելը լրացուցիչ մոտիվացիա է ՌԴ քաղաքացիների համար Վրաստանի, Ադբեջանի կամ Թուրքիայի փոխարեն ընտրելու Հայաստանը։  

Սոցիալիզացվելու համար էլ Հայաստանը բավական հարմար երկիր է. ռուսերեն խոսում է բնակչության մեծամասնությունը, Հայաստանն ընդունելի պետություն է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, կյանքի որակը բավականին բարձր է։ ՌԴ քաղաքացիներն առանց երկքաղաքացիություն ձևակերպելու կարող են Հայաստանում հարմարավետ ապրել, աշխատել։

Սփյուռքի նախկին փոխնախարարն ասում է՝ եթե ստացվի բիզնես հոսքի 20-ից 30 տոկոսը պահել Հայաստանում, ապա դա կարելի կլինի համարել լուրջ հաջողություն, անգամ եթե չմնան էլ, բայց այստեղ դրական փորձառություն ունենան, նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծվի։

Մարաշլյանը ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս տեղափոխվելիս որոշ ժամանակ մնալ հյուրանոցում, հոսթելում, խուսափել անմիջապես երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր կնքելուց, որովհետև որոշ ժամանակ հետո կարող են հասկանալ, որ օրինակ՝ Դիլիջանից կամ Գյումրիից աշխատելն ավելի հարմար է։