Լրահոս
Աշխարհ
13:30
09.11.22
94

Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզում ծանր մարտեր են ընթանում.

Img default alt hy

Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ նշելով, որ Սվատովոն ճանապարհ է բացում դեպի Լիսիչանսկ և Սևեռոդոնեցկ: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռները հարված են հասցրել ուկրաինական ուժերին Նովոսելովսկի շրջանում, որը Սվատովոյից 14 կմ հեռավորության վրա է: Այստեղից Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները եզրակացնում են, որ Ուկրաինայի զինուժն առնվազն հասել է այդ բնակավայրին: 

Միևնույն ժամանակ մարտեր են ընթանում Նիկոլաևսկի մարզում: Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրոհել Սնիգիրյովկա քաղաքը: Այնտեղ ծանր մարտեր են ընթանում: Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմոուսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաշտոնյայի՝ ուկրաինական ուժերին հաջողվել է ամրանալ Սնիգիրյովկայի հյուսիսային մատույցներում՝ երկաթգծային ուղիների երկայնքով: Ռուսական ուժերն ուկրաինացի զինվորականների դեմ կիրառում են օդուժ, հրետանի և տեխնիկա:

Բացի այդ, կողմերը հաղորդում են տարբեր բնակավայրերի գնդակոծությունների մասին: Ըստ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունների՝ գիշերը Դնեպրը հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքերով: Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել: Կա 4 վիրավոր:

Ռուսական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են Դոնեցկը: Հարվածի հետևանքով վնասվել է երթուղային ավտոբուս, վարորդը վիրավորվել է:

Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 259 օր: