Լրահոս
Աշխարհ
19:50
06.12.22
111

Օրենքներ են ընդունվել «կորեական տարիքի» հաշվարկման ավանդական համակարգը փոխարինելու համար

Img default alt hy

Հարավային Կորեայում խորհրդարանական ենթահանձնաժողովն ընդունել է օրինագծերի փաթեթ, որով պահանջվում է տարիքի հաշվարկման կորեական համակարգը փոխարինել և բոլոր դատական և վարչական ոլորտներում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:

Հարավային Կորեայում օգտագործում են տարիքի հաշվարկման երեք համակարգ, որոնցից առավել տարածվածը հայտնի Է «կորեական տարիք» եզրույթով: Դրա համաձայն՝ նորածնի 1 տարին լրանում Է հենց ծնվելու օրը, իսկ լուսնային տոմարով Նոր տարվա առաջին օրն արդեն լրանում է նրա 2 տարին:

Այսպիսով, տասներկուերորդ ամսվա վերջին ծնված մարդը Նոր տարում արդեն համարվում Է երկու տարեկան, թեև ծնվել Է մի քանի օր կամ շաբաթ առաջ:

Երկրորդ համակարգը միջազգայնորեն ճանաչված համակարգն է, որով մարդու տարիքը հաշվարկվում է նրա ծննդյան օրվանից: Իսկ երրորդ համակարգով երեխայի մեկ տարին լրանում է նոր տարվա առաջին օրը: Բարեփոխումների կողմնակիցները կարծում են, որ տարիքի հաշվարկման երեք համակարգերի գոյությունը կարող Է խառնաշփոթ ստեղծել առողջապահության, սոցիալական ապահովության, վարչական ծառայությունների ոլորտներում:

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ մարդու տարիքը կհաշվարկվի նրա ծնվելու օրվա հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի:

Սպասվում Է, որ դեկտեմբերի 7-ին օրինագծերը կքննարկի խորհրդարանի օրենսդրական և դատական հանձնաժողովը: Այնուհետև օրինագծերը կներկայացնեն Ազգային ժողովի լիագումար նիստին: Հավանության արժանանալու դեպքում նորամուծությունն ուժի մեջ կմտնի հրապարակումից կես տարի հետո: Հարավային Կորայի նախագահ Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը տարիքի հաշվարկման միասնականացված համակարգի ստեղծումն էր: