Լրահոս
Տարածաշրջան
17:39
29.07.21
53

Նիկոլ Փաշինյանը շատ եռանդով պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը կարծես թե Հայաստանը չէ. Ադիբեկյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը շատ եռանդով պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը կարծես թե Հայաստանը չէ։ Ստացվում է, որ Ադրբեջանը կատարում է հակահայկական գործողություններ, ներխուժում է ՀՀ տարածք, կատարում է ահաբեկչական և ռազմական գործողություններ, իսկ մենք եռանդով կերտում ենք Ադրբեջանի կոմունիկացիոն անվտանգությունը։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Վերջինիս խոսքով՝ կոմունիկացիաների բացումից հետո Ադրբեջանը անարգել կարողանալու է հարմարավետ պայմաններում զենք-զինամթերք տեղափոխել Նախիջևան, իսկ Հայաստանը, կիսվելով երկու մասի, դժվարություն է ունենալու զենք փոխադրել հյուսիսային սահմաններ։

 Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը և այդ առումով տարաբնույթ քննադատություններին՝ փորձագետը նշեց․ «ՀԱՊԿ-ը ընդամենը կարող է օգնել ՀՀ-ին պայքարել արտաքին  թշնամու դեմ։ ՀԱՊԿ-ը չի ստանձնել պարտավորություն ՀՀ-ի տեղը ռազմական գործողություններ վարելու։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է հաշմանդամ, որը ի վիճակի չէ իրեն սնել, որովհետև սնունդը շուտով ստանալու է Թուրքիայից, պաշտպանել, որովհետև մեզ պաշտպանելու է ռուսը, իսկ  ջրային ռեսուրսների վրա նստած է Ադրբեջանը։ ՀՀ-ի գոյությունը իմաստազրկվում է։ Մինչև ՀԱՊԿ-ին մեղադրելը, Նիկոլ Փաշինյանը պետք է բոլորիս հաշվետվություն տա՝  ինչ է ինքը արել, որ խնդիրները չեզոքացնի»։

Ադիբեկյանի խոսքով՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չլինի, նրան հաջորդող իշխանությունները  միևնույն է պետք է փորձեն կառուցել ապագան՝ ելնելով այսօրվա դիրքերից։ Փորձագետը հավելեց նաև, որ եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ուղիղ կապով կապվելու է Նախիջևանի հետ, ապա պետք է հիմնավորի, թե Հայաստանը ինչ է շահում դրանից։

«Մենք պետք է ելնենք այն իրադրությունից, որը ձևավորվել է նոյեմբերի 10-ից հետո։ Նիկոլ Փաշինյանը շտապում է, քանի որ աշնանը պետք է ստորագրվի մեծ խաղաղության պայմանագիր։ Փաշինյանը հիմա կիրառում է այն մեթոդները, որը տարիներ շարունակ կիրառել է Ալիևը Ադրբեջանում, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ադրբեջանականացման ուղիով»,- նշեց Ադիբեկյանը։