Լրահոս

2022-02-11
  • Img default alt hy
    Հայաստան
    Քաղաքացին դանակի սպառնալիքով օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջել
    Փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։ 28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
    21:30
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եվրամիությունում ակնկալում են, որ ռուսական գազի մատակարարումների ծավալը կմեծանա
    Եվրահանձնաժողովը հուսով է, որ «Գազպրոմը», անհրաժեշտության դեպքում, կավելացնի դեպի Եվրամիության երկրներ գազի մատակարարման ծավալը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը։ «Մատակարարումների ծավալի հարցում «Գազպրոմին» կոչ ենք անում իրեն որպես լավ բիզնես-գործընկերոջ դրսևորել և բավարարել մեր պահանջները, անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել գազի մատակարարման ծավալը»,- ասել է նա։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարման հարցը Բրյուսելում շատ հաճախ է քննարկվում։ Նշենք, որ հունվարին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայի գազի շուկայում լարվածություն ստեղծելու մեջ և ասել, որ Եվրոպայի գազապահեստարաններում գազի դեֆիցիտ առաջացել է «Գազպրոմի» պատճառով։ Ռուսաստանից հակադարձել էին այս հայտարարությանը։
    21:20
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։ Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որի նախագահ է նշանակվել Արթուր Թովմասյանը:
    21:14
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վալենտինի օրվա ամենառոմանտիկ բույրը․ Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը
    Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել և գրել․ «Վալենտինի օրվա մեր զեղչը սկսում է հիմա։ Խնայեք 40% մեր ամենառոմանտիկ բույրերի վրա մինչև փետրվարի 14-ը»։
    21:12
    11.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Տեր իմ, տեր իմ․ քաղաքացին՝ երկրի ղեկավարությանը
    «Տեր իմ, տեր իմ, ինչո՞ւ այսքան մահ, ինչո՞ւ այսքան կորուստ, Ինչո՞ւ այս արհավիրքը՝ երկրի վրա․ Որովհետև բոլորը պղծվեցին․․․»,- բանաստեղծությունը այսպես սկսեց քաղաքացին
    21:03
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կոկորդիլոսաբույծը նամակ էր գրել, թե բանալին ու կնիքը չեն հանձնում․ Վեդիի 19 համայնքներում նույն քաոսն է տիրում». Ռաֆիկ Անդրեասյան
    Տարեսկզբին 168.am-ը գրել էր, որ Արարատի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հորդորով, որը հանրությանը հայտնի է ավելի շատ «կոկորդիլոս» մականվամբ, բերման էին ենթարկել Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին: Այդ ժամանակ միջադեպ https://168.am/2022/01/15/1637309.html էր գրանցվել նաև Անդրեասյանի որդու և ոստիկանների միջև։ «Ոստիկանները զենքով խփել, ջարդել են Ուրցաձորի գյուղապետի որդու և գյուղացիներից մեկի քիթը»,- պատմել էր մեր զրուցակիցը։ Այս միջադեպից հետո Ռաֆիկ Անդրեասյանի որդին կալանավորվեց։ 168.am-ն այսօր զրուցել է Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ: Նախ հարցրեցինք, թե արդյո՞ք որդին շարունակում է կալանքի տակ մնալ և միջադեպի ընթացքում ստացած վնասվածքներից հետո ի՞նչ առողջական վիճակ ունի. «Տղաս դեռ կալանքի տակ է, դատարանը գրավի դիմաց բաց թողնելու միջնորդությունը մերժել է, հիմա դիմել ենք վերաքննիչ դատարան։ Կապ չունի, որ իմ տղան է, ինքը 30-ն անց մարդ է, եթե իր մասին կարծիք եք ուզում, ավելի լավ է՝ ես չասեմ, դուք՝ որպես լրագրող, կարող եք մտնել գյուղ, յուրաքանչյուրից հարցնեք՝ ինչ պահվածք ունի, ինչ դաստիարակություն ունի և ինչքան է կարողացել օգտակար լինել նեղ ապրողներին։ Ինչ վերաբերում է առողջական վիճակին, գիտեք, որ, թե՛ տղաս, թե՛ ընկերը քթի կոտրվածք ունեին, հիմա երկուսի վիճակն էլ լավ է, մի խոսքով՝ առողջական վիճակը նորմալ է, չի նեղվում ու ասում է՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մեռնում, այնպես որ, չմտածեք, ես ոչ մի վատ բան չեմ արել, պարզապես վթար է եղել։ Վթարի վերաբերյալ էլ, հենց նույն քննչականի մոտ տեսախցիկների տեսագրությունները կան, անճշտությունները կճշտվեն, ու որդուս բաց կթողնեն»։ Անդրադառնալով համայնքապետարանի կնիքն ու բանալին վերցնելու նպատակով ոստիկանության աշխատակիցների՝ իրենց տուն գնալու դեպքին, Անդրեասյանն ասաց, որ դա Գարիկ Սարգսյանի հրահանգով էր եղել․ «Այդ շոուն, որ քրեական գործ էին հարուցել, նույն կոկորդիլոսաբույծը նամակ էր գրել, թե բանալին ու կնիքը չեն հանձնում, և այլն․․․ Նա կարծում է, թե բոլորն իր նման են, որ միայն աթոռն է իրեն հետաքրքրում, մեզ ընդհանրապես աթոռը չի հետաքրքրել, մենք պայքարել ենք, արարել ենք, մեր ժողովրդի համար նպաստավոր պայմաններ ենք ստեղծել համայնքում, արդեն այն հնարավորությունը կա, որ Ուրցաձորը գրեթե քաղաքային պայմաններ ունի, և պատահական չեն ասում, երբ Երևանում դեռ 30 տոկոսը լուսավորված չէր, Ուրցաձորը 100 տոկոսին մոտ լուսավորություն ուներ․․․»։ Ինչ վերաբերում է Որցաձորի համայնքապետարանի աշխատանքին, Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ բոլոր թիմակիցները հետևելով իր հորդորին՝ դիմում են գրել և ազատվել աշխատանքից․ «Հրաժարվեցին որևէ մեկի հետ աշխատել, հատկապես այն մարդու հետ, որ հեկտարը չի տարբերում, խորանարդ մետրը չգիտի ինչ բան է, որ մարզում քարոզում է՝ կոկորդիլոսները ձու են ածում, թռչում են, քարաճիկ ունեն։ Արարատի մարզն այդ տեղը չի, որ նման բաներից խոսեն, պետք է մտածել, որ գյուղացիներին, գյուղատնտեսներին ժամանակին աջակից լինեն, որ մարդիկ իրենց բերքը կարողանան մշակել և նորմալ արժեքով վաճառել։ Զավեշտը գիտե՞ք ինչն է, այդ քրեական գործը՝ ինքնիրավչություն, արդեն կարճվել է, ես այդ փաստաթուղթը ստացել եմ, որ նման բան չկար, Գարիկ Սարգսյանի դիմումի հորդորով էին ոստիկաններն այդ քայլին գնացել, հիմա աշխատակիցները դիմում են գրել, դուրս եկել, նոր աշխատակիցներ են ընդունել, դա իրենց գործն է, բայց զավեշտն այն է, որ Վեդիի քաղաքապետարանի կնիքով մարդկանց ազատում են, նոր մարդիկ են ընդունում, այստեղ արդեն լուրջ իրավական խախտումներ կան, որն անթույլատրելի է։ Միայն Ուրցաձորում չէ, Վեդիի 19 համայնքներում նույն քաոսն է տիրում»։ Հարցին՝ արդյոք Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, քանի որ կարծիքներ կան, որ այս ամենը Գարիկ Սարգսյանը կազմակերպել էր ձեզ ընտրապայքարից դուրս թողնելու համար, քանի որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս ցույց տվեցինք, որ դուք լուրջ մրցակից եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, Ռաֆիկ Անդրեասյան այսպես արձագանքեց․ «Ես անբուժելի հայ եմ, միանշանակ մասնակցելու եմ, նույն «Իմ հզոր համայնք» կուսակցության անդամները և նաև համակրողները հայրենասեր, համախմբված, արարող, ստեղծող մարդիկ են, ժողովրդի ցավն ու դարդը հասկացող մարդիկ են։ Մենք անպայման մասնակցելու ենք Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին ու անպայման հաղթելու ենք, քանի որ մենք անելու ենք այն, ինչն անհրաժեշտ է ժողովրդին։ Մենք միշտ մեզ տված քվեի դիմաց մեր շնորհակալությունը հայտնել ենք միայն ու միայն մեր աշխատանքով, և նույնը շարունակվելու է»։
    21:02
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին
    N զորամասում փետրվարի 10-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով​ պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտա­նգ ծառայություն, հոր­դորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահ­պանմանը։
    20:55
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես է կեղծվել և շարունակում կեղծվել քաղաքացիական հասարակությունը․ Արամ Հովհաննիսյան
    Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ի դրամատիկ գիշերվանից հետո ընդդիմադիր դաշտի լայն կոնսենսուսով Հայաստանում մեկնարկեց փողոցային բուռն գործընթաց՝ պարտված իշխանության անհապաղ հեռացման պահանջով։ Ակնհայտ էր, որ այդ օրերը վճռական նշանակություն էին ունենալու Հայաստանի ապագայի համար, այդ օրերին էր պարզ դառնալու՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կմաքրվե՞ն պարտության բեռից, դուրս մղելով պարտության հոգեաբանությունը իրենց միջից, թե՞, կիսելով և ստանձնելով պարտության նվաստացուցիչ բեռը, կշարժվեն նորանոր ստորացումների ճանապարհով։ Հենց այս օրերին հանկարծակիորեն անհետացան քաղաքացիական հասարակությունն ու «առաջադեմ երիտասարդությունը»՝ փողոցային պայքարի «դրայվերները»։ Մարդիկ, որոնք ոչ մի թրիգեր բաց չէին թողնում փողոցային գործընթացներ սկսելու, մթնոլորտը սրելու և իշխանությանն իր տեղը ցույց տալու համար։ Մարդիկ, որոնք կազմակերպել ու բազմաթիվ դեպքերում հաջող ավարտին էին հասցրել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի, Թեղուտի, էլեկտրիկ Երևանի և մի շարք այլ շարժումներ։ Եվ վերջապես՝ մարդիկ, որոնք գեներացրել և հաջողությամբ ավարտին էին հասցրել հեղափոխությունը՝ դեմոնտաժելով մի ամբողջ համակարգ։ Նոյեմբերի 9-ից հետո սրանք մի քանի ամսով «անհետացան» բոլորի տեսադաշտից։ Պատճառը փողոցային պայքարի ձևերը մոռանալը կամ մասսայաբար կորոնավիրուսով վարակվելը չէր։ Այդ պասիվությունն ինքնին քաղաքական ակտ էր, ուղղակի ակտիվիզմը փոխարինվեց պասիվիզմով, իսկ ակտիվիստները՝ պասիվիստներով։ Ի տարբերություն Նիկոլի՝ քամինգ աութ եղած, այսինքն՝ բացահայտ աջակիցների, որոնք ունեին բավարար համարձակություն և «մոտիվացիա»՝ նման բեռ վերցնելու իրենց վրա և ցուցադրաբար հանդես գալու սոցիալական ոխակալության, նեոբոլշևիզմի դիրքերից՝ ստորադասելով Արցախը սոցիալական խնդիրներին, առաջադեմ քաղաքացիականներն իրենց հոգեհարազատ իշխանությանը լատենտ աջակցեցին։ Ակտիվիստների պասիվ դերակատարումը քաղաքական քայլ էր, որն անկասկած փրկեց և երկրորդ կյանք պարգևեց քաղաքական վախճանի եզրին կանգնած Նիկոլին։ Պացիֆիստները՝ պարտությունը ֆետիշացնողները Հայկական անոմալիան ունի խոր արմատներ։ Դա´ է ծնել հեղափոխությունը, և ոչ թե հակառակը։ Մեր երկրում տարիներ շարունակ, առնվազն՝ նախորդ 10-15 տարիների ընթացքում, նույն «առաջադիմական բորբոսի», իրենց առընթեր ՀԿ-ների, որոշ կուսակցությունների, տարբեր ԶԼՄ-ների և մի շարք՝ որպես «նոր ինտելեկտուալ էլիտա» ներկայացողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ դրվեցին այնպիսի քարոզչակոդեր, որոնց միջոցով նորմալիզացվեց, ինչ- որ տեղ ֆետիշացվեց պարտության գաղափարը։ Հադրութը, Շուշին ամուր կանգնած, իսկ Արցախն ամբողջական ու շրջապատված բուֆերային 5 շրջաններով՝ սույն տարրերը հանրությանը ներշնչում էին պարտության անխուսափելիությունը։ Տարիների ընթացքում ստեղծվեց մի մթնոլորտ, երբ մի շարք միջավայրերում ուղղակիորեն ամոթալի դարձավ ներկայանալ հայրենասեր, երբ սեփական հայրենքի մասերը զիջելուն դեմ խոսելը վերածվեց էքստրեմիզմիև հետամնացության, իսկ պարտությունը դիտարկվում էր մոտալուտ ու անխուսափելի, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող կանխել։ Կրկնում եմ՝ այն պարագայում, երբ Արցախն ամբողջական էր ու շրջապատված հայ ժողվրդի կյանքի և ջանքերի արդյունքում անվանափոխված Ջրականով, Ակնայով և այլ անվտանգային բուֆերներով։ Մենք արձանագրում ենք, թե ինչպես մի շարք իրավապաշտպաններ, Շուռնուխում բռնության ենթարկված միասեռականների դեպքի առիթից խոր ցավ ու անասելի աղմուկ հանող «հումանիստներ», որևէ մեկի իրավունքի տեսական խախտման լուրերից ազդվողներն ու ողջ սոցիալական ցանցով մեկ բռնության ձայնը հեշթեգներ կազմակերպողներն ու բարձրաձայնողները գեթ մեկ անդրադարձ չկատարեցին պատերազմի արդյունքում արդեն գրեթե երկու տարի Բաքվի բանտերում ապրող տղաներին, չկազմակերպեցին ոչ մի դրամահավաք՝ ծանր ու հերոսական մարտեր մղած զինվորների ապակայունացած հոգեբանությունը վերականգնելու համար կամ ծանր հաշմանդամություն ստացած մարտիկների վերականգնման համար։ Որևէ ձայն չեն հանում Հայաստանում դատաիրավական կամայականությունների և, ըստ էության, ավտորիտար համակարգի կառուցման դեմ։ Սեփական ժողովրդի և զինվորների նկատմամբ ապրումակցման մանիակալ բացակայությունը կարելի է պայմանավորել հանրային սույն շերտի սեփական հոգեկան ու սոցիալական խախտումների արդյունքում իրենց իսկ հասարակությունից նեղսրտած լինելու և կամ՝ թուրքական լոբբինգի մասնիկը լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ դժվար է հասկանալ, թե ինչո´ւ այդքան հեշտ այս բոլոր ողբերգությունները, ստորացումները ընդունեց և այդքան արագ համակերպվեց պարտության մտքի հետ հայ ժողովուրդը։ Վերը նկարագրված տարրերն իրենք իրենց և մեր հանրության մի զգալի մասին վաղուց ադապտացրել էին անխուսափելի պարտության մտքի հետ։ Պարտությունը սպասված էր ու ֆետիշացված։ 2018-ից ընտրազանգվածային բնորոշման համար տարբեր ձևակերպումներ են դրվել շրջանառության։ Դրանց մի մասը վիրավորական երանգ ուներ, բայց դրանցից ոչ մեկը լիարժեք չէր, գոնե՝ վտանգավորության տեսակետից։ Ամենավտանգավոր խավը «ինտելեկտուալ ժեխն» էր, որն իր մեջ ներառում էր պատվերով ակտիվիստներին, դրանց կոչենք «Պասիվիստներ», և ներշնչված պարտվողականներին՝ կեղծ «Պացիֆիստներ»։ Այս երևույթի վտանգը շարունակվում է, և կարիք կա հասկանալ նոր իրողություններում «պսևդոառաջադիմական քաղաքացիական» վիրուսի կանխարգելման գործիքները։
    20:45
    11.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանը. ՌԴ ԱԳՆ
    Մոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանն անբաժան անվտանգության սկզբունքի պահպանման վերաբերյալ ու սպասում է յուրաքանչյուր հասցեատիրոջ մանրամասն արձագանքին։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:
    20:20
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ
    Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
    20:15
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արթուր Դավթյանն ամփոփել է Գեղարքունիքի մարզի դատախազության գործունեությունը
    ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը: Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է նշված ուղղություններով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Արձանագրվել է, որ մարզի վարչական տարածքում 2021թ. հանցագործության դեպքերն աճել են 20,8%-ով: Աճը եղել է միջին ծանրության հանցագործությունների հաշվին՝ 28,7%-ով, մինչդեռ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են համապատասխանաբար 5,2%-ով և 75%-ով: Ավելացել են հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների իրացման և ապօրինի շրջանառության, գողության դեպքերը: 2021թ. մարզում սպանության և սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել: Հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը 2020թ. համեմատ որոշակիորեն բարելավվել է՝ կազմելով 60,3%: Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է կանխարգելիչ և պրոֆիկալտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է ակտիվացնել հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցների կիրառման, մասնավորապես պատկան կառույցներին, սուբյեկտներին միջնորդագրեր և հաղորդումներ ներկայացնելու նախաձեռնությունները: Դրաց արդյունավետության մասին է փաստում այն իրողությունը, որ 2020թ. մարզի դատախազության կողմից սպանության, սպանության փորձի, ՃԵԿ խախտումների, բնակարանային գողությունների դեմ պայքարի համատեքստում իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացվելու, դրանց հիման վրա ձեռնարկված միջոցների խորապատկերին 2021թ. արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների էական նվազում: Գլխավոր դատախազը հանձնարարել է նաև ուժեղացնել հսկողությունը քաղաքացիների կողմից հանցագործության մասին տրվող հաղորդումները սահմանված կարգով գրանցելու գործընթացի նկատմամբ և քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ ստուգման առարկա դարձնել բոլոր այն դեպքերը, դրանց պատճառները, երբ վերջիններս հետագայում հրաժարվում են իրենց հաղորդումներից կամ դրանց կապակցությամբ բացատրություններ տալուց: Անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացման խնդրին: Այս առումով ևս Արթուր Դավթյանն առանձնացրել է քննությունների բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբեյեկտիվությունն ապահովելուն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառման կարևորությունը: Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից հետաքննության և նախաքննության մարմիններին տրվել է քննչական, դատավարական կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ 89 ցուցում, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 50%-ով: Արթուր Դավթյանն ընդգծել է, որ բացի գրավոր ցուցումներ կամ հանձնարարություններ տալը, պետք է էապես ավելացնել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից դրանք կատարելու և առարկայական արդյունքներ ապահովելու նկատմամբ դատախազական հսկողությունը: Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանն այս առումով տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումների 1.5%-ը կամ թվով 30-ը, այն դեպքում, երբ 2020թ. այդ ցուցանիշը կազմել է 0.6% կամ՝ թվով 11-ը: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից վերացվել են վարույթը կարճելու մասին 80,1%-ով ավելի և վարույթը կասեցնելու մասին 84,9%-ով ավելի որոշումներ: Վերացման համար հիմք են հանդիսացել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ոչ բավարար միջոցների ձեռնարկումը: Անդրադարձ է կատարվել նաև դատախազական մյուս գործառույթներով կատարված աշխատանքների որակական և քանակական ցուցանիշներին: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության առումով 2021թ. ընթացքում մարզի դատախազնության կողմից կառավարման տարբեր ոլորտներում կատարվել է 19 ուսումնասիրություն: Հայտնաբերվել է 28 խախտում, որոնցով վնասը կամովին վերկանգնելու մասին նախազգուշացվել են տնտեսվարողներ, հարուցվել է 16 քրեական գործ: Գլխավոր դատախազը հանձնարարել է առաջնայնութան կարգով հետամուտ լինել պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հայցերի հարուցմամբ պետությանը պատճառված վնասների վերականգնմանը: Ելնելով խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերից՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության դատախազներին տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես, նա շեշտել է մարզի դատախազության և հանրության ուղիղ շփումների ակտիվացման, հենց դատախազների նախաձեռնությամբ քրեական վարույթներին առնչվող, կամ դատախազության օգնությանը դիմող քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման, նրանց կողմից բարձրացվող հարցերին, բավարար հիմքերի դեպքում, պատշաճ ընթացք ապահովելու նպատակով պարտադիր միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
    20:08
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը հայտնում է Հայաստանի կողմից դիակների մասունքներ վերադարձնելու մասին
    Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլմար Սամեդովը: «Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը:
    20:08
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Զարեհ Սինանյանն այցելել է Հայաստանի էսպլանադ
    Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով առաջին անգամ գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Փարիզյան օրակարգը մեկնարկել է Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ Գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ են խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանին։ Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող տարածքում։ Այն իր ընդարձակ տարածքի մեջ է ներառում նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարել եկեղեցու տարածքում, հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշել է, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցի: «Եկեղեցին առաքելություն է, ոչ թե շենք»,- ընդգծել է հոգևոր առաջնորդը՝ Գլխավոր հանձնակատարին ներկայացնելով թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը։
    19:57
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Համավարակը դեռ չի ավարտվել․ ԱՀԿ
    «Համավարակը դեռ չի ավարտվել»,- ասել է ԱՀԿ խոսնակ Սումիա Սվամինաթանը։ Նա նախազգուշացրել է COVID-19-ի նոր տարբերակների սպառնալիքի մասին: Այդ մասին գրում է Reuters-ը։ «Մենք հետևում ենք վիրուսի զարգացմանը, մուտացիային: Այնպես որ, մենք գիտենք, որ կլինեն նոր տարբերակներ, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն, ուստի, մենք չենք մոտեցել համաճարակի վերջին»,- ասել է կազմակերպության գլխավոր գիտնականը։ Կորոնավիրուսի «Օմիկրոնի» շտամը կամ B.1.1.529-ը հայտնաբերվել է նոյեմբերին Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում: Մասնագետների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել հիվանդացածներն ու պատվաստվածները: Դրա ենթատեսակները հայտնաբերվել են 142 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում: Այն ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» շտամը և դառնում գերիշխող։ Պատվաստումը մնում է պաշտպանության ամենահուսալի միջոցը:
    19:48
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ. Ռուբեն Մելիքյան
    Շատ հետաքրքիր արձագանքներ եղան ԵՄ պատվիրակության առջև երեկվա մեր հանրահավաքին. այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այս պահին կսահմանափակվեմ նախօրեին հնչեցրածս հանրահավաքի պահանջագրի տեքստը հրապարակելով ու վերահաստատելով. «ՊԱՀԱՆՋԱԳԻՐ 2022 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության առջև անցկացված բողոքի հանրահավաքի մասնակիցների անունից Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Միացյալ Եվրոպան մեր երկրում ներկայացել է առաջին հերթին արժեհամակարգային օրակարգով։ Դա՛ է եղել Հայաստանյան հասարակության լայն ընկալումը։ Այդ օրակարգը հիմք ընդունելով՝ տարիներ ի վեր Եվրոպական շատ կառույցներ և հատկապես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն իրենց իրավունք են վերապահել գնահատականներ տալ մեր երկրում ընթացող տարաբնույթ իրադարձություններին, և այդ միջամտությունները շատերիս կողմից համարվել են լեգիտիմ, քանի որ Եվրոպան հանդես է եկել ժողովրդավարական արժեքների անկողմնակալ պահապանի դերում։ Մինչդեռ վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։ Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ՝ անհիմն կալանավորումները, և վերջապես դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն են։ Մինչդեռ Եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից մենք լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր։ Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ։ Մենք վստահ ենք, որ եթե ԵՄ պատվիրակությունը եվրոպական մայրաքաղաքներում անկողմնակալ ձևով ներկայացներ ժողովրդավարական արժեքներն օրեցօր ավելի համարձակորեն ոտնահարող ՔՊ-ական իշխանության վարքագիծը, այդ թվում՝ Եվրոպական Միության առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունների տապալումները, ապա Հայաստանյան ներկայիս իշխանությունները ստիպված կլինեին զսպել բռնաճնշումների ախորժակը։ Եթե ԵՄ պատվիրակությունը Եվրոպական մայրաքաղաքներում ներկայացներ նախորդող փորձով պայմանավորված՝ Եվրոպայից մեր ունեցած ու անտեսվող ակնկալիքները, դրա արդյունքում օրեցօր աճող հակակրանքն ու երեսպաշտության մեղադրանքները, ապա Եվրոպան իր խոսքը կասեր։ Դրա փոխարեն ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ-ական ղեկավարության փիառով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումների ու իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի բաժնեմաս։ Վերոգրյալի հիման վրա՝ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունից (EEAS) պահանջում ենք՝ - Վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը - ԵԽԽՎ 1900 (2012) բանաձևում ներկայացված չափորոշիչների հիման վրա քննարկման առարկա դարձնել ՔՊ-ական իշխանության քմահաճույքով ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ ճանաչելու հարցը - Վճռականորեն դատապարտել խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման, անձնական ազատության իրավունքի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների տևական ոտնձգությունները» »,- գրել է իրավապաշտպանը։
    19:39
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    «Օմիկրոնով» վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է. Ավանեսյան
    Երեխաների շրջանում մեծ է «Օմիկրոնով» վարակվածության ցուցանիշը. այս պահին 5 երեխա բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս տարի նման իրավիճակ ունեինք` մի կողմից սուր շնչառական վարակների աճ էր նկատվում, մյուս կողմից էլ կորոնավիրուսի ալիքն էր։ Բացի այդ, «Օմիկրոնով» վարակվածների միջին տարիքը նվազել է, և երեխաներն այս շտամով ավելի հաճախ են վարակվում»,–ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով` այս պահին «Օմիկրոնով» վարակված 67 երեխա է հոսպիտալացված, հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Ըստ առողջապահության նախարարի` մահճակալային կարողությունները բավարարում են քաղաքացիներին սպասարկելուն։
    19:37
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ՝ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը: Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
    19:30
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽՔ Արմեն Գրիգորյանը և իր շեֆը ստում են մի քանի պատճառով․ Գեղամ Մանուկյան
    Գեղամ Մանուկյանը գրում է․ «ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս»: Սա ադրբեջանական պաշտոնական աղբյուրի տեղեկատվություն չէ։ Սա Ալիեւի հայտարարություն չէ։ Սա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ խորհրդի քարտուղարի խոսքերն են, որ նրա գրասենյակը հպարտությամբ տարածում է։ Ասել է թե՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները։ Այս նույն միտքն արդեն մի քանի անգամ հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին քառօրյայում էլ նա նույն պնդեց, որը իմ լավ գործընկերուհի Քրիստինե Վարդանյանը մի քանի նախադասությամբ հիմնավորեց, որ անգրագիտություն է։ Անգրագիտություն կհամարեի այն թեզի շրջանառումը, թե 1991 թվականին ԱՊՀ կազմավորման պահին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները, եթե դրա հակափաստարկները պարբերաբար հնչեցվելուց հետո, Փաշինյանը կամ իշխանավորները շտկեին իրենց խոսքը։ Բայց ոչ, նրանք համառում են ու հետևողականորեն կրկնում են, որն էլ փաստում է՝ սրանք սպասարկում են ադրբեջանական շահերը, խոսում են ադրբեջանական թեզերով ու փաստարկներով։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը ստում են, մի քանի պատճառով՝ ԱՊՀ կազմավորման ժամանակ ոչ թե սահմաններ են ճանաչվել, այլ ԱՊՀ մասնակից երկրների տարածքային ամբողջականությունները։ Տարածքային ամբողջականությունը սահմանների ճանաչում չէ։ Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականությունը 1991 թվականի դեկտեմբերին (ԱՊՀ կազմավորման ժամանակ), Ադրբեջանն արդեն հռչակել էր իր անկախությունն ու հռչակվել 1918-1920 թվերի Ադրբեջանի իրավահավահաջորդ, որի կազմում Արցախը բացակայում էր։ 1991 թվականի դեկտեմբերին արդեն Արցախի Հանրապետությունն իր անկախության մասին որոշում արդեն կայացրել էր, ու չէր դիտվում Ադրբեջանի Հանրապետության մաս։ Այս ամենը Նիկոլը շարունակում է չհասկանալ։ Չհասկանալու հետևանքներից մեկն է, որ Փաշինյանը 2019-ին Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին գրել էր խայտառակ սխալ ու վտանգավոր մի նախադասություն, թե այդ օրը «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»: Չհասկանալով, որ Արցախի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից, այլ այն ձեռք է բերել, իրավական տեսանկյունից, անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային մնացյալ հանրապետությունների ուղով` ԽՍՀՄ սահմանադրության և օրենսդրության պահանջների համապատասխան:
    19:17
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրեա Վիկտորինը հանդիպել է Արման Թաթոյանի հետ
    Հայաստանում ԵՄ դեսպանությունը հայտնում է․ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ` քննարկելու իրավիճակը մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտման ազատության, մամուլի և տեղեկատվության ազատության, ինչպես նաև դատաիրավական ոլորտներում։ ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին գերազանց համագործակցության և գործընկերության համար, ընդգծելով այս հաստատության առանձնահատուկ կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը և կաջակցի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին:
    19:13
    11.02.22
    Ավելին