Լրահոս

2024-09-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի ձուլարանում տեղի ունեցած պայթյունից. զոհ կա
    Սեպտեմբերի 10-ին` ժամը 16։49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978 թ.) մահացել է:
    18:20
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և անդրադարձել Արգենտինայի հետ ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Արգենտինա համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է, որ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր այն իրացնելու համար: Փոխվարչապետը և դեսպանը ընդգծել են Արգենտինայում հայկական համայնքի գործունեության կարևորությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից:
    18:15
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր
    Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբեր, ովքեր նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզում են։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում։ Ձուլարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչ օպերատիվորեն կժամանեին բժիշկների հերթապահ խմբերը, վիրավորներին առաջինն օգնության են հասել ՋԷԿ-ի բուժամբուլատորիայի աշխատակիցները։
    18:10
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անզեն ցուցարարի վրա զորք եք ուղարկում, զինված հանցագործի վրա՝ անզեն օպերլիազոր. Խամոյան
    Ուշադրություն, միայն 40 տոկոսով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը: Ավազակության դեպքերի աճը կազմել է 46.%։ Աճել են նաև խարդախության դեպքերը՝ 30 տոկոսով, 36,7 տոկոսով էլ աճել են համակարգչային հափշտակության դեպքերը։ Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ նախորդ տարի արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում․  14.6%-ով: 2023 թվականին նվազել է ինչպես միջին ծանրության, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մարդու դեմ ուղղված գրեթե բոլոր հանցատեսակների բացահայտման նվազում ունենք։
    18:04
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել, որ նմանատիպ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ բնույթի մասին: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ տնտեսական կապերը զարգանում են այնտեղ, որտեղ կա արդարադատություն: Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցությունը հետևողական զարգանում է: Ջասիմ Մուհամմադ Աբուդին ընդգծել է Իրաքի հայ համայնքի դերը երկրի զարգացման և Հայաստանի հետ փոխհարաբերությունների ընդլայնման գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների շուրջ:
    18:00
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գարեգին Բ-ն իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը. Sputnik Արմենիա
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։ Մյուռոնօրհնեքը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, իսկ տաճարի վերաօծման արարողությունը` սեպտեմբերի 29-ին։ Օգոստոսի վերջին վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ մինչ օրս Մայր աթոռից հրավեր չի ստացել` մասնակցելու Մայր տաճարի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողություններին։ Նշենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև առկա տարաձայնությունների մասին սկսել են խոսել 2018 թվականին նրա իշխանության գալուց անմիջապես հետո։ Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ հենց իշխանություններն են հրահրել Գարեգին Բ կաթողիկոսի դեմ տարվող շարժումը։ Եկեղեցու և ՀՀ իշխանությունների միջև եղած խնդիրներն ավելի սրվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ հոգևորականները պահանջեցին վարչապետի և նրա թիմի հրաժարականը։
    17:45
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ հող եք հանձնում․ Հայկ Մամիջանյան
    ՔՊ-ականները վերջերս շատ են սկսել հոխորտալ ու ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել անվտանգության հետ կապված: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Ես ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել: 2013, 2014, 2015թթ-ի ընթացքում ՀՀ տարածքը, սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քկմ-ով: Դա իրականացվել է՝ ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական ու այլ տիպի ագրեսիաների, բայց մենք չենք խոսել դրա մասին, մենք դա լուռ ենք արել, որովհետև դա կարող էր խայծ դառնալ հակառակորդի համար: Մենք չփորձեցինք ձեզ պես 2020թ-ի նման տավուշյան դեպքերը ներկայացնել որպես հայրենական պատերազմ, մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ հող եք հանձնում: Իմիջիայլոց, ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանողնե՛ր. ի՞նչ կա 200 քկմ տարածքից, որն այս պահին վերահսկվում է ադրբեջանցիների կողմից: Եթե պատրաստվում եք ՀՀ տարածքը պաշտպանել այնպես, ինչպես՝ Արցախը, ապա մեզանից հեռու պահեք այդ պաշտպանությունը»,- ասաց պատգամավորը:
    17:40
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
    Չինաստանի Ցինդաո քաղաք այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն: Աննա Հակոբյանին դիմավորել է կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը: Սյու Բաոֆենի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է Չինագիտության համաշխարհային կենտրոնում: Աննա Հակոբյանին են ներկայացրել կենտրոնի գործունեությունը` ստեղծման օրվանից ի վեր, պատմել կենտրոնի առաքելության մասին, որն աշխարհում չինարենն ու չինական մշակույթի տարածելն ու հանրայնացնելն է: Շրջայցին հաջորդած հանդիպման ընթացքում Սյու Բաոֆենը բարձրաձայնել է հայ-չինական մշակութային կրթական կապերի խորացման ցանկության մասին: «Մենք կարող ենք գործակցել հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, կարող ենք Հայաստանում բացել չինագիտության կենտրոն, որպեսզի Ձեր երկրում ավելի շատ մարդիկ կարողանան ուսումնասիրել Չինաստանը, չինարենը և չինական մշակույթը: Մենք ակնհայտ ասում ենք գործակցության ընդլայնման մեր ցանկության մասին»,- ասել է Համաշխարհային չինագիտության կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու հետաքրքիր շրջայց կազմակերպելու համար: Վարչապետի տիկինը նշել է, որ գործակցության խորացմամբ հետաքրքրված է նաև հայկական կողմը։ «Թեև երկրների հարաբերություններում միշտ ուշադրության կենտրոնում են քաղաքական, ապա տնտեսական հարաբերությունները, բայց կարծում եմ՝ ճիշտ է սկսել մշակույթից ու լեզվից և ես կարծում եմ, որ հայ-չինական մշակութային ու կրթական հարաբերությունների խորացման տեսանկյունից ամենաճիշտ վայրում եմ գտնվում»,- ընդգծել է վարչապետի տիկինը: Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հայաստանյան համալսարաններից որևէ մեկում չինագիտության կենտրոնի հիմնման հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Աննա Հակոբյանի խոսքով՝ սա կարևոր է երկու երկրների համար, և հույսը մեծ է, որ չինական կողմն էլ առաջիկայում կդիտարկի Չինաստանում հայագիտության կենտրոնի ստեղծման հարցը: Սյու Բաոֆենն Աննա Հակոբյանին պատմել է, որ Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանում իրենք օտարազգի հայտնի գրողների կիսանդրիներ են տեղադրում: Սենը հույս է հայտնել, որ այդ շարքում կլինի նաև հայ հայտնի գրողի կիսանդրի: Աննա Հակոբյանը սիրով ընդունել է առաջարկը և ընդծել, որ հայկական կողմը նույնչափ հետաքրքրված է կիսանդրու տեղադրմամբ, քանի որ սա մեծ հնարավորություն է, որ աշխարհում ճանաչեն հայտնի հայ հեղինակների: Սյու Բաոֆենը նշել է, որ չինական կողմը նաև կրթական տարբեր ծրագրերում գործակցելու ցանկություն ունի: Աննա Հակոբյանը խոստացել է ԿԳՄՍ նախարարությանը փոխանցել այս և մյուս առաջարկները, որոնց մանրամասները հնարավոր կլինի քննարկել Սյու Բաոֆենի` նոյեմբերին կայանալիք Երևան այցի ընթացքում: Հանդիպումից հետո Չինագիտության համաշխարհային կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենի անունից ճաշ է մատուցվել ի պատիվ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի: Վարչապետի տիկինը Չինագիտության համաշխարհային կենտրոն այցի ավարտին հարցազրույց է տվել տեղի Qingdao News լրատվականին, ընդգծել, որ երկրորդ անգամ է գտնվում Չինաստանում և ուրախ է, որ Ցինդաոյում է և մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության կանանց համաժողովին: «Շատ հագեցած օրակարգով եմ Չինաստանում: Այսօր առաջին կետն էր, և ես այցելեցի Չինագիտության համաշխարհային կենտրոն: Երեխաները շատ գեղեցիկ կատարեցին ազգային երաժշտություն, նաև ինքս եմ փորձել նվագել այդ գործիքներով: Այսօր այստեղ քննարկվեց նաև Չինաստանում հայագիտության և Հայաստանում չինագիտության կենտրոններ բացելու հնարավորությունն ու հեռանկարը»,- հարցազրույցում շեշտել է վարչապետի տիկինը: Աննա Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ մայրաքաղաք Պեկինում հանդիպում կունենա նաև Soong Ching Ling հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ղեկավարում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը: Այնուհետև վարչապետի տիկինն ուղևորվել է Ցինդաոյի կենտրոն, շրջել քաղաքում, այցելել Սբ. Միքայել կաթոլիկ եկեղեցի, որի վանահայրը Աննա Հակոբյանին է պատմել եկեղեցու կառուցման ու գործունեության մանրամասները, ներկայացրել է Ցինդաոյի քրիստոնյա համայնքի մասին տեղեկություն: Աննա Հակոբյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Չինաստանում է մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության սեպտեմբերի 11-ին կայանալիք կանանց համաժողովին: Պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:
    17:39
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստորագրվել է համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը
    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին ստորագրել են համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։ Կարևորելով երկու երկրների միջև համագործակցության այս նոր ձևաչափը՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև եղած բարեկամական և բազմոլորտ հարաբերությունների նշանակությունը և շեշտել, որ կնքվող փաստաթղթով հնարավորություն կընձեռվի մեկ այլ շերտ ավելացնել այդ հարաբերություններին, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում։ «Մենք կարևորում ենք կազմակերպված աշխատանքային միգրացիայի համաձայնագրերի կնքումը մեր բարեկամ երկրների հետ․ սա տարբեր ոլորտներում ներգրավված հայ մասնագետներին, աշխատողներին հնարավորություն է տալիս իրականացնել փորձի փոխանակում, որոշակի ժամկետներով աշխատել այլ երկրներում ու միաժամանակ զգալ առավել պաշտպանված՝ աշխատանքային իրավունքների իրացման համատեքստում»,- հավելել է նախարար Նարեկ Մկրտչյանը։ Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին նշել է, որ այս համաձայնագիրը կարևոր է նաև Կատարի Պետության համար, քանի որ սա հնարավորություն կտա աշխատաշուկայում ներգրավել իրենց գործի մասնագետ, տաղանդավոր մարդկանց․ «Կատարի Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատանքային միգրանտների իրավունքների հանդեպ, և սա 2030 թվականի տեսլականի կարևոր մասն է կազմում․ մենք հետամուտ ենք այլ երկրներից մեզ մոտ փորձառություն կամ աշխատանք ձեռք բերած աշխատակիցների իրավունքների իրացման գործում։ Փորձենք օգտվել այս փաստաթղթից՝ հայ աշխատողներին ևս ներգրավելու կատարյան աշխատաշուկայում»,- նշել է նախարարը։ Գործընկերները միմյանց ներկայացրել են նաև վերջին տարիներին երկու երկրներում իրականացված ոլորտային բարեփոխումները, քննարկել սահմանած առաջնահերթությունները։ Կնքված համաձայնագրի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Կատարի Պետությունում աշխատել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացվեն անձնագրեր և ուղևորության թույլտվություն ստանալը, բժշկական զննության ընթացակարգերը, այդ քաղաքացիներին տրամադրվեն անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։ ՀՀ Կառավարությունը կապահովի նաև, որ մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը Կատարի Պետությունում աշխատանքի անցնող ՀՀ քաղաքացիներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի Կատարի Պետության գործատուի կողմից և հաստատված կլինի Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարարության կողմից։ ՀՀ կառավարությունը կապահովի, որ մինչև մեկնելը աշխատողներին տրամադրվի պատշաճ ցուցում/կողմնորոշում աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի, քաղաքականության, ընթացակարգերի, նորմերի, մշակույթների և գործելակերպի վերաբերյալ՝ Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարարության աջակցությամբ և վերջինիս կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա։ Կձեռնարկվեն նաև բոլոր անհրաժեշտ միջոցները Կատարի Պետություն աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու համար` երկու երկրում գործող համապատասխան օրենքներին և ընթացակարգերին համաձայն: Ստորագրված համաձայնագրի նպատակների իրականացման համար Կատարի Պետության կառավարությունը կապահովի, որ ՀՀ քաղաքացիների՝ Կատարի Պետություն մուտքն ու այնտեղ աշխատանքային գործունեությունը համապատասխանեն երկու երկրներում գործող համապատասխան օրենքներին և ընթացակարգերին։ Հանդիպման շրջանակում երկու երկրների նախարարները քննարկել են աշխատանքի ոլորտում համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս, պայմանավորվել ընթացք տալ ձեռք բերված համաձայնություններին։
    17:30
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
    Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման, փորձի փոխանակման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում առկա ռազմաքաղաքական գործընթացների շուրջ։
    17:15
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի տարբերություն նոյեմբերի 9-ի, այս «խաղաղության պայմանագիր» կոչվածը, եթե ստորագրվի, լինելու է ամբողջական կապիտուլյացիա. քաղաքագետ
    Ես կարծում եմ, որ առհասարակ այս խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցության մեջ ավելի շատ կա քարոզչություն, քան՝ իրականություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նա նշեց. դեռ հարց է՝ արդյո՞ք այս պայմանագիրն առհասարակ ձեռնտու է Հայաստանին: «Սրանով Հայաստանը լեգիտիմացնում է Ադրբեջանի բոլոր հանցագործությունները: Բացի այդ, խաղաղության պայմանագիր կոչեցյալ փաստաթուղթը ստեղծելո՞ւ է ինչ-որ մի պայման, որ խաղաղության բերի: Ավելի քան համոզված եմ՝ ոչ, հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից նման տրամադրվածություն չկա»,- ասաց նա: Միքայելյանը թերահավատ է, որ այդ պայմանագիրը կստորագրվի: «Կասկածում եմ, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը կստորագրվի, որովհետև սուտ են այն պնդումները, թե խաղաղության պայմանագիրը գրեթե համաձայնեցված է: Իրավունքի մեջ կա մոտեցում՝ քանի ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ: Հիմա հենց այդպիսի իրավիճակ է»,- նշեց նա: Նա շեշտեց, որ սկզբից ասում էին. 18 կետից 13-ն է համաձայենցված, հիմա 16 կետից 13-ն է համաձայնեցված, հիմա ասում են՝ եկեք այս 13-ը ստորագրենք ու դա կոչենք խաղաղության պայմանագիր, իսկ դա անլուրջ խոսակցություն է: «Հայաստանը միշտ պատրաստակամ է ստորագրել, Ադրբեջանը չի ստորագրում, ուրեմն Ադրբեջանը չի ուզում: Ես չեմ հավատում որ սա լուրջ է: Այսինքն, ուղղակի դիվանագիտական քարոզչություն է իրականցվում Հայաստանի ներկայիս իշխանության կողմից՝ սպասարկելու համար Արևմուտքի օրակարգը: Արևմուտքը շատ է ուզում այդ պայմանագիրը ստորագրվի, իբր իր ոչ ֆորմալ միջնորդությունն ինչ-որ արդյունք է տալիս»,- ընդգծեց քաղաքագետը: Ըստ նրա, ի տարբերություն նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության, այս պայմանագիրն ամբողջական կապիտուլյացիա է: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ կային բազմաթիվ կետեր, որոնք վերաբերվում էին Հայաստանին ու 2-3 կետ, որոնք վերաբերում էին Ադրբեջանին: Հայաստանը ներկայացնող այս իշխանությունն իր բոլոր կետերը կատարել է, Ադրբեջանն իր կողմից ոչ մի բան չի կատարել: Ադրբեջանը չի ուզում իրենց մասով կատարի, դրա համար այդ կետերը մնացել են»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ գուցե մեզնից միջա՞նցքն են ուզում կորզել, նա արձագանքեց. «Միայն միջանցքը չէ, այն խնդիրները, որոնք ունի Ադրբեջանը լուծելու Հայաստանի հետ, պայմանագրով լուծելու հարցեր չեն: Եղավ առաջարկ՝ տրանսպորտային հարցերը դուրս հանենք և պայմանագիրը ստորագրենք, դա ընդունեց նաև Հայաստանի իշխանությունը, իսկ Ադրբեջանի կողմից ոչ միանշանակ պատասխան եղավ: Կարելի է ասել, այս հարցերն առանձնացվեցին: Սա Ադրբեջանի համար լինելու է պատրվակ, որ հայտարարի՝ խաղաղության պայամանագիրը չի գործում, քանի որ նման լրացուցիչ պայմաններ, չեմ կարծում՝ միայն տրանսպորտային միջոցների համար են: Այնպես որ, ուզում են կորզել, բայց միջանցքը միակ թեման չէ»,- շեշտեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Մոսկվայի այն մեղադրանքներին, որ Հայաստանն է մեղավոր, որ չի ստորագրվում խաղաղության պայամանգիրը, նա արձագանքեց. «Քանի որ Ռուսաստանը մեկուսացման մեջ է, ապա Ռուսաստանում գերագնահատում են բոլոր արտաքին ազդակները: Դա հաշվի առնելով՝ ռուսական դիվանագիտական ԲՈՒՀ ավարտած Ալիևը իրենց սպասելիքների վրա շատ լավ խաղում է ու նաև օգտագործելով բազմաթիվ մյուս բոլոր գործիքները՝ կարողանում է իր կարծիքը հասցնել»:
    17:00
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած մեկ օրում արձանագրվել է 10 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խարդախության՝ 5, փաստաթղթի կեղծիքի՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, շինարարական, լեռնահանքային աշխատանքի անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարդու առևանգման 1 դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    16:45
    10.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Շոկի մեջ էի, ահավոր պայթյուն էր. 144 ուկրաինական դրոններ գրոհել են Ռուսաստանը
    Վերականգնել են չվերթները Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» ու Կազանի օդանավակայանները: Ավելի վաղ Ռոս.ավիացիան ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել՝ գիշերը տեղի ունեցած օդային մարտերի պատճառով: Ռուսական երկնքում ուկրաինական 144 անօդաչու է խոցվել: ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել նաև Մոսկվան ու Մոսկվայի մարզը. բազմաթիվ տուժածներ ու ավերածություններ կան: Ռամենսկոյում 46-ամյա մի կին զոհվել է, 3 մարդ տարբեր վնասվածնքերով հոսպիտալացվել է: Իշխանությունները ավերված բնակարաններից մարդկանց տարհանել և փոխհատուցում են խոստացել:
    16:35
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրություններն անիմաստ են մեր երկրում. ԱԺ պատգամավոր
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված Երևանի ավագանու 3 անդամներ (Գրիգոր Երիցյան, Անույշ Խուդավերդյան, Անուշ Գինոսյան) զրկվեցին քաղաքացու քվեի արդյունքում իրենց փոխանցված մանդատներից: Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանին էլ դատարանը քիչ առաջ կալանավորեց: Սա անթույլատրելի է, սա հակաժողովրդավար է, սա մարդու ազատ կամարտահայտության դեմ քայլ է, սա ոչնչացնում է ընտրվի ինստիտուտների գոյության իմաստն ու անկախությունը... սա ուղղակի անթույլատրելի է: Ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրում մանդատից զրկվում են իշխանության նախաձեռնությամբ, իշխանության ձեռքով և իշխանության համար անգամ փոքրիկ վտանգ ներկայացնողները: Սա նշանակում է, որ ժողովրդավարության ամենահիմնական գործիքը՝ ընտրությունները, անիմաստ են մեր երկրում. միևնույն է ընտրության արդյունքների հետ անհաշտ իշխանությունը գործընթացները իր ցանկալի հունով է տանում, ռեպրեսիաներով ապահովում իր համար ցանկալի արդյունքներ, քաղաքացիների փոխարեն որոշելով, թե ով պետք է ավագանի կամ համայնքի ղեկավար լինի, ով՝ ոչ»:
    16:30
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովի մեկնարկին ելութներով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, քաղաքական այլ գործիչներ և փորձագետներ: Համաժողովը նպատակ է հետապնդում միավորել քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու հարցեր կապված հակամարտություններից մինչև տեխնոլոգիա, կլիմայի փոփոխություն և առողջապահություն: Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:
    16:15
    10.09.24
    Ավելին
  • Իրավական
    Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու որոշում է կայացրել դատարանը
    Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը մասամբ է բավարարել Պրոբացիոն ծառայության միջնորդությունը. 5 տարի ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու փոխարեն՝ ազատազրկման որոշում է կայացրել: Դատարանն Առուշանյանին դեռ 2022 թվականին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, վճիռն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին: Ըստ վճռի՝ Առուշանյանը հինգ տարի ժամկետով չպետք է զբաղեցներ համայնքապետի պաշտոնը։ Գորիսի ավագանին, սակայն, վերջերս մերժել էր կատարել դատարանի վճիռը՝ հիմնավորելով, որ նման լիազորություն չունի։
    16:06
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել
    ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին, ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և բյուրեղանման զանգված: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
    16:00
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
    15:45
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աշոտյանի գործով դատավորը ընդդիմադիր պատգամավորի վրա բողոք է գրել. «Ժողովուրդ»
    Պատգամավորն ասաց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, շարունակում է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, և որպես պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով:
    15:41
    10.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 «Շոկոլադնի» դատավճիռ՝ Առուշ Առուշանյանի դեմ. Գորիսի համայնքապետը կազատազրկվի
    Հայլուր 15։30 «Շոկոլադնի» դատավճիռ՝ Առուշ Առուշանյանի դեմ. Գորիսի համայնքապետը կազատազրկվի
    15:30
    10.09.24
    Ավելին