Լրահոս
Տարածաշրջան
14:13
29.07.21
70

Կութ գյուղի մուտքը փակ է անվտանգության նկատառումներով. Գ. Սանոսյան

Img default alt hy

Փոխհրաձգություն է տեղի ունեցել երեկ գիշեր այն դիրքի ուղղությամբ, որտեղ  մարտական գործողություններ են տեղի ունեցել, մեկ վիրավոր ունենք, վիրավորումը ուսի շրջանում է, նրան վիրահատել են, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

 «Մեր բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել, և բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Իրավիճակի առնչությամբ անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ մեր բնակիչների, բայց ուզում եմ ասել, որ բնակիչները պատվով, ամուր կանգնած են մեր համայնքներում։ Երբ միջադեպեր են լինում, փոխհրաձգություն է լինում, անպայման գյուղից որոշակի խմբեր հավաքվում և այցելում են զինվորներին` հարցուփորձ անում, թե ինչի կարիք կա»,–ասաց Սանոսյանը`  ավելացնելով, որ Կութ գյուղի մուտքը փակ է անվտանգության նկատառումներով։

 Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքի աշխատանքներին` մարզպետը նշեց, որ հանքը ինչպես երեկ, այնպես էլ այսօր, չի աշխատում։ Սանոսյանի խոսքով` կրկին անվտանգության նկատառումներից ելնելով` աշխատակիցները դուրս են բերվել հանքի տարածքից։ Բացի այդ, նաև որոշակի տեխնիկա է դուրս բերվել Սոթքի հանքից։ Նա վստահեցրեց` հանքի ղեկավարությունը համագործակցում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետ և երբ անվտանգության խնդիր չի լինի, կշարունակեն աշխատել։

 

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում դպրոցականների համար սեպտեմբերից անվտանգ կրթական գործընթաց կազմակերպելուն՝ Սանոսյանը նշեց, որ այս պահին դեռևս նման քննարկում չեն ունեցել. «Եղել են դեպքեր, երբ նման դեպքերում ուսուցումը տեղափոխել ենք հեռավար, օրերը մոտենան, ըստ իրավիճակի՝ որոշում կկայացնենք»:

 Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Հայկական կողմն ունի երեք զոհհինգ վիրավոր։