Լրահոս
Հասարակական
09:54
12.03.22
910

Կուլիսների հետևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա գործընթաց․ Աբրահամյան

Img default alt hy

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել։

Դրանցից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել, գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին ոչինչ չի հայտնել։

Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։

Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել այս օրերին Արցախում նկատվող իրադարձությունների, մասնավորապես, կտրուկ լարման վրա։

Այս առաջարկների անհապաղ հրապարակումը կարևոր է հենց այն պատճառով, որ շատ բան կբացահայտի ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրադրության և ադրբեջանական հավակնությունների մասին»։