Լրահոս
Հասարակական
19:11
12.12.22
213

Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը:

«Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ողջույններն էր փոխանցել Ալենի ընտանիքի անդամներին՝ նշելով, որ հերոսացած տղայի ստեղծագործություններն ապրում են ու առաջին իսկ ծանոթությունից դիպչում են մարդկանց սրտերին:

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությունը լավ սկիզբ է համարում: Նա նպատակ ունի ներկայացումը տանել մարզեր՝ ավելի շատ երեխաների հնարավորություն ընձեռելով այն դիտելու: Նազելի Տերտերյանի խոսքով դա կլինի Ալենի նվերը մանուկներին:

Հերոս Ալեն Մարգարյանի՝ վաղ տարիքում գրված հեքիաթները տպավորում են խորությամբ և տարիքին ոչ բնորոշ հասունությամբ: «Հնարավոր է... Ցանկացած բան հնարավոր է, եթե շատ ուզենաս: Հավատա, ու քո երազանքները կիրականանան, ջանք գործադրիր, սովորիր, կարդա, ու ամեն ինչ կստացվի»,- գրել է պատանի հեղինակը՝ հետագա իր գործերն ու ամբողջ կյանքը կառուցելով գրքերի և գիտելիքների հիմքի վրա:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հույս է հայտնել, որ վերոնշյալ բեմադրությամբ կմասնակցեն նաև միջազգային փառատոների:

Տիկնիկային թատրոնի դեկտեմբերի 11-ի ամբողջ օրվա խաղացանկը տրամադրվել էր Ազգային ժողովին: Այն դիտել է շուրջ 300 երեխա: