Լրահոս
Իրավական
19:40
14.09.21
32

Գիշերային կրակոցներ՝ Սյունիքի դիրքերում պահեստազորի սերժանտը մահացել է, կա նաև վիրավոր

Սյունիքի մարտական դիրքերում գիշերը հնչած կրակոցներից՝ պահեստազորի սերժանտ է մահացել: Եվս մեկ պահեստազորային վիրավորվել է: Վիրավորին արնաքամ տեղափոխել են Կապանի հիվանդանոց, ապա՝ Երևան:

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր միայն 43-ամյա Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանի մահվան մասին՝ չտեղեկացնելով, որ կա նաև վիրավոր:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հովակիմյանը մահացել է մարտական ծառայության կանոնները խախտելու պատճառով: Դեպքի հանգամանքները պարզելու համար, հարուցվել է քրեական գործ:

«Հայլուրի» տեղեկություններով՝ մարտական հենակետում տղաները՝ հարաբերություններ պարզելիս են սկսել կրակել իրար վրա:

«Հայլուրի» Սյունիքի թղթակցին Կապանի հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորը վիրահատական լուրջ միջամտությունների կարիք ունի, բայց մինչև դա, մի քանի օր պետք է մնա վերակենդանացման բաժանմունքում, քանի որ շատ արյուն է կորցրել: Վնասվածքաբանի խոսքով՝ նրան մի զինվորական է ուղեկցել հիվանդանոց, ահազանգից մոտ 3 ժամ անց: Արնահոսող վերքերը կապված են եղել: