Լրահոս
Հասարակական
21:25
11.03.22
175

Եթե անհրաժեշտ լինի Հայաստանի օգտին գործել, Ռուսաստանը Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության փաստաթղթին չի նայի. Արմեն Վարդանյան

Img default alt hy

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության հռչակագիրը, անխոս, Հայաստանի համար որոշակի ռիսկեր պարունակում է։ Ոչ վաղ անցյալում ստորագրված փաստաթղթով Ադրբեջանն ավելի ու ավելի է կապվում Ռուսաստանին՝ որոշակիորեն կախվածության մեջ ընկնելով նրանից։ Սա, իհարկե, ինչ-որ առումով անրադառնալու է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

«Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար նման փաստաթղթերը վաղուց ֆորմալ բնույթ են կրում, որովհետև, եթե անհրաժեշտ լինի որևէ հարցով Հայաստանի օգտին գործել, Ռուսաստանն այդ փաստաթղթերին չի նայի և կգործի։ Եթե ՌԴ շահերը համընկնեն Ադրբեջանի հետ, բնականաբար, կգործի իր շահերին համապատասխան։ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է դա»,- ասել է քաղաքագետը։

Արմեն Վարդանյանը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված փաստաթուղթը Հայաստանի համար վտանգ է ներկայացնում առավելապես ռազմական տեսանկյունից, սակայն այլ վտանգներ ևս պարունակում է։

«Հռչակագրի 11-րդ կետով ամրագրվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը վճռականորեն կանխում են սեփական տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որն ուղղված է մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության դեմ։

Այսինքն՝ եթե, օրինակ, Ռուսաստանի հայերի միությունն ադրբեջանական հակահայ գործողություններն ու ագրեսիան դատապարտող քայլեր ձեռնարկի, ռուսական կողմն Ադրբեջանի պնդմամբ կարող է նաև փակել այդ կազմակերպությունը», - նշել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր.

«Մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, և վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է»։