Լրահոս
Իրավական
19:10
08.12.22
270

Երևանի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Img default alt hy

Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի պողոտայում ձերբակալել են մի խումբ երիտասարդների։ Իր մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 18-ամյա մի երևանցու և նրա երկու ընկերներին։ 17 և 18 տարեկան երիտասարդները ևս երևանցիներ են։

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։