Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:14
28.07.21
52

Բանակցային սեղանին փաստաթուղթ կա՞. ՊՆ ղեկավարների հանդիպում Մոսկվայում

Մինչև հրադադարի մասին տեղեկությունը Բաքուն Երևանին կոչ էր արել սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել՝ դադարեցնելով ռազմական սադրանքները: News.am-ի տեղեկություններով,  Մոսկվայում այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ։  Հայաստանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրություններից մեկում գրված էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվող բանակցություններից առաջ է Ադրբեջանի զինուժը նախահարձակ եղել:

Ի՞նչ է ուզում Ադրբեջանի իշխանությունը: Հայաստանի օմբուդսմենը վստահ է, որ  զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները՝  սահմանների դելիեմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա ազդելու փորձ են, ինչը, նկատում է Թաթոյանը, արգելված է միջազգային իրավունքով:

Փորձագետներն էլ կասկած չունեն, որ Բաքուն փորձում է մի վերջին ճնշում գործադրելով Երևանին պարտադրել խաղաղության այնպիսի պայմանագիր, որտեղ ամրագրված կլինեն պանթյուրքական երազները, առաջին հերթին՝ խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է: Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնել է Ադրբեջան ու հենց այնտեղ հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում կողմերից յուրաքանչյուրը պետք է պահի իր խոսքը:

Ալիք Մեդիայի տեղեկություններով՝ Իլհամ Ալիեւը Մոսկվայում ներկայացրել է ստորագրվելիք փաստաթղթի նախնական տարբերակ: Ըստ դրա, Հայաստանը և Ադրբեջանը պետք է  ճանաչեն միմյանց սահմանները, Արցախից մնացած մասը ստանա ինչ-որ կարգավիճակ, օրինակ՝ մշակութային ինքնավարություն, պետք է սկսվի սահմանազատման և սահմանագծման գործընթաց, որի կարևոր պայմաններից մեկը Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Քյարքի, ինչպես նաեւ Արծվաշեն անկլավների հարցն է լինելու, Ադրբեջանը պետք է ստանա Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի տարածքով  կապվելու հնարավորություն: Ըստ Ալիք մեդիայի, այս հակահայկական կետերի հետ որոշ անհամաձայնություններ ունի նաև Մոսկվան: