Լրահոս
Արցախ
11:31
13.12.22
159

Արցախում կստեղծվի օպերատիվ շտաբ

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր  հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված  գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ:

«Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների  համակարգման  նպատակով:

Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ  շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար:

Ընդգծելով պետական մարմինների  առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:

Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝  տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել  է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին»: