Լրահոս
Արցախ
11:26
13.12.22
76

Արցախի ԱԽ-ն նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Img default alt hy

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ  դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի  ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման  հետևանքով  ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, ընդգծվել է,  որ  միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է  2020 թվականի նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները   հերթական անգամ  խախտում է ադրբեջանական կողմը: 

Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով  միջանցքի փակումը, որը բերելու է  Արցախում հումանիտար աղետի:

Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։