Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություն է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ՝ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներ ու մշակութային ժառանգությունը:
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է՝ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից:
Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացում»: