Լրահոս
Հասարակական
09:50
08.03.22
525

Խախտվել են երկու արևելասլավոնական ազգերի միջև գոյություն ունեցող չգրված օրենքները․ Վարդգես Դավթյան

Img default alt hy

Տարածված մտայնություն կա, թե ԱՄՆ-ում ապրող հայերը ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում որպես կանոն հանդես են գալիս Վաշինգտոնի շահերի պաշտպանության դիրքերից կամ առնվազն սատարում են ամերիկյան քաղաքականությունն այդ հարցում։ 

Անդրադառնալով այս դիտարկմանը, մեր զրուցակից՝ ԱՄՆ-ում ապրող հայտնի հոգեբան, գրող, հրապարակախոս Վարդգես Դավթյանը նկատում է․

«Ճիշտն ասած, մոնիտորինգ չեմ արել իմանալու համար, թե ԱՄՆ-ում ապրող հայերը ում շահերի պաշտպանության դիրքերից են հանդես գալիս: Իմ կարծիքով, հանդես են գալիս Հայաստանի ինքնիշխանության պահպանման և հայ ժողովրդի միասնության և անվտանգության շահերի դիրքերից: Ընդհանրապես, արտերկրի հայության քաղաքական նկրտումները չեն կարող ավելին լինել (կամ - շատ տարբերվել) տվյալ երկրի վարած արտաքին քաղաքական դիրքորոշումներից»: 

Ինչ վերաբերում է պատերազմի՝ իբրև հոգեբանական հակամարտության դրսևորման ու կռվի, ամերիկահայ գործիչը նշում է․
«Ընդհանրապես, պատերազմներն իբրև քաղաքականության շարունակություն, հակաքաղաքակրթական վայրէջքներ են մարդկային պատմության մեջ, և վկայում են, թե տակավին որքան անկատար են հասարակությունները: Գոյություն ունեն գրված օրենքներ միջպետական, ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ»: 

Սակայն, ըստ մասնագետի, գոյություն ունեն նաև չգրված օրենքներ - պատմականորեն բյուրեղացած, ավանդույթով ամրապնդված սկզբունքներ, պատմական դրական փորձ - բարիդրացիության, խաղաղ գոյակցության վերաբերյալ: 

«Ներկա ռուս-ուկրաինական պատերազմի ամենաարտառոց կողմն այն է, որ խախտվել են ոչ միայն միջազգային գրված օրենքները, այլ նաև երկու արևելասլավոնական ազգերի միջև գոյություն ունեցող չգրված օրենքները: Ռուսաստանի նախագահը շարունակ կրկնում է, որ ուկրաինացիներն ու ռուսները նույն ազգն են և միաժամանակ հրթիռակոծման է ենթարկում այդ ,,նույն ազգի,, քաղաքներն ու գյուղերը: Ահա սա է խելահեղության պահը այս պատմության մեջ»,- մեզ հետ զրույցում ընդգծում է Վարդգես Դավթյանը:

Հարցին՝ եթե հավաքական միջազգային հանրությանը նմանեցնենք Մարդու, որո՞նք են նրա հիմնական հատկանիշները այդ հարթության ու համեմատության մեջ, Վարդգես Դավթյանը բացատրում է․

«Եթե բժշկագիտության չափանիշներով բնութագրենք, ապա մարմնի որևէ օրգանի վնասվելու դեպքում տառապում է ողջ օրգանիզմը, չի կարող մարդը սրտի նոպա ունենալ և միաժամանակ - լավ մարզավիճակ կամ բարձր տրամադրություն: Ավելին, անտիկ բժիշկներն ասում էին - մարդու հոգին այնտեղ է, որտեղ որ ցավ է զգում»: 

Անվանի հոգեբանի բնորոշմամբ, հիմա բովանդակ մարդկության հոգին սևեռվել է Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտի վրա: Դավթյանի պնդմամբ, աշխարհի հզորները պիտի փնտրեն-գտնեն լուծման խելամիտ, հավասարակշիռ հնարներ: Խելահեղությունը խենթությամբ դարմանել հնարավոր չէ:


Արա Ալոյան
«news.5tv.am»