Լրահոս
Քաղաքական
20:47
08.12.22
107

Տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի և Արցախի նկատմամբ․ Սեյրան Օհանյանը՝ Տոմաժ Մենցին

Img default alt hy

Ողջունում և կարևորում եմ Ձեր այցը Հայաստան՝ մեզ համար նման դժվարին ժամանակաշրջանում: Այն, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում և տարածաշրջանում, շատ խնդիրներ և հետաքրքրություններ է պարունակում:

Տարածաշրջանային այս լարված իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Տարածաշրջանում հավասարակշռության և քաղաքական ուժերի փոփոխություններ են տեղի ունեցել. տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Սակայն, ամենավտանգավորն այն է, որ տարածաշրջանային հակամարտության ամբողջ պատմությունը փորձում են նենգափոխել՝ հայ ժողովրդին ներկայացնելով որպես ագրեսոր: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ հանդիպման ընթացքում:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամները շնորհավորել են Դին Պրեմիկին՝ Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել, և կներդրվեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Տոմաժ Մենցինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին կնպաստի նաև խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Դեսպանը տեղեկացրել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների, դեսպանների հետ, ինչպես նաև այց Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Սեյրան Օհանյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային, սահմանային լարվածությանը:

Կարևորելով հակամարտություններում դիտորդական առաքելությունների դերակատարությունը՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ:

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ դերակատարությանը, Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատմանը վերաբերող հարցերին:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2023 թ. հունվարին երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարների հետ տեսակապ հաստատելու, ինչպես նաև փոխայցեր կազմակերպելու հարցերում:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: