Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:00
15.12.22
98

Թագուհի Թովմասյանը դիմել է ՄԱԿ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին

Img default alt hy

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 14-ին հրատապ գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին` նշելով.

«Ավելի քան երեք օր է` Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս հանցավոր վարքագծի հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք հիվանդների կյանքեր վտանգի տակ են. նրանք Երևանում հրատապ բժշկական օգնության կարիք ունեն, որը հնարավոր չէ իրականացնել, քանզի Ադրբեջանը շրջափակել է Արցախը:

Անհնարին է դարձել սննդամթերքի, դեղորայքի մատակարարումը, բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր ստիպված են եղել գիշերել դրսում` ցուրտ ձմռան պայմաններում, ինչն անթույլատրելի է, աշխատանքի մեկնած հարյուրավոր մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից և չեն կարողանում տուն վերադառնալ»:

Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանը կասեցրել է գազամատակարարումն Արցախին, ինչը հումանիտար և տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն կյանքի է կոչվում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

Նա նաև ընդգծել է միջազգային կառույցների հրատապ քայլերի անհրաժեշտությունն Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի այս անմարդկային վարքագծի հետևանքով շրջափակված Արցախի ավելի քան 120.000 քաղաքացիներ կարողանան իրացնել իրենց համընդհանուր իրավունքները:

«Արցախում իրավիճակը ծայրահեղ է: Անհրաժեշտ են հրատապ քայլեր` ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»,- նշել է Թագուհի Թովմասյանը: