Լրահոս
Իրավական
15:01
17.08.21
67

Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կալանքը վերացնելու միջնորդությամբ դատական նիստում հանդես է եկել պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Փաստաբան Հայկ Ալումյանն էլ նկատեց՝ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով արձանագրվել է, որ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքով խախտվել են Սեդրակ Քոչարյանի իրավունքները։ Նրա խոսքով՝ այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ, արգելանքը պետք է վերացվի՝ միանալով Խուդոյանի միջնորդությանը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում գույքի վրա արգելանք է դրվում՝ գոյություն չունեցող հիմքով, այն է՝ փաստացի պատկանելիության հիմքով։ Ալեքսանյանի խոսքով՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել, քննիչը չի կարողացել հիմնավորել անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ որոշումը՝ երրորդ ռեժիմով, այսինքն՝ քննիչը չի կարողացել հիմնավորել, որ Սեդրակ Քոչարյանը կրում է նյութական պատասխանատվություն, չի կարողացել հիմնավորել, որ գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։

 Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ առարկություններ ներկայացրեց՝ նշելով, որ գույքի վրա դրված արգելանքը պետք է պահպանել՝ մինչև ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը՝ դատավճիռը և խնդրեց դատարանին՝ մերժել միջնորդությունը։ Դատախազը դժգոհություն հայտնեց առ այն, որ արդեն երկու տարի է, ինչ չեն կարողանում հրապարակել սույն գործով մեղադրական եզրակացությունը, ինչի կապակցությամբ փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ պետք չէր ի սկզբանե հակասահմանադրական հոդվածով մեղադրանք առաջադրել և նման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն չէր լինի։
 
Դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով կողմերին, արձանագրեց, որ դատարանն արդեն մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը, անհրաժեշտ չափով արգելանքը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա պահպանվում է, հետևաբար անհրաժեշտություն չի տեսնում պահպանել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։ Դատարանը որոշեց վերացնել նախաքննական մարմնի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա արգելանք դնելու մասին։