Լրահոս
Հասարակական
16:00
10.03.25
522

Քաղաքապետարանի պաշտոնյայի կնոջ ընկերությունը գյուղնշանակության հողից ավազ է արդյունահանել. Հետք

Img default alt hy

«Հետք»-ը գրում է.

Քաղաքապետարանի պաշտոնյայի կնոջ ընկերությունը գյուղնշանակության հողից ավազ է արդյունահանել. Հետք

Ընկերության տնօրենը կամ ընկերության ներկայացուցիչը նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը 2025թ. մարտի 3-ին որոշել է «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Աննա Գասպարյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ 150․000 դրամի չափով:

Այդ չափի տուգանք է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար:

Նշենք, որ 2024թ. ապրիլի 4-ին «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով տրվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա տեղամասի 4-A բլոկի ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանման թույլտվություն: Տարածքը զբաղեցնում է 2,2 հա:

Հանքավայրը գտնվում է Նոր Արտագերս բնակավայրի վարչական տարածքում, սակայն ամենամոտ բնակավայրը Ջանֆիդա գյուղն է, որից  1 կմ-ից էլ պակաս հեռավորության վրա է գտնվում:

«ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնվել է 2022թ. հոկտեմբերի 31-ին: Ընկերության միակ սեփականատերը Աննա Գասպարյանն է: Նա էլ զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը:

Աննա Գասպարյանը Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանի կինն է: Տ. Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021թ. սեպտեմբերից:

Առաջին դեպքը չէ, երբ «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, ավազ է արդյունահանում: Մեծամորի համայնքապետարանը ընկերությանը վարչական պատասխանատվության  ենթարկել է նաև 2024թ. նոյեմբերի 28-ին: Այս անգամ համայնքապետարանի աշխատակիցներն արձանագրել էին, որ ընկերությունն իրականացրել է ավազահանման և ավազի լվացման աշխատանքներ։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել էր, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը չի համապատասխանում տվյալ աշխատանքներն իրականացնելուն:

Թեև համայնքապետի որոշմամբ «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի  տնօրեն Աննա Գասպարյանին տրվել էր պարտադիր ցուցում` վերացնել  վարչական  իրավախախտման  հետևանքները, սակայն փաստացի 3 ամիս անց խախտումը ոչ միայն չի վերացվել, այլև նույն արարքի համար կրկին ենթարկվել է պատասխանատվության:

«ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Վահագն Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առաջին տուգանքն արդեն վճարել են: Ըստ նրա՝ արդյունահանում իրականացվել է այն հողատարածքից, որի համար ունեն ավազի արդյունահանման թույլտվություն, և «մեկ միլիմետր» շեղում թույլ չեն տվել: Պարզապես հողի նպատակային նշանակությունը դեռ փոխված չէ՝ գյուղատնտեսական նշանակության է:

«Հողի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը սկսել ենք, ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին փոփոխությունը կլինի: Չենք կարծում, որ համայնքը դեմ կլինի փոփոխությանը, քանի որ լսումները սահմանված կարգով անցկացվել են համայնքում, տեղյակ են, որ արդյունահանման թույլտվություն ունենք»,- ասում է Վ. Ավետիսյանը: