Լրահոս
Հասարակական
23:00
06.03.22
430

Պատերազմում հաղթանակած կողմը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ավելի արագ է ապաքինվում, քան՝ պարտվողը․ հոգեբան

Img default alt hy

Պատերազմը, ի թիվս այլ առանձնահատկությունների, նաև հոգեբանական ահռելի հետևանքներ ու ազդեցություն է թողնում․ ուկրաինական պատերազմից հետո տեղեկություն կա, որ, օրինակ, ՌԴ-ում շատացել է հոգեբաններին դիմող քաղաքացիների թիվը։

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է օգնել այդպիսի հոգեվիճակում հայտնված մարդկանց, մեզ հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է․

«Պատերազմներն անհատ մարդու և մարդկային ողջ խմբերի հոգեկան կյանքում ծանրագույն ապրումներ առաջացնող  սթրեսորներ են։  Ծանրագույն՝ քանի որ իրենց մեջ պարունակում են միաժամանակ մի քանի ցնցող ազդեցություն։ Նախ, պատերազմը խախտում է մարդկանց կյանքի բնականոն, կայուն ընթացքը, մարդիկ դեմ հանդիման կանգնում են մահվան, հարազատ ու սիրելի մարդկանց կորստյան, համատարած ավերումի մղձավանջային սպառնալիքի տակ»։ 

Ըստ Նալչաջյանի, հոգեբանական կենսատարածքի այս կտրուկ փոփոխությունը, զոհերի, վիրավորների առկայությունը կտրուկ փոփոխություններ է մտցնում նրանց մտավոր և հուզական աշխարհում, վարքում։ 
«Այս ամենը հաղթահարելու համար մարդուց պահանջվում են մեծ ճիգեր, հոգեկանի ինքնապաշտպանական մեխանիզմների ակտիվացում /նաև՝ ենթագիտակցական մակարդակում/։ Ցավոք, միշտ չէ, որ մարդը կարողանում է ինքնուրույնաբար, առանց մասնագիտական հոգեբանական միջամտության դուրս գալ պատերազմի թողած ծանր հոգեբանական վիճակից։ Ավելին, հոգեկան վնասվածքը կարող է շատ խորը լինել և դառնալ հոգեկանի ախտաբանական դրսևորումների պատճառ»,- նշում է հոգեբանը։ 

Նրա խոսքով, այս դեպքում արդեն մասնագիտական միջամտության անհրաժեշտություն է առաջանում։ 
Մեր այն հարցին, թե նման հոգեվիճակի պայմաններում կա՞ն ներազգային յուրահատուկ մեթոներ, հոգեբանն ընդգծում է․  
«Ժամանակակից հոգեբանության մեջ մշակված են մի շարք հոգեթերապևտիկ մեթոդներ, որոնք միտված են աղետի պայմաններում և աղետի հետևանքով առաջացած ծանր հոգեվիճակներից մարդուն ձերբազատելուն։ Ընդ որում, այս մեթոդները յուրահատուկ են և կիրառելի են հենց աղետալի իրադարձությունների մասնակիցը, վկան և/կամ դրանց հետևանքները կրող անձանց հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»։

Կարինե Նալչաջյանի պնդմամբ, այս մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր է դառնում պատերազմական աղետի հետևանքով թուլացած հոգեկան աշխարհը բերել հավասարակշիռ վիճակի՝ հոգեպես ուժեղացնելով մարդուն։ Ընդ որոում, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, պատերազմում հաղթանակած կողմը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ավելի արագ է ապաքինվում, քան՝ պարտվող կողմը։    

 
Արա Ալոյան
«news.5tv.am»