Լրահոս
Հասարակական
09:36
15.03.22
131

Որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է այդ հարցերի պատասխանը հրապարակային, որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, երբ միանձնյա որոշմամբ կառավարության ղեկավարը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին՝ խաղաղ պայմաններում հանձնելով Քարվաճառը, Սյունիքից որոշ հատվածներ և այլն:

«Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ.

1.Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախո՞վ, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով,

2.Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը,

3.Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում՝ Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում

4.Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,

5.Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը,

6.Արդյոք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։

Հ.Գ. Հարցերը նաև գրավոր ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին»։