Լրահոս
2022-04-02
-
ՀասարակականՓաշինյանի հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են․ անվտանգային փորձագետԻ՞նչ է կատարվում Արցախում, հատկապես` Քարագլխի հատվածում։ Մենք զրուցել ենք «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ, անվտանգային փորձագետ Արմեն Խաչիկյանի հետ, ով մեկ շաբաթ Արցախում էր։ - Խնդրում եմ ներկայացնել իրավիճակն Արցախում` ի՞նչ է կատարվում Քարագլխում։ - Տեղի է ունենում հետեւյալը․ հայելային դուրս գալու պայմանավորվածությամբ՝ հայկական հինգ դիրքերը դուրս են բերվել, մինչդեռ Ադրբեջանի հինգ դիրքերը դուրս չեն բերվել, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների տեղաբաշխումը Փառուխում: Մինչդեռ այդ դիրքերում էլ ռուսական ստորաբաժանումները չեն տեղաբաշխվել, որովհետեւ առհասարակ ռուսական խաղաղապահների առաքելությունը չէ դիրք զբաղեցնելը եւ դիրք պահելը։ Նրանց առաքելությունն է՝ բնակիչների եւ ընդհանուր միջավայրի անվտանգությունն ապահովելը։ Դրան ի պատասխան, երբ որ մենք հայելային դիրքերը դուրս ենք բերել եւ նույնիսկ դուրս ենք բերել նաեւ այդ դիրքերին աջակցող ստորաբաժանումները, դրան ի պատասխան՝ ադրբեջանցիները Փառուխի կողքով կամ որոշ դեպքերում` միջով, կածաններով բարձրացել են սարը եւ վերցրել Քարագլուխ բարձունքի Փառուխի հատվածը ու այնտեղ սկսել են ամրանալ։ Դրան ի պատասխան՝ արդեն հայկական ստորաբաժանումները Խնապատի եւ Խրամորթի ուղղությամբ առաջ են շարժվել, հանդիպել են հակազդեցության ադրբեջանական կողմից, եւ այստեղ ունեցել ենք մեքենաների խոցում եւ զոհեր։ Ի վերջո, մենք լուրջ ռեսուրսներ ենք դրել հիմա, որպեսզի կանխենք նշածս Խրամորթ եւ Խնապատ ուղղություններով հակառակորդի հավելյալ առաջխաղացումը։ Այս պարագայում, իմ նշած փոքր ստորաբաժանումները կարելի էր պահել եւ աջակցող ստորաբաժանումները եւս հայելային դուրսբերման ժամանակ չհանել, եւ այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ հիմա մենք տասնապատիկ ավելի մեծ ռեսուրս ենք դնում, որպեսզի կարողանանք ապահովենք հավելյալ առաջխաղացումը։ Հիմա՝ այս պահին հակառակորդը գտնվում է Քարագլուխ բարձունքի Փառուխ ուղղությամբ բավականին զգալի հատվածում` մոտ 1000 հա եւ ավելի, եւ այնտեղ օրեցօր ամրանում է, իսկ մատակարարումը եւ տեղաշարժն իրականացվում են Փառուխի կողքից` կածաններով։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն ապահովում է Փառուխ գյուղի անվտանգությունը, բայց ամբողջապես չի կարող ապահովել բոլոր կածանները եւ Քարագլխի հատվածն ամբողջությամբ։ Այս պարագայում արդեն ադրբեջանցիները շատ հանգիստ ձեւով տեղակայվել են, արդեն մեծաքանակ ստորաբաժանումներ ունեն, վրաններ են խփել, այլ անվտանգային միջոցառումներ են արել, որի արդյունքում շատ լավ ձեւով ամրացել են բարձունքում եւ վերահսկում են բարձունքի զգալի հատվածը։ - Ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։ - Շատ կարեւոր գործոն կա հաղորդակցային եւ հասարակայնության հետ կապերի մեջ՝ կոնկրետ բովանդակություն կիսելու հարցում, իրենք չեն հերքում ո՛չ ռազմավարական նշանակության հարցը, ո՛չ հերքում են, թե արդյոք շատ փո՞քր է մնացել, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենա նշված գյուղերին, թե՞ ոչ։ Ուղղակի չեն ասում, որ նման ռիսկ կա։ Ես ասում եմ, որ ռիսկ կա՝ ուղիղ խոցելիության տակ է։ Շատ մոտեցել են Խրամորթ գյուղին ու նաեւ մեծ հնարավորություն ունեն տեսանելիություն ապահովելու նաեւ Խնապատ գյուղի ուղղությամբ, միեւնույն ժամանակ շատ ավելի մոտ է, եւ ռիսկ կա, որ Խաչենի կամրջին հասանելիություն ունենան եւ դրանով Արցախը կիսեն երկու մասի։ Այսինքն՝ ադրբեջանցիները կարող են այդ կամուրջը վերահսկել կամ խոցել պարբերաբար՝ դրանով վտանգ ստեղծելով, ու արդյունքում Մարտակերտ գնացող ճանապարհն ուղղակի կաթվածահար է լինելու։ Այս ռիսկերն են, որ այս պահին ակնհայտորեն, անզեն աչքով տեսանելի են, իսկ այն, ինչ որ կա եւ ներկայացվում է, ըստ էության, պաշտոնական հաղորդագրությունը չի հերքում, ուղղակի չի մանրամասնում։ Չպետք է հուսալքվել ստեղծված իրավիճակից, այլ, անկախ ամեն ինչից, Արցախը մերն է, բոլորինս է, մեր հայրենիքն է, պետք է լինենք յուրաքանչյուր արցախցու կողքին։ Չեք պատկերացնի, թե այդ մարդիկ ինչքան են ուրախանում, որ տեսնում են՝ Երեւանից ինչ-որ մեկը գնացել է Արցախ։ - Ստատուս եք գրել, որտեղ ԶԼՄ-ներին եւ որոշ գործիչների մեղադրել եք, որ տեղեկատվությունը ներկայացնում են մանիպուլյատիվ կոնտեքստում։ - Բնականաբար, բոլոր լրատվամիջոցները պարտավորություն չունեն լինելու տեղում եւ ամբողջական ինֆորմացիա տան, ուղղակի այստեղ մասնակի ճշմարտության գործոն կա, որն էականորեն մանիպուլյացիայի է ենթարկվում։ Այսինքն, օրինակ, երբ խոսք է գնում, որ Փառուխը ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է գտնվում, այդ ժամանակ մարդիկ ասում են՝ վերջ, Փառուխը մեր ազդեցության տակ է, բայց չեն ասում, որ Քարագլուխը դեռեւս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ հանրային ընկալման մեջ ոչ ոք չգիտի ո՛չ Փառուխի տեղը, ո՛չ էլ Քարագլխի, նույնիսկ Խրամորթի եւ Խնապատի։ Եվ այդ պայմաններում, երբ ոչ թե ամբողջական ինֆորմացիան է ներկայացվում՝ իր բոլոր շեշտադրումներով, այլ՝ մասնակի, այն ավելորդ հանգստություն է ձեւավորում։ Դրա համար եմ ասում, որ ինֆորմացիան ստուգելու եւ ինֆորմացիան ամբողջական ու ոչ մասնակի ներկայացնելու հարց է։ Ես ոչ թե մեղադրում եմ լրատվամիջոցներին, այլ ասում եմ, որ պետք է լրատվամիջոցն ամբողջական ինֆորմացիան ներկայացնի, մանիպուլյացիաներով չզբաղվի՝ հատկապես որ, օրինակ, Քարագլուխը՝ ինքը մի կետ չէ, այլ մի մեծ հատված է։ Քարագլխի՝ Փառուխի հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է, Քարագլխի՝ զուտ Խրամորթի եւ Խնապատի հատվածը՝ հենց անմիջապես իրենց գլխին՝ հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ։Ավելին12:2302.04.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրինՀայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:Ավելին12:1102.04.22 -
ՀասարակականԻնչո՞ւ են զոհվածների հարազատները հրաժարվում հուղարկավորել ԴՆԹ-ով նույնականացված մասունքներըՏիկին Գոհարը 44–օրյա պատերազմում անհետ կորած այն զինծառայողների մայրերից է, որը չի հավատում Հայաստանում եւ Հոլանդիայում արված ԴՆԹ փորձաքննությունների արդյունքին, որոնցով հաստատվել է զոհվածի աճյունի եւ իր միջեւ արյունակցական կապը։ Առողջապահության նախարությունը պնդում է, որ գտնված մասունքները նրա որդունն են, տիկին Գոհարը չի վստահում դատագենետիկական փորձաքննության արդյունքներին։ ԴՆԹ–ն նույնականացվել է նախ Հայաստանում, երբ անալիզ են հանձնել ինքն ու ավագ որդին։ Հետո որդին մորից գաղտնի որոշել է հետազոտություն անել Ռուսաստանում։ Արդյունքը բացասական է եղել, ուղարկել է նաեւ մոր արյան նմուշը, կրկին նույնականացում չի եղել։ Նախարարությունը դրանից հետո մասունքներն ուղարկել է Նիդերլանդներ, որտեղ ԴՆԹ հետազոտությամբ դրանք նույնականացվել են։ «Էստեղ չեկան համաձայնության։ Բա մենք պետք է Հոլանդիա ուղարկենք, երկու ամիս սպասեցինք մինչեւ ուղարկեցին, մի ամիս էլ սպասեցինք մինչեւ էնտեղից եկավ պատասխանը։ Հետո էլ մոտենում եմ պարոն Բիշարյանին (Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն,–հեղ.), ասում եմ՝ ի՞նչ եղավ Հոլանդիայի պատասխանը, պարոն Բիշարյանն ասում է՝ գնացեք Քննչական, ձերը համընկել է, ես գնացի, ասում եմ՝ փաստաթղթերը ցույց տվեք ինձ, A4 ֆորմատի թղթերը թափահարում է, որ էդ 90–ի հասնող ԴՆԹ անալիզները հաստատվել է Հոլանդիայում։ Ասում եմ՝ էդ 90 անալիզից քանի՞սն է հերքվել, ասում է՝ ոչ մեկը, ասացի՝ կամ դուք չեք ուղարկել, կամ էլ բերել եք՝ կեղծել, մի կեղտոտ բան արել եք։ Քննչականի ներկայացուցչին եմ հարցնում, ասում եմ՝ էս Հոլանդիայի պատասխանն ի՞նչ էր, ասում է՝ տիկին, կասեք՝ ինչո՞ւ չեք համաձայնվում տվյալ մարմինը վերցնեք, տանեք հուղարկավորության, ասացի՝ դրանից առաջ ինչո՞ւ չհամաձայնեցիք Ռուսաստանում արված ԴՆԹ անալիզի հետ, ասում է՝ թերի է, դե եթե թերի է, գրավոր գրի տուր, մեկ ամիս է անցել, ինքն իր ասած խոսքը գրավոր ինձ չի տվել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը բացառում է, որ Հայաստանում եւ Հոլանդիայում արված ԴՆԹ հետազոտությունների արդյունքները սխալ լինեն։ Այն, ըստ Մարինե Բաղդասարյանի՝ ոսկրային հյուսվածքի հետ աշխատող ամենաճանաչված կենտրոնն է աշխարհում։ «Մենք մի նմուշի հետ մի անգամ չենք աշխատում, այլ մի քանի անգամ, եթե կասկած ենք ունենում, ասում ենք՝ մեզ նորից բերեք ոսկրային հյուսվածքի նմուշ, ու նորից էդ գործընթացը գնում է, նոր մենք տալիս ենք պատասխան։ Դրսում տանում են ընդամենը մեկ կտոր ոսկրային հյուսվածք ու դրսի փորձագետի հնարավորությունները էդ տեսակետից սահմանափակ է, նա չի կարող պահանջել ավելի լավ տեղից նմուշ, չէ որ ոսկրային հյուսվածքի վրա տարբեր հատվածներում տարբեր ԴՆԹ–ի կոնցենտրացիաներ գոյություն ունեն։ Դրսի փորձագետը չունի այն հնարավորությունը, որն ունենք մենք»,– ասում է Մարինե Բաղդասարյանը։ 24–ամյա Արայիկ Բաղդասարյանը սեպտեմբերի 28–ին կամավոր էր գնացել Արցախ։ Տիկին Գոհարը պատմում է՝ նախ Ջրականում է եղել, հետո տեղափոխվել է Հորադիզ, թեժ մարտերի մասնակցել, ապա նահանջի հրաման ստացել, բայց մի քանի այլ զինծառայողների հետ շարունակել են առաջ գնալ։ Որդու՝ Արայիկի զոհվելու փաստին տիկին Գոհարը կհավատա, երբ իր խոսքով՝ իրական ապացույց ներկայացվի։ «Իրենք թող ինձ գրավոր պատասխան տան, որ ռուսական «Գենոմետի» տված պատասխանը թերի է, «Գենոմետը» շատ ուժեղ կենտրոն է, որ ես էլ գնամ ասեմ՝ էսինչ թերի պատասխան եք տվել, ես մի տարի է՝ տանջամահ եմ լինում, 5 րոպե երազանքով ապրում եմ, որ գուցե տղաս ողջ է, 5 րոպե հետո հույսս կորցնում»,– ասում է Գոհար Դավթյանը։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» վերլուծիչները պատերազմից շուրջ մեկուկես տարի անց էլ չեն դադարում աշխատել։ Այս ապարատներն ամեն օր վերլուծում ու գենետիկական բնութագրեր են տալիս դեռեւս չնույնականացված մասունքներին։ «Մեզ համար դեռ պատերազմը չի ավարտվել՝ նույնականացման տեսանկյունից։ Մենք դեռ աշխատում ենք, պայքարում ենք»,– նշում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։ Նույնականացում արվում է այն դեպքում, երբ ԴՆԹ–ն ունի լիարժեք գենետիկական բնութագիր։ Աշխատանքն ընթանում է երկու փուլով. մասունքի ոսկրային հյուսվածքից անջատվում է ԴՆԹ–ն, ծնողներն էլ արյան նմուշ են հանձնում։ Մասնագետի խոսքով՝ առավել ճշգրիտ է զոհվածի ծնողի կամ զավակի հանձնած նմուշը։ «Ընդհանրապես պատերազմական դեպքերում, եթե զոհվածն ունի հայր ու մայր, քրոջ ու եղբոր կարիքը չի լինում, եղբոր կարիք կարող է լինել այն դեպքում, երբ որ չկա հայր, իսկ մեզ պետք է ունենալ հայրական գծով ինֆորմացիա։ Ցավոք, մեր ծնողները գերադասում են գալ ամբողջ ընտանիքով, չես հասկանում՝ ինչու են գալիս, բայց եթե գալիս են, ուզում են տվյալ նույնականացումը, մենք անում ենք»,– ասում է Մարինե Բաղդասարյանը։ Ծնողների մի մասը չի հավատում ԴՆԹ հետազոտության արդյունքներին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես չեն ուզում մասնակցել այդ հետազոտությանը։ «Ինչքանով որ ես գիտեմ, կան ծնողներ, որոնք համարում են, որ իրենց երեխան գերի է եւ արյան նմուշներ չեն հանձնել, բայց չի բացառվում, որ էդ ծնողների մեջ լինեն ծնողներ եւ մենք ունենք անհայտ երեխաներ եւ եթե այդ ծնողները անալիզ հանձնեն, հնարավոր է լինի նոր նույնականացում»,– ընդգծում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչը։ Քննչական կոմիտեի տվյալով, 44–օրյա պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 3822 է, նրանցից 1431–ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննությունների արդյունքով։ 2021թ.–ի օգոստոսին 53 բարդ փորձանմուշ է լրացուցիչ հետազոտության ուղարկվել Հոլանդիա։ Եւս 47 փորձանմուշ ուղարկվել է նոյեմբերին։ Բոլոր 100 փորձանմուշները, ըստ Քննչական կոմիտեի, նույնականացվել են։ Զոհված 3822 անձանցից շուրջ 100–ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով նույնականացված մարմինները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ հայտնել էր, որ կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնիսկ երեք անգամ են նույնականացվել, բայց հարազատները պատրաստ չեն վերցնել աճյունները եւ հուղարկավորել։ «Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ հուղարկավորելու որոշում կայացնելու, բայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական գերեզմաններում, ոչ թե եղբայրական գերեզմանում»,– ասել էր Առողջապահության նախարարը։ Թե որքան պետք է սպասի Կառավարությունը, մինչեւ մասունքները առանց ծնողների համաձայնության հողին հանձնելու որոշում կայացնելը, ժամկետներ չեն նշվում, Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կառավարությունը պատրաստ է սպասել այնքան ժամանակ, մինչեւ ծնողները որոշում կայացնեն։ Հոգեբան Արմեն Բեջանյանն ասում է՝ շատ ծնողներ հրաժարվում են հավատալ ԴՆԹ անալիզի արդյունքներին, որովհետեւ չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց որդին զոհվել է։ Ըստ նրա՝ ցավ պատճառող տրավման անձը ենթագիտակցական մակարդակով ժխտում է։ «Մարդն անցնում է 4 հոգեբանական փուլով, առաջինը շոկային վիճակն է, հետո իրավիճակի ժխտումը, մեղադրումը՝ ինչպես սեփական անձի, այնպես էլ միջավայրի նկատմամբ, եւ վերջինը փաստի ընդունումն է։ Հնարավոր է տարիներ անցնեն եւ մարդը չընդունի փաստը, քանի դեռ մարդը փաստը չի ընդունում, ապաքինում տեղի չի ունենում եւ այստեղ 44–օրյա պատերազմն ունեցավ իր վտանգավոր հետեւանքները, որովհետեւ մենք շատ գերիներ ունեցանք, իսկ մարդու մոտ ամենավերջինը մեռնում է հույսը, տվյալ պարագայում դեռ հույսով են ապրում, որ գերիների մեջ կլինի իրենց հարազատը, իսկ ԴՆԹ–ն սխալ է արված։ Բավականին շատ են արվել ԴՆԹ անալիզները, որոնք նաեւ դրսում են նույնականցվել, ծնողը չի ուզում հավատալ այդ փաստին, բայց ինչքան շուտ հավատա, այնքան շուտ վերականգնողական պրոցեսները կգնան, բայց սա ընդամենը հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է»,– ասում է «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը։ «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնը այն 8 կենտրոններից մեկն է, որը Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, ամիսներ շարունակ աշխատել է 44–օրյա պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորների կամ էլ անհայտ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ։ Միայն այս կենտրոնը ունեցել է 500 այդպիսի շահառու։ Ըստ Արմեն Բեջանյանի՝ մեծամասամբ նրանց հետ աշխատանքը դրական ազդեցություն է ունեցել, սակայն կան դեպքեր, երբ ծնողը որդու մասունքները հողին հանձնելուց հետո անգամ չի հավատում նրա կորստին։ «Օրեր առաջ ԴՆԹ–ով նույնականացված աճյունը ծնողը հուղարկավորել էր։ Ասում էր՝ հերոս է, ես հուղարկավորել եմ, գերեզմանին պիտի նայեմ, բայց միեւնույն է՝ սա իմ երեխան չէ։ Ծնողի մոտ բավականին հաճախակի սրացումներ են լինում, այստեղ շատ երկարատեւ հոգեբանական աշխատանք է պահանջվում, քանի դեռ մենք ունենք գերիներ եւ մինչեւ վերջին մարդը չի վերադարձել, էս խնդիրը դեռ շատ երկար է լինելու»,– ասում է Արմեն Բեջանյանը; Պաշտոնական տվյալով դեռեւս անհայտ է 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ամսական 300.000-ական դրամ աջակցություն են ստանում։ Կառավարությունը մարտի 17–ի նիստում, չզեկուցվող նախագծերից մեկով 3 ամսով երկարացրեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը: Փետրվարի 25–ի դրությամբ, 127 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել պաշտպանության նախարարություն, որից 114–ը դրամական աջակցության համար ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։ Զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները պատերազմից շուրջ մեկուկես տարի անց էլ շարունակվում են։ Մինչեւ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից որոնումների արդյունքում դուրս է բերվել եւ հայկական կողմին հանձնվել 1711 աճյուն։ Վերջին անգամ որոնումներ արվել են 3 շաբաթ առաջ՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, սակայն, դրանք արդյունք չեն տվել: Եղանակային պայմանների եւ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ որոնողական աշխատանքներն այժմ դադարեցված են։Ավելին12:0402.04.22 -
ՔաղաքականՏեղական ինքնակառավարումը ՔՊ-ական սարդոստայնում․ «aliqmedia.am»Անցած շաբաթավերջին եւ այս շաբաթվա սկզբին տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող իրադարձություններ տեղի ունեցան, որ միջազգային բուռն անցուդարձի, Հայաստանի եւ Արցախի սահմանների իրավիճակի լարվածության ֆոնին պատշաճ ուշադրության չարժանացան։ Մինչդեռ դրանք Հայաստանի ներկա «հեղափոխական» իշխանությունների՝ ամեն ինչ իրենցով անելու եւ իրական ժողովրդավարությունից նահանջի հերթական ազդակներն էին։ Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ փաշինյանական իշխանությունը ձգտում է տեղական ինքնակառավարման ողջ համակարգը իր եւ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անմիջական ուղղահայաց ենթակայության տակ բերել եւ դրա համար կանգ չի առնում ոչ մի միջոցի առջեւ։ Առաջին իրադարձությունն, իհարկե, մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններն էին։ Սա շատ հետաքրքիր նախապատմություն ունի։ Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին ՔՊ-ն այս համայնքի ընտրություններում պարտվել էր։ Ամենից շատ ձայն ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ընդամենը 38,21%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,39%: Սակայն ինչ-ինչ խաղերի հետեւանքով որևէ կոալիցիա կազմել չստացվեց, նշանակվեցին նոր ընտրություններ: Բայց համայնքը հո անտեր չպիտի՞ մնար։ Եվ Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակեց … ընտրություններում պարտված ուժի, այսինքն՝ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանին։ Իհարկե, միայն ու միայն համայնքի շահերից ելնելով։ Ուրիշ բան չկարծեք։ Էդ մենակ «ժողովրդավարության բարձրագույն լիգա» մտած Հայաստանի չուզողներն են աղաղակում, թե դա արվել էր վարչական լծակներն օգտագործելու եւ արտահերթ ընտրություններում հաղթելու համար։ Չկա՛ այդպիսի բան. մեծ առաջնորդ Փաշինյանը այդպիսի բան թույլ չի տա… Հավատացի՞ք։ Ծիծաղեցի՞ք։ Բայց ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվում նախկինում մարզպետ, ապա պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ աշխատած եւ ոչնչով (բացի կոկորդիլոսաբուծության մասին խոսելուց) աչքի չընկած մեկը՝ «ով ուզում է լինի՝ մերոնցից լինի» սկզբունքով։ Ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ պաշտպանության նախարարը, Հայաստանի ու Արցախի սահմանների այս լարված պահերին ժամանակ է հատկացնում մի համայնքի ընտրություններում իր կուսակցության թեկնածուի համար քարոզչություն անելու, իսկ մի այլ կարկառուն ՔՊ-ական (Արփի Դավոյանը) դա արտառոց չի համարում՝ ըստ էության արտահայտելով իրենց կուսակցության վերաբերմունքը սահմաններին եւ մի համայնքի ընտրություններին։ Ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ Վեդու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշմամբ համայնքային բյուջեից բնակիչներին դրամական օգնություն է տրամադրվում, բայց նույն իշխող ուժի ներկայացուցիչ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դա վարչական ռեսուրսի չարաշահում չի համարում։ Իսկ հիմա՝ ուշադրություն. Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախընտրական շրջանում բնակչությանն օգնություն բաժանելու մեղադրանքով (դրան կցվել էին այլ մեղադրանքներ եւս) ամիսներ շարունակ կալանավորված էր։ Առուշանյանի արածը, ըստ իրավապահների, ընտրակաշառք էր, իսկ Գարիկ Սարգսյանի արածը՝ ոչ։ ՏԻՄ-երին առնչվող երկրորդ դրվագը հենց Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին է վերաբերում։ Մարտի 28-ին դատարանը հրապարակեց նրա գործով վճիռը։ Եվ այստեղ է, որ փաշինյանական իշխանությունն իր պատկերացմամբ «ձիով քայլ» արեց. դատարանը մի քանի դրվագով արդարացրեց, մի քանի դրվագով դատապարտեց, բայց ի վերջո Առուշանյանին դատարանի դահլիճից ազատ արձակեց, սակայն… արգելեց հինգ տարի ժամկետով տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Իրոք, «սողոմոնյան վճիռ» է. «ո՛չ շիշը կվառվի, ո՛չ քյաբաբը»։ Փաշինյանն ու նրա ձեռնասուն կամակատարները հասկացան, որ այստեղ չեն կարող գնալ Վեդիի ճանապարհով։ Այսինքն, եթե անգամ խժդժություններ հրահրեն, արտահերթ ընտրություններ նշանակեն, մինչ այդ էլ որեւէ ՔՊ-ականի համայնքի ղեկավարի ԺՊ կարգեն, մեկ է, պարտվելու են։ Եվ ահա՝ ընտրեցին անցանկալի համայնքապետից ազատվելու այդ ձեւը՝ նրան հինգ տարով զրկելով համայնք ղեկավարելու իրավունքից։ Այսուհանդերձ, քանի դեռ վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, Առուշանյանը, իբրեւ համայնքի ընտրված ղեկավար, դեռ կպաշտոնավարի, իսկ նրա փաստաբանական թիմը բողոքարկումներով այդ ժամկետը հնարավորինս կերկարաձգի։ Թեպետ ներկա «աննախադեպ» ինքնասիրահարված իշխանությունը ոչ մի խորհուրդ չի լսում, այսուհանդերձ, տամ իմ խորհուրդը. Հարգելիներս, տարրական արժանապատվություն ունեցեք՝ ընդունելու ձեր պարտությունները ՏԻՄ-երի ընտրություններում, եւ մարզերն ու համայնքները զարգացնելու նպատակով համագործակցեք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ղեկավարների հետ, ինչ ուժ էլ որ նրանք ներկայացնեն։ Եթե, իհարկե, ձեր նպատակը երկիրը զարգացնելն է եւ ոչ թե ամենուր սեփական անկարող կադրերով կուսակցական դիկտատուրա հաստատելը։ Հ. Գ. Իսկ Գարիկ Սարգսյանը շուքով նշել է իր «հաղթանակը»։ Ռեստորանում։ Թեպետ մինչ այդ հայտարարել էր, թե «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…»։ Փաստորեն հաղթել է վեդեցին, հաղթել է իմաստուն ժողովուրդը, բայց հաղթանակի քեֆում տժժում են կողմնակիցներով։ Շատ ժողովրդավար է։ Իսկական «բարձագույն լիգայի» ժողովրդավար ղեկավար։Ավելին11:5902.04.22 -
Հասարակական«Հրապարակ». Բաղձալի հանդիպումը կայացավ. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «կոտրվել է»«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 24-ին պետք է կայանար ԵՊՀ գիտխորհրդի անդամների հանդիպումը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Բայց հանդիպման օրը խորհրդի անդամներն էլփոստին նամակ էին ստացել, որ այն չեղարկվում է: Բանն այն է, որ Վահրամ Դումանյանը զայրացել էր, որ առանց իր գիտության նման հանդիպում է նախատեսվել, եւ որոշել էր պատժել ԵՊՀ ռեկտորին, որի հետ լարված հարաբերություններ ունի․ Նիկոլ Փաշինյանի միջոցով չեղարկվել էր հանդիպումը: Հետո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «կոտրվել է» եւ խնդրել նախարարին, որ հանդիպումը կայանա, վերջինս մեծահոգաբար համաձայնել է: Երեկ այդ բաղձալի հանդիպումը կայացավ»:Ավելին11:5702.04.22 -
ՄիջազգայինԱշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը. ԱԳՆԱպրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:Ավելին11:5602.04.22 -
ԻրավականՈվքեր ցուցմունք են տվել և պատմել, թե ինչպես է կատարվել ամեն ինչ, ազատ են արձակվել․ ուշագրավ իրավիճակ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ կալանավորված նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ ԱԻՆ այլ պաշոնյաների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ, ըստ էության, նախաքաննական մարմինը քրեական գործով անցնող կաշառք տվող անձանց առաջարկ է արել: Մասնավորապես՝ ասել է՝ նրանք, ովքեր ցուցմունք կտան եւ կպատմեն, թե ում եւ ինչ հանգամանքներում են կաշառք տվել, ապա երկրից չհեռանալու մասին ստորագրության հիմքով ազատ կարձակվեն, իսկ ովքեր չեն պատմի եւ ցուցմունք չեն տա, թե ԱԻն որ պաշտոնյային են տվել կաշառք, ապա կկալանավորվեն: Կաշառք տված անձանցից շատերը պատմել են այն, ինչ անցել է իրենց գլխով, եւ այսօր ազատության մեջ են, իսկ կան անձինք, որոնք ցուցմունք չեն տվել, կալանավորված են: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար»:Ավելին11:5102.04.22 -
ՔաղաքականՀրաչյա Սարգսյանի և Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում չեն բացառում, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, հակառակ դեպքում ժամանակից շուտ խաղաքարտերը չէին բացի, ինչպես արեցին օրերս` Վահագն Ալեքսանյանի բերանով հայտարարելով, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի ՔՊ թեկնածուն է եւ առաջիկայում փոխքաղաքապետ է նշանակվելու, ինչպես մենք գրել էինք շաբաթներ առաջ։ Բացի այդ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դե յուրե եւ դե ֆակտո քաղաքապետների` Հրաչ Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում` տարաձայնություններն այնքան շատ են, որ չնայած թաղապետերի թեկնածուները որոշված էին շատ առաջ, սակայն հիմա նոր-նոր են նշանակվում` Ավինյանի ձեռամբ։ Սարգսյանին թվացել էր, թե մեկ տարի կարող է լիարժեք վայելել պաշտոնը, քանի որ քաղաքապետի ընտրվելուց հետո 1 տարի չեն կարող անվստահություն հայտնել, սակայն նրան հասկացրել են, որ «Երեւանի վարչական բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելը 1 օրվա հարց է։ Ժամանակին քննարկում էին Փարաքարը Երեւանին միացնելով Մարությանից ազատվելու, հիմա՝ Ջրվեժը Երեւանին միացնելու խոշորացման նախագծով արտահերթ ընտրություն անելու եւ Հրաչ Սարգսյանից ազատվելու տարբերակը։ Վարչական նոր բաժանման դեպքում համայնքում նոր ընտրություններ են անցկացվում։ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը 2023 թվականին է»:Ավելին11:4902.04.22 -
ՔաղաքականԿարևորը՝ Փաշինյանի անունը «փիառվի». «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Որոշման մեջ նշված է, որ ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Սա, իհարկե, նորություն չէր, հասկանալի է, որ բոլոր այս միջոցառումներն անցկացվում են բյուջեի հաշվին: «Վարչապետի գավաթի» շրջանակներում արդեն երեք նման միջոցառում անցկացվել է: Մասնավորաբար, խճուղային հեծանվավազքի համար տրամադրվել է մոտ 26 մլն դրամ, սեղանի թենիսի համար՝ մոտ 24 մլն դրամ, կրոսավազքի համար՝ մոտ 35 մլն դրամ: Ամենայն հավանականությամբ, այդ սահմաններում կլինի նաև լողի մրցաշարը: Իհարկե, շատ լավ է, որ կառավարությունը ցանկանում է «առողջ ապրելակերպը դարձնել համընդհանուր», ինչպես նշվել էր պաշտոնապես, բայց ստացվում է, որ ներկայիս ծանր վիճակում, երբ բյուջեի ամեն մի լուման մեծ նշանակություն ունի, իշխանությունները տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսում անհասկանալի միջոցառումների համար, միայն թե վարչապետի հերթական «փիառն» ապահովեն: Ճիշտ է, ժամանակին Փաշինյանն ասում էր, թե «վարչապետի գավաթ» են անունը դրել, որ «նաև դրա քաղաքական պատասխանատվությունը մեզ վրա լինի, և այդ ուղերձը լինի բոլոր կազմակերպիչներին, որ ամեն ինչ պետք է կազմակերպվի հնարավոր ամենաբարձր մակարդակով», սակայն հստակ է, որ գործ ունենք պարզ փառասիրության հետ՝ կարևորը պատեհ-անպատեհ՝ վարչապետի անունը «փիառվի»:Ավելին11:4702.04.22 -
ՔաղաքականԱղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատողը՝ աշխատող աղքատ. Թադևոս Ավետիսյան. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումները 5,3 %-ի փոխարեն իջեցրել է 1,6 տոկոսի: Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներին անդրադարձել են նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները: Օրինակ՝ Moody’s-ի կանխատեսումներով, Հայաստանում 2022-ին տնտեսական աճը կնվազի և կկազմի մոտ 1,8 %, իսկ 2023-ին` մոտ 3 %: Այլ են իշխանական շրջանակների կանխատեսումները, որոնք անգամ երկնիշ տնտեսական աճի սպասումներ ունեն: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախ անդրադարձավ ԿԲ-ի ցուցանիշին և միջազգային՝ տնտեսական աճի ավելի ցածր կանխատեսումներին. «Պետք է մի հանգամանք հաշվի առնենք. նվազեցումը շատ ավելի մեծ չի եղել, քանի որ հունվար-փետրվարին տնտեսական ակտիվություն կար: Մարտին ևս կար որոշակի ակտիվություն՝ կապված Ռուսաստանից քաղաքացիների ներհոսքի, նաև տնտեսական շարժի ու ակտիվության հետ: Այս հանգամանքն է, որ, այսպես ասենք, մեզ փրկել է էլ ավելի ցածր տնտեսական կանխատեսվող ակտիվությունից: Թե՛ արտաքին, թե՛ ներքին ռիսկերը, մեծ հաշվով, շարունակում են մնալ: Եթե այսպիսի իրավիճակում դրական իմաստով որևէ հարվածային փոփոխություն, մասնավորապես՝ տնտեսության պետական աջակցության ծրագրեր, պետական կարգավորմամբ հարկային ու բյուջետային փոփոխություններ չլինեն, ապա նվազեցվելու են տնտեսական աճի անգամ եղած չնչին կանխատեսվող ցուցանիշները»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը տնտեսությունն ապախթանում է: «Այս քայլն իրականացվում է պահպանվող, նաև լրացուցիչ գնաճային ֆոնին: Ինչպես գիտենք, ապրիլի 1-ից նաև գազի սակագինն է միջինը մոտ 4,7 դրամով բարձրացել: Այս ֆոնին ԿԲ-ն նորից ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա իրականում հանգեցնելու է տնտեսական ակտիվության ապախթանմանը: Ու եթե հակաճգնաժամային իրական ու համարժեք կանխարգելիչ միջոցառումներ չլինեն ու համալիր կերպով չգործադրվեն, մենք այս տարի ընդհուպ մինչև տնտեսական անկում կարող ենք արձանագրել»,ընդգծեց նա: Ինչ վերաբերում է իշխանության ու իշխանական շրջանակների կանխատեսումներին՝ կապված հատկապես երկնիշ տնտեսական աճի հետ, պատգամավորը հավելեց. «Արդեն պարզ է, որ դա ծեծված սուտ է, հերթական մանիպուլ յացիան: Առհասարակ, այդ մանիպուլ յացիաները մենք տեսել ենք նաև 2020ին, 2021-ին: Խոսքը թե՛ երկնիշ աճերի, թե՛ նաև միլիարդավոր ներդրումների վերաբերյալ տարեսկզբին տրվող խոստումների ու տարին «կատակով» փակելու վարքագծի մասին է: Ցավոք, որևէ դրական արձագանք առնվազն այս պահի դրությամբ չկա: Փոխանակ օրվա իշխանությունը պատրաստվի իրավիճակը փոխելու, որոշակի խթաններ բերելու առկա խոչընդոտների պարագայում, հակառակ դիրքավորմամբ է աչքի ընկնում. մասնավորապես, այս տարի ո՞ւմ ուսից կամ վզից պետք է կախեն իրենց ձախողումները կամ ո՞ւմ պետք է «մեղավորներ» նշանակեն: Այս տարի էլ են հանգիստ, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմով մարդկանց ականջներին «լապշա կկախեն»: Խոսելով տնտեսական աճի սոցիալական ազդեցության մասին՝ Թադևոս Ավետիսյանը մի շարք հանգամանքների մասին մատնանշեց: «Դա պարզելու ամենադյուրին տարբերակը պետական բյուջեի ուսումնասիրությունն է: Սոցիալական աջակցության հիմնական ծախսերը կենսաթոշակներն են, հիմնական կենսաթոշակը, նաև անապահովության նպաստները, ինչու չէ՝ նաև նվազագույն աշխատավարձը: Արդեն իսկ նախատեսված է, որ նշվածները 2022-ին չեն բարձրանալու: Ընդհակառակը, օրինակ՝ զբաղվածության աջակցության ծրագրերը 2022-ին 2021-ի համեմատ 25 տոկոսով կրճատվելու են: Հաշվի առնենք նաև գնաճը: Կենսապահովման ապրանքների մասով գներն էապես բարձր են անգամ միջին աշխատավարձի կանխատեսվող աճից: Այսինքն, ունենք առաջանցիկ գնաճ, սոցիալական պետական աջակցության վճարների զորյական աճ, նվազագույն աշխատավարձի զրոյական աճ, միջին աշխատավարձի 2-3 անգամ պակաս աճ, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն է: Հետևությունը մեկն է՝ 2022-ին մարդիկ ավելի վատ են ապրելու, քան 2021-ին, ինչպես ավելի վատ ապրել են 2021-ին, քան 2020-ին: Այսինքն, անգամ չնչին տնտեսական աճը որևէ կերպ մարդկանց կյանքի որակի բարելավման չի բերելու: Ընդհակառակը, եթե այսպես շարունակվի, ու այս տարի տնտեսական անկում արձանագրենք, ապա էլ ավելի վատ հետևանքներ կունենանք՝ այս անգամ արդեն նաև միջին խավի համար»: Թադևոս Ավետիսյանն ընդգծեց՝ օրինական աշխատող հանդիսացող 600-650 հազար աշխատողներից 300 հազարը մոտ 100ից 110 հազար դրամ անվանական աշխատավարձ է ստանում. «Դա հարկելուց հետո մոտ 80-85 հազար դրամ է դառնում: Մեկ անձի կենսապահովման նվազագույն զամբյուղն այսօր արդեն հատել է 75 հազարի շեմը: Այսինքն, նվազագույն զամբյուղին մոտ կամ դրանից ավելի ցածր աշխատավարձ ստացողները գրեթե աշխատողների կեսն են: Ու այս գնաճի ֆոնին նշված ցուցանիշն առնվազն 10 տոկոսային կետով արդեն աճել է: Այսինքն, նույնիսկ աշխատողներն են աղքատ այսօր: Էլ չասեմ, որ եթե այսպիսի իրավիճակում անապահովության նպաստը չի բարձրացել, ինչ իրավիճակում է նաև այդ խավը: Այսինքն, աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատողը՝ աշխատող աղքատ, կյանքի միջին որակը նվազում է բոլորի համար: Սա, իհարկե, չի վերաբերում իշխանական խմբակին, որովհետև հատուցումներով, բարձր աշխատավարձերով, պարգևատրումներով իրենք իրենց ապահովում են: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «կուշտն ի՞նչ գիտի սովածի հալը»: Անդրադառնալով գնաճը մեղմելու գործառույթը կառավարության կողմից միայն Կենտրոնական բանկի վրա բարդելու գործելաոճին՝ Թադևոս Ավետիսյանը հավելեց. «Նախ՝ փաստենք, որ ԿԲ-ն գնաճի դեմ պայքարի շատ մեծ գործիքներ չունի: Հիմնականում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է: Այսինքն, փողը թանկացնում է, և, բնականաբար, տնտեսական պոտենցիալը նվազում է, իսկ երբ պոտենցիալը նվազում է, մենք մնում ենք փակ ցիկլի մեջ: Սա իր հերթին առաջարկի նվազման ու կրկին գնաճի նոր ալիքի է հանգեցնում: Գումարենք նաև դրսի գնաճային ալիքը, միջազգային շուկայում սննդամթերքի թանկացումները, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների բարձրացումը: Այսինքն, ծախսերը ևս աճում են: Այս ամենը դիտարկելով մեկ հարթության մեջ՝ կարող ենք ասել, որ ամեն ինչ պատրաստ է, որ գնաճի առաջանցիկ նոր գործոններ ի հայտ գան, որին հակադրվելու է ԿԲ-ն: Ի դեպ, ԿԲ-ն այս տարի երկար մանևրելու ժամանակ չունի: 3 տարի չի կարողացել գնաճի մակարդակը վերադարձնել թիրախային ցուցանիշի: Մինչդեռ օրենքով այս տարի պարտավոր է գնաճի ցուցանիշը վերադարձնել ամենաշատը 5,5 տոկոսի, ինչն անելու է տնտեսությունն ապախթանելով, տնտեսությունը մաշեցնելով, նաև նվազեցնելով տնտեսական ներուժը: Ստացվում է՝ տնտեսության ակտիվությունը կորցնելով՝ փորձում են արհեստականորեն գնաճը պահել: Մյուս կողմից՝ եթե գները զսպեն ու չունենանք երկնիշին մոտ գնաճ, այլ ունենանք 5,5 տոկոս, այդպիսով զսպելու են նաև տնտեսական ակտիվությունը: Նշվածի հետևանքը լինելու է այն, որ մարդկանց եկամուտները, շահույթները չեն ավելանալու կամ կրճատվելու են»: Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, տնտեսության կրճատումն իր հերթին գործազրկության է հանգեցնելու. «Մեծ հաշվով, գործ ունենք փակ ցիկլի հետ, սա ճգնաժամի տանող գործընթաց է: Ու այստեղ բեկումը միայն պետության առաջնորդությամբ կարող է լինել՝ իրավիճակից բխող հակաճգնաժամային ծրագրերով: Մենք, սակայն, նման ծրագիր չենք տեսել այս իշխանությունների՝ նաև Covid-ով պայմանավորված 2020-ի ճգնաժամի ժամանակ, իսկ 2021-ին մեր տնտեսությունն այդպես էլ չվերականգնվեց: Արդեն հիմա ռիսկերն ավելանում են: Հակաճգնաժամային ծրագրերի փոխարեն, սակայն, լի ու լի պոպուլիզմ կա»:Ավելին11:4302.04.22 -
ՔաղաքականԹուրքական «խաղեր» ընդդեմ բոլորի. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուկրաինայի հակամարտությունը աշխարհում նոր ու անկայուն աշխարհաքաղաքական միջավայր է ստեղծել։ Եվ պետությունները, ուկրաինական իրադարձությունների հետ կապված որոշակի հեռանկարային հաշվարկներից ելնելով, հատուկ դիրքորոշում են ձևավորում։ Արևմտյան բլոկի մաս կազմող երկրները հիմնականում հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և սատարում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը։ Սակայն որոշ պետություններ էլ, որոնց հետ ՌԴ-ն բավական սերտ կապեր ունի, դեմ են արտահայտվում Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցային քաղաքականությանը։ Իսկ բազմաթիվ երկրներ ուղղակի փորձում են չեզոք կամ հավասարակշռված մոտեցում որդեգրել՝ գտնելով, որ ռազմական գործողություններն ու հակամարտության շարունակական սրացումը սասանում է առկա աշխարհակարգի հիմքերը և բացասական հետևանքներ է ունենում ողջ մարդկության համար։ Այսպիսի դիրքորոշումների պրիզմայի ներքո հատկապես ուշադրության են արժանի Թուրքիայի մոտեցումները։ Անկարան մի կողմից Կիևին ակտիվորեն զինում է ու հայտարարում, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից էլ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին։ Դրանով Անկարան փորձում է ցույց տալ, թե հավասարակշռված մոտեցում ունի և կարող է Կիևի ու Մոսկվայի միջև հանդես գալ որպես միջնորդ. դրա արդյունքն էր նաև այն, որ Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցությունները օրերս իրենց շարունակությունն ունեցան արդեն Թուրքիայում։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ճգնաժամի ու Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների շարունակությունը ձեռնտու է Անկարային, քանի որ դրա արդյունքում Թուրքիան իր ծավալապաշտական նկրտումներն իրականություն դարձնելու հնարավորություն է տեսնում։ Մասնավորապես, թուրքական վերնախավի պանթուրքական ծրագրերի շրջանակներում են տեղավորվում Հարավային Կովկասն ամողջությամբ թուրքական ազդեցության տակ գցելու ծրագրերը։ Պատահական չէ, որ Թուրքիան միշտ փորձել է ակտիվ ներգործություն ունենալ Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ և, ինչու չէ, նաև հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում, սակայն նրան թույլ չի տրվել, իսկ ներկայիս իրավիճակում Թուրքիային, կարծես թե, պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն է ընձեռվել։ Արցախյան պատերազմից հետո Անկարան հայտարարում է, թե հստակորեն տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմաններն այլևս փակ պահելու պատճառ չի տեսնում։ Անգամ վերջերս ՀՀ արտգործնախարարը մեկնեց մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Սակայն միամտություն է կարծել, թե Թուրքիան առանց նախապայմանների գնալու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Եթե 2008 թվականին սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Թուրքիան միջազգային ճնշման տակ էր և ներկայիս նման ամուր դիրքեր չուներ, չգնաց նման քայլի, ինչո՞ւ պետք է այժմ գնա։ Մյուս կողմից էլ՝ պատմությունը ցույց է տվել, որ թուրքական դիվանագիտությանը չպետք է երբեք հավատալ, քանի որ թուրքերին միշտ էլ բնորոշ է եղել ստելը, երկու լարի վրա խաղալը և ուխտադրուժ քաղաքականություն վարելը։ Եվ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պետք է հասկացած լինեին, որ իսկապես «թուրքը մնում է թուրք», երբեք պետք չէ հավատալ նրանց խոսքին ու խաղաղություն մուրալու միջոցով ապավինել նրանց ողորմածությանը։ Տեսեք, ամենաթարմ օրինակը. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մի կողմից դրական է գնահատում Հայաստանի արտգործնախարարի հետ իր հանդիպումները և ձեռք բերված որոշ պայմանավորվածությունները, սակայն մյուս կողմից էլ հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որևէ քայլի չեն գնալու։ Ստացվում է, որ Թուրքիան միայն ու միայն նախապայմանների լեզվով է խոսում, իսկ այդ նախապայմաններն առաջ են քաշվում Ադրբեջանի միջոցով։ Այդ մոտեցման շրջանակներում է, որ Էրդողանը հայտարարում է, թե հայկական զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»: Փաստորեն, Թուրքիան ոչ թե ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, այլ նոր զիջումներ կորզել հայկական կողմից, ինչու չէ՝ նաև Հայաստանն ամբողջությամբ գցել թուրքական ազդեցության տակ։ Եվ պատահական չէ, որ Չավուշօղլուն ընդգծում է, որ Անկարան մտադիր է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ պարզաբանումից պարզ դարձավ, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ իսկապես եռակողմ հանդիպման նման առաջարկ եղել է, սակայն հայկական կողմը չի համաձայնել, ու հիմա էլ հայկական օրակարգում նման հարց չկա։ Ըստ էության, Թուրքիան ակնարկում է Հարավային Կովկասում եղած խնդիրները լուծելու նպատակով եռակողմ ձևաչափով աշխատելու իր դիրքորոշման մասին, որտեղ ինքը թելադրողի դեր կստանձնի։ Իսկ սա ուղիղ ու բաց ակնարկ է իրենց երազանքների մասին՝ տարածաշրջանից դուրս մղել միջնորդ երկրներին և առաջին հերթին Ռուսաստանին։ Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, և դրա կազմակերպման հարցում բնական է, որ Ռուսաստանն էլ իր ներգրավվածությունն ունի, սակայն Բրյուսելում նախատեսվող հանդիպման ֆոնին երեք արտգործնախարարների առանձին հանդիպում կազմակերպելու թուրքական առաջարկը նշանակում է, որ Անկարան տորպեդահարելու է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնցում ինքը միջնորդի դերում հանդես չի եկել։Ավելին11:3902.04.22 -
ՀասարակականՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպքԱպրիլի 2-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք: Կատարվել է 2145 թեստավորում, առողջացել՝ 38 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 522 դեպք, որոնցից 410 080-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 979 431 թեստավորում։Ավելին11:1702.04.22 -
ԱրցախԱդրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը․ Արցախի ԿԳՄՍՆՀայտարարություն ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների 2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին: Բացի ռազմավարական նշանակությունից, տարածքը կարևորվում է նաև իր պատմամշակութային ու բնապատմական միջավայրով: Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի, վերոնշյալ տարածքներում պաշտոնապես գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, այդ թվում՝ 2 եկեղեցի (ներառյալ՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, 13-րդ դար, լուսանկարը կցվում է), հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը: Սակայն հարկ է շեշտել, որ տարածքը բավարար ուսումնասիրված չէ, ինչի օգտին խոսում են նաև 2021 թվականի դեկտեմբերին տարածքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են ևս երեք տասնյակ հուշարձաններ: Ունենալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դառը փորձը, երբ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով կազմակերպում և խրախուսում է մշակութային վանդալիզմը Արցախի բռնազավթված տարածքներում՝ վստահաբար հայտարարում ենք, որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո: Մեր մտահոգությունները առարկայանում են, ս.թ. մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով: Այնինչ իրականությունն այլ է, մասնավորապես՝ 1. Թեև ադրբեջանական կողմը վաղուց դիմում է զեղծարարության և հայկական կողմին մեղադրում Իվանյան գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանության մեջ, սակայն բազմաթիվ անառարկելի ապացույցներ կան, որ Արցախի զինված ուժերը ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը և այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաև Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: 2. Ելնելով մեր ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ միանշանակ է, որ նշված կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են (քարտեզը կցվում է): Հետևաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են: ա) Տեղանքը ճանաչող փորձագետներն ու Փառուխի բնակիչները հստակորեն արձանագրում են, որ տեսանյութը «Կալեն խութ» գերեզմանոցում է նկարահանված: բ) Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք (լուսանկարները կցվում են): գ) Ներկայացվող բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ՝ դարերի, իսկ ադրբեջանական բնակչության քոչվոր նախնիները Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում: 3. Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան այնքան անհիմն ու կեղծ փաստարկ է կիրառում, որ կարելի է նաև արձանագրել, որ Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) գյուղը Փառուխից գտնվում է առնվազն 17 կիլոմետր հեռավորության վրա (քարտեզը կցվում է), և հասկանալի է, որ Իվանյանում տեղի ունեցած ռազմական գործողությունները չէին կարող Փառուխի հետ որևէ առնչություն ունենալ: Նշյալ փաստերն այնքան խոսուն են, որ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ևս մեկ դրվագ, այլև՝ ադրբեջանական կողմի հայատյաց զեղծարարությունը և փորձը խաբելու սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը: Ուստի, հաշվի առնելով նախընթաց տասնամյակներում Ադրբեջանի կողմից համակարգային ու դիտավորյալ կերպով իրականացված հանցագործությունները հայկական ու համաքրիստոնեական հարուստ մշակութային ժառանգության դեմ, որոնք նոր թափ են առել 2020թ. ագրեսիայից սկսած և արձանագրվել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2022թ. մարտի 9-ի բանաձևով՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին անտարբերություն չցուցաբերել ու զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ: Ցավում ենք, որ առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից:Ավելին11:1102.04.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրիՄիացյալ Նահանգները որպես ռազմական աջակցություն Ուկրաինային 300 մլն ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն կտրամադրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: Նա տեղեկացրել է, որ օգնությունը տրամադրվում է՝ ուժեղացնելու Ուկրաինայի ինքնապաշտպանական կարողությունները: Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ն ներկայիս վարչակազմի օրոք ընդհանուր առմամբ Կիևին տրամադրել է ավելի քան 2.3 մլրդ դոլար ռազմական աջակցություն, որից 1.6 մլրդը հատկացվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Պենտագոնի ներկայացուցիչը հստակեցրել է, որ նոր փաթեթում ներառված են հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, անօդաչուների դեմ պայքարի համակարգեր, զրահամեքենաներ, կապի միջոցներ և այլն:Ավելին11:0802.04.22 -
ՀասարակականԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ․ Թագուհի ԹովմասյանԱրցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։ Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով։ ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։ Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»։Ավելին11:0302.04.22 -
ՀասարակականԿրակոց Երևանում․ 1 հոգի հրազենային, 1հոգի դանակահարված տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոնԱպրիլի 1-ին վիճաբանություն-կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարված մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 25-ամյա Համլետ Սարգսյանը, ով եղել է դանակահարված և 26-ամյա Վռամ Պողոսյանը, ով եղել է հրազենային վնասվածքով։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Բաբաջանյան փողոցի 115 շենքի բակային հատվածում, որտեղ էլ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և արնանման հետքեր։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ ոստիկանների և քննիչների ժամանումը, անհայտ անձինք փորձել են դեպքի վայրում հեռացնել հետքերը։Ավելին10:5702.04.22 -
ԱրցախԱպրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար. Դավիթ ԲաբայանԱպրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը: «Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի 6-րդ տարին։ Արցախի պահպանողական կուսակցության անդամներն այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ։ Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։ Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին, Հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։ Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»։Ավելին10:5302.04.22 -
ԱրցախՔարագլուխն ու Խրամորթը պաշտպանող կամավորականները՝ ֆոտոշարքովՔարագլուխն ու Խրամորթը պաշտպանող կամավորականները՝ ֆոտոշարքով․ Լուսանկարները՝ Artsakhpress.am-իԱվելին10:4302.04.22 -
ՀասարակականԱպրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվեց 75 զոհ․ Սենոր ՀասրաթյանՈւղիղ 6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին ադրբեջանական բանակը գործողության մեջ դնելով իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ <<Смерч>>, <>, <<Ураган>>, < > համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, <<ТОС-1А>>(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), < > տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և <<МИ-24G>> հարվածային ուղղաթիռներ, շփման գծի հյուսիսային (Թալիշ) և հարավային (Վարազաթումբ) ուղղություններով անցավ լայնածավալ հարձակման... Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերի կողմից արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակվեց շուրջ 30 հազար արկ... Նման ծավալի ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդին հաջողվեց չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում գրավել 19 մարտական դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված ոչ ավելի, քան 400 հեկտար տարածք... Ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվեց 75 զոհ... Նույն ժամանակահատվածում հակառակորդի զոհերի թիվը, ըստ ապրիլի 5-ին < > վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալի, որը հիմնված էր Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի փակ տեղեկատվության վրա, հասնում էր շուրջ 800 -ի... Պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ՝ Բաքվի խնդրանքով... Ավելին10:3702.04.22