Լրահոս

2022-04-05
  • Img default alt hy
    Հասարակական
    6 տարի առաջ այս օրը Արցախի ՊԲ-ն թշնամուն երկրորդ անգամ պարտադրեց զինադադար․ Սենոր Հասրաթյան
    Մինչ Երևանի Ազատության հրապարակում տեղի էր ունենում բազմահազարանոց հանրավաք, հիշեցի, որ ուղիղ 29 տարի առաջ՝ 1993թ. նույն այս օրը, հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Օմարի ռազմավարական նշանակության բարձունքը և հաղթական ավարտին հասցրին Քարվաճառ-Օմար օպերացիան... Իսկ դրանից ուղիղ 13 տարի անց՝ 2016թ. ապրիլի 5-ին՝ 4-օրյա համառ պաշտպանական մարտերից հետո՝ Արցախի պաշտպանության բանակը թշնամուն երկրորդ անգամ (առաջինը 1994-ի մայիսին էր) պարտադրեց զինադադար... ...Հիշում և մտածում եմ՝ ճակատագիր է, թե՞ չգիտակցված ընտրության արդյունք, որ փոխանակ այսօր հպարտանայինք տարներ առաջ հազարավոր նվիրյալների արյամբ ու հավատով կերտված մեր այդ ձեռքբերումներով, ստիպված ենք նորից ելնել պայքարի, բայց արդեն ոչ միայն արտաքին, այլև մեր հաղթանակները վաճառքի հանած ներքին թշնամու դեմ...
    22:08
    05.04.22
    Ավելին
  • Արցախ
    Ամեն օր 100 ժենգյալով հաց՝ դիրքեր պահող սահմանապահներին
    Նորագյուղցի կանայք ժենգյալով հաց են թխում օկուպացված Փառուխի դիրքերը պահող սահմանապահների համար: Մի բուռ կծմնձուկի, թրթնջուկի, կանաչ սխտորի հետ սեր ու ջերմություն են դնում սահման պահողների հացի մեջ:
    21:43
    05.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Բայդենը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանում. ռուս դիվանագետներն արտաքսվում են Արևմուտքից
    Լրատվամիջոցներում հայտնված կադրերը, որոնցում հարյուրավոր խեղանդամ դիակներ են երևում, բեմականացում է անվանում Կրեմլը, արյունոտ մղձավանջ՝ Արևմուտքը:
    21:35
    05.04.22
    Ավելին
  • Արցախ
    «Հատուկ հանձնարարություն»՝ Ստեփանակերտի շուկայում. Մարուքյանի անսպասելի այցը՝ Արցախ
    Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր Հայլուրի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել իր այցը Արցախ ու Ստեփանակերտի շուկայում տեղի ունեցածը:
    21:18
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռազմիկ Ամյանը մասնակցել է հանրահավաքին
    Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր ուժերի նախաձեռնած մեծ հանրահավաքը: Այստեղ են ոչ միայն հասարակական-քաղաքական գործիչներ, մտահոգ քաղաքացիներ, այլև մշակույթի գործիչներ: Hraparak.am-ը ֆիքսեց, որ այստեղ է նաև սիրված ու ճանաչված երգիչ, արցախցի Ռազմիկ Ամյանը: Նա, սակայն, չցանկացավ այս պահին հարցազրույց տալ, ասաց` հետո: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e439249eb2ced8899a20dfef9f1c77d3?fbclid=IwAR2kLJcz0FqvIyQ73ANYMRJLkBf_Xc9mlnoxO5WVz_n6IHz7QuPrFouCBYY © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    21:01
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ Առուշանյան
    Ես միայն մի բան գիտեմ՝ բոլոր խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այս մասին ասաց Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է պատկերացնում երկրում առկա խնդիրների լուծումը։ Հարցին՝ ինչ սպասելիքներ կան Փաշինյան- Ալիև հանդիպումից, Առուշանյանը նշեց․ «Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։ Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով»,- ասաց Առուշանյանը։
    20:20
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ես նժդեհական եմ, չեմ մասնակցելու հավաքին․ Սոնա Շահգելդյան․ «Hraparak.am»
    Hraparak.am-ը գրում է․ Ընդդիմադիր ուժերի նախաձեռնած այսօրվա հանրահավաքը, որն ինչպես իրենք են նշում, իրականացվում է հանուն Արցախի, տարբեր ոլորտի հայտնի ներկայացուցիչներ հայտնել են, որ այսօր լինելու են Ազատության հրապարակում։ Երգչուհի Սոնա Շահգելդյանն այսօր կայանալիք հանրահավաքի վերաբերյալ մեզ հետ զրույցում նշեց, որ չի մասնակցելու, պատճառաբանելով․ «Ես նժդեհական եմ, ոչ մի կուսակցությունների մեջ ո՛չ եղել եմ, ո՛չ էլ կամ, չեմ մասնակցելու հավաքին»
    20:16
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ ի՞նչ նպատակ է հետապնդում հանրահավաքը
    «Ազատության» հրապարակում հանրահավաքի են դուրս եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Հանրահավաքի մասնակիցների նպատակն է մերժել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը․ «Հանուն Հայաստանի Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին: Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով. -հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով, - բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, - բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը, - քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ, - բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը, - Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում եւ սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց, - չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը, - Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։ Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։ Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։ Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար: Ազատության հրապարակ 05 ապրիլի, 2022 թվական»։
    20:04
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակը չի պարտվել, հայը չի պարտվել, պետությունը պարտվել է քաղաքական տհասներին․ Տիգրան Աբրահամյան
    «Ազատության» հրապարակում հանրահավաքի են դուրս եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ելույթի իր խոսքում շեշտել է, որ ժողովուրդը չի պարտվել, բանակը չի պարտվել, հայը չի պարտվել, պետությունը պարտվել է քաղաքական տհասներին․ «Հարգելի հայրենակիցներ, ադրբեջանական վերջին ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ Արցախում ծանր իրադրություն է ստեղծել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հայելային հետքաշման գաղափարը ոչ այլ ինչ է, քան հայրենիքը սեփական նախաձեռնությամբ հանձնելու քաղաքականություն։ Հիշեք, որ բացի Փառուխ գյուղից, Փաշինյանն առաջարկել է նման քայլի գնալ նաև Սոթք-Խոզնավար հատվածում՝ ասել է թե՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ, նույն գաղափարը նախորդ շաբաթ հնչեց Երասխի մասով։ Ով նման գաղափար է առաջ քաշում նշանակում է, որ կամ չի տիրապետում առաջնագծի, սահմանամերձ բնակավայրերի առանձնահատկություններին կամ նպատակաուղղված գնում են նոր տարածքային զիջումների: Թե ինչ հետևանքներ կունենա այս գաղափարը Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերի ճակատագրի հարցում արդեն պարզ է, իսկ սա նշանակում է, որ հայրենիքի տարբեր հատվածները զիջելու փաշինյանական գաղափարները պետք է արագ կանխել։ Զինված ուժերի արդիականացումը, երկրի պաշտպանողականության բարձրացումն ու անվտանգության նոր համակարգի կառուցումը Հայաստանում այլընտրանք չունի: Մենք շարունակում ենք բարձրաձայնել, գոռալ բանակին ուղղվող գումարների կտրուկ բարձրացման, զինծառայողների, սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարձրացման և ժամանակակից զինտեխնիկայի ու նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության մասին, ինչին ի պատասխան իշխանությունը բարձրացնում է ոստիկանական, դատախազական, քննչական համակարգերին հատկացվող գումարները։ Ինչո՞ւ, որովհետև այս իշխանությունն անհամեմատ ավելի շատ ռեսուրս դնում է իշխանության պահպանման և սեփական կոնֆորտի վրա, քան բանակի, պաշտպանական համակարգի ու մեր քաղաքացիների անվտանգության ապահովման վրա։ Ամեն օր պատերազմից խոսող և վերահաս սպառալիքների մասին խոսող երկրի ղեկավարը 1․5 ամիս է ԳՇ պետ չի նշանակում, ռազմաարդյունաբերությունը գերակայություն հայտարարած երկրում 1․5 տարի է այդ համակարգի ղեկավար չկա, զինված ուժերում կադրային շարժերն իրականացվում են ըստ քաղաքական ճաշակի և կուսակցական տրամաբանությամբ։ Անկախ այն հանգամանքից, թե հանրությանը ինչ կփորձեն համոզել իշխանությունները, խաղաղության կարգախոսի ներքո ինչ նոր անվտանգային սպառնալիքներ կբերեն գլխներիս, որևէ բանակցությունում Հայաստանը չի կարող ամուր դիրքեր ու շահած դուրս գալու հնարավորություններ ունենա, եթե չունի Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված միջավայրին համահունչ անվտանգության համակարգ: Որևէ մեկը մեր կողքին չի կանգնի, որևէ գործընթացում մեր շահերը հաշվի չի առնի, եթե մենք, պարզ ասած, մեզանից որևէ բան չներկայացնենք: Անվտանգության բաղադրիչը հատկապես մեր նման երկրների համար ամուր հիմք ու երաշխիք է ամենաբարդ գործընթացների մեջ մտնելու և հաղթած դուրս գալու համար: Այն, ինչ տեսանք 2018 թվականից հետո, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո պարզ ցույց է տալիս, որ այս իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի պետական ինստիտուտները, համակարգերը հետևողականորեն փլուզվում են: Պետական կառավարման համակարգը և մասնավորապես, անվտանգությունն ապահովող ինստիտուտներն ի վիճակի չեն ապահովելու Հայաստանում և Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը, որովհետև դրանք նպատակաուղղված ոչնչացվել են, որպեսզի մեր հանրությանը մատուցվի, թե գիտե՞ք, բանակ չունենք, ստիպված ինչ դեմ են տալիս ստորագրում ենք: Միայն մարտունակ, ուժեղ, հզոր բանակը կարող է մեր երկրին, քաղաքացիներին խաղաղություն բերել, որովհետև փուչ, ոչինչ չասող, խաղաղաղության կարգախոսները, մեր երկիրն անընդհատ գլորում են փորձությունների հորձանուտ։ Մարտունակ բանակը տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և թշնամիներին զսպման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հակառակորդին ջարդելու գործառույթ ունի, ով սա չի գիտակցում կամ նպատակուղղված խաբում է հասարակությանը կամ երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով։ Որքան անարժանապատիվ իշխանություն պետք է լինես, որ պատերազմից 1,5 տարի անց, ռազմագերիների հարցը մնա չլուծված, իսկ մեր ռազմագերիները դաժան պայմաններում շարունակեն մնալ ադրբեջանական բանտերում: Այս իշխանության համար մարդկային կյանքը արժեք չունի և դա է պատճառը, որ իշխանությունն ամեն ինչ անում է ռազմագերիների հարցը հանրային-քաղաքական օրակարգից դուրս բերելու համար: Դա մենք երբեք թույլ չենք տա: Մեզ ուզում են համոզել, որ մենք պարտվել ենք և որ ոտքի կանգնելու հնարավորություն այլևս չկա և ինչ էլ դեմներս դնեն պետք է ստորագրենք: Մենք հաստատ ավելի վատ վիճակում չենք, քան եղել են ցեղասպանությունից հետո, երբ այդ ծանր օրերին, զրոյից պետություն էինք հիմնում: Վիրավոր համակարգերով, տապալված քաղաքականությամբ և հոգեբանականական ծանր փուլերով հանդերձ, պետականություն դեռ ունենք: Եվ չնայած դրա կորստի հավանականությունն այս իշխանութան ջանքերով խիստ աճել է, սակայն սթափվելու, մեջքներս ուղղելու և առաջ շարժվելու հնարավորություն դեռ ունենք: Արցախի մասին: Մի քանի օր առաջ եմ վերադարձել Արցախից, հանդիպել եմ քաղաքական, հասարակական դեմքերից մինչև զինվորականներ, տարբեր տարիքի և մասնագիտության տեր անձանց: Վաղն էլ եմ մեկնելու: Արցախում առկա մտահոգությունների, խնդիրների և բազմաթիվ չլուծված հարցերի մասին տարբեր առիթներով ես, իմ շատ ընկերներ խոսել ենք ու խոսում ենք, բայց ես ուզում եմ թեմային այլ դիտանկյունից անդրադառնալ: Չնայած Արցախում առկա անորոշություններին, հիասթափություններին միանգամից ասեմ, արցախցու տեսակը կոտրել անհնար է, մի կողմից ցավ, տառապանք ու անհանգստություն վաղվա օրվա նկատմամբ, մյուս կողմից՝ կամք, վճռականություն և հաղթանակին հասնելու անսահման ցանկություն: Արցախում ապրող մեր հայրենակիցներին միայնակ թողնելու իրավունք պարզապես չունենք, նրանք մեզանից շատ բան չեն էլ ակնկալում, իրենք հավերժ պայքարի մեջ են և նրանց ուղղակի պետք է սատարենք, թիկունք լինենք՝ ով ինչով կարող է, մեկը զինվորական ծառայությանը, մյուսը ներդրումներով, երրորդը՝ պարզապես Արցախ այցելելով: Այսօր էլ այստեղ հավաքված մարդիկ ուղերձ են հղում արցախցիներին առ այն, որ դուք մենակ չեք։ Դիմում եմ Քարագլխի տարբեր հատվածներում թշնամու առաջխաղացումը կանգնեցրած զինծառայողներին, Թաղավարդի, Կարմիր շուկայի, Մարտունու, Նորշենի, Խրամորթի, Մարտակերտի, Եղնիկների, հաթերքի, Շուշի ուղղություններով այս պահին էլ առաջնագծում ծառայություն տանող զինվորականներին, պահեստազորայիններին, կամավորներին, տղերք՝ ինչ էլ լինի, ինչ էլ անեք՝ ձեր հետ ենք: Արցախում ապրող հայը պետք է իմանա, որ ինչ էլ լինի մինչև վերջ նրանց կողքին ենք՝ անկախ նրանից, թե իշխանության Նիկոլն է, թե Պողոսը: Ի դեպ, 6 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականին, Ադրբեջանը հրադադար խնդրեց Հայաստանից։ Հայաստանը, Արցախը, հայ մարդն այդ օրը ստիպեցին Ադրբեջանին հետ կանգնել պատերազմական գործողություններից։ Հայ զինվորական, հրամանատարը, պահեստազորայինը, կամավորականը սխրանքի դիմեցին ու հաղթեցին։ Ես դա իմ աչքերով եմ տեսել։ Դրա համար եմ ասում, որ մեր ժողովուրդը չի պարտվել, մեր բանակը չի պարտվել, հայը չի պարտվել։ Մեր պետությունը պարտվել է քաղաքական տհասներին, պետականությունից կիլոմետրներով հեռու գտնվողներին և հողի ու ջրի արժեքը չիմացողներին։ Մեր բանակը դեռ փառահեղ հաղթանակներ է ունենալու և ունենալու է այն ժամանակ, երբ երկիրը տեր ունենա, բանակը իրական հրամանատարներ, իշխանությունը փորձատու, բանիմաց և ազգային դեմքեր։ Ասում են՝ խոսքը ուժ ունի և դրա համար, ևս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել մեր համար համար առանցքային մոտեցումը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեր պայքարը հանուն Հայաստանի է, մեր պայքարը հանուն Արցախի է, մեր պայքարը հանուն աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայի համար է, մեր պայքարը հանուն վաղվա օրվա է»:
    19:59
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային․ Արամ Վարդևանյան
    «Ազատության» հրապարակում հանրահավաքի են դուրս եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Պատգամավոր Արամ Վարդևանյնաը ելույթի իր խոսքում նշել է, որ Այս խաղաղությունն Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված Հանրապետության վերացում․ «Այսօր Հայաստանն ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը։ Սա չափազանցություն չէ։ Մենք կանգնած ենք վերանալու շեմին։ Այդ շեմը որպես ազգ, որպես պետություն վերանալու շեմն է։ Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն։ Բայց ո՞ւմ է խոստանում այդ խաղաղությունը։ Մե՞զ։ Հայ ազգի՞ն։ ՈՉ։ Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային։ Նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված, ուզելով-չուզելով պետք է հաշվի նստեն։ Այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը, երբ Հայաստանը կդառնա այդ երկու երկրների համար ոտքի տակի երկիր։ Այ այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Դա հաստատ։ Այս խաղաղությունն Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված Հանրապետության վերացում։ Այս խաղաղությունը նշանակում է Սյունիքի ուզուրպացիա․ այն կլինի թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան։ Այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Այս խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է Ցեղասպանությունը մարսել։ Մի բան, որի դեմ 100 տարի ամբողջ հայությունը և աշխարհը պայքարել են։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չեն։ Պատմական փաստերի ու օրվա վիճակի մասին են։ Եթե կա Հայ մարդ, որը մտածում է՝ ամենավատն արդեն անցել է, արդեն տեսել ենք, ախր՝ ՈՉ, սարսափելին դեռ չենք տեսել, սարսափելին չի էլ թակում, այլ մաս-մաս ջարդում ու զավթում է մեր դռները, տները։ Սիրելի՛ հայրենակիցներ, ոչ ոք պատերազմ չի ուզում։ Բայց չի կարելի հանձնվել դահճին։ Այո, ո՛չ պատերազմին։ Թող այլևս երբեք պատերազմ չլինի։ Բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ։ Կարելի է պարտվել ու դասեր քաղել, բայց չի կարելի մի ամբողջ ազգի անունից վերածվել մուրացկանի։ Խաղաղություն մուրացողի։ Հայ ազգը նման մանդատ ՈՉ ՄԵԿԻ ՉԻ ՏՎԵԼ։ Մենք չենք առաջարկում այլընտրանք՝ ապրել կամ մեռնել։ Մենք առաջարկում ենք բոլորովին այլ, բացառապես ապրելու ընտրություն՝ ապրել ոչ թե նվաստացած, ինչպես ուզում են իշխանությունները այլ արժանապատվորեն, մեր Հայրենիքին տեր կանգնելով։ Մեզ վախեցնում են դրսից, մեզ վախեցնում, հետապնդում են ներսից, բայց պատմությունը դաժանորեն ապացուցել է՝այն ազգը, որն իր հույսը դնում է երկակի ստանդարտներով միջազգային հանրության վրա, սեփական ուժերով չի դիմադրում, չի պարտադրում, փոխարենը տրվում է վախերին, կորցնում է ու կորչուէ։ Գիտեք՝ կարելի է անվերջ խոսել նախկիններից, 30 տարվա սխալներից, մեղադրել, կալանավորել ու հետապնդել բոլորին, առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Հասկացանք։ Բոլորը Ձեզ համար մեղավոր են։ Արցախը պահողներն ու ազատագրողները մեղավոր են։ Հա, հետո՞։ Հետո՛։ Լուծումը ո՞րն է, ստորանա՞լը, Արցախ չգնա՞լը։ Արցախը հանձնե՞լը։ Բա արցախցիները, որոնք այսօր, բացի ռուս խաղաղապահի աջակցության հույսից, ուրիշ օգնություն չեն տեսնում, որոնք Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի, անվտանգության երաշխավորի երեսը երկու տարի չեն տեսել։ Հետո Սյունիքից պահանջների հերթն է գալու։ Դա է՞լ եք ուզում խաղաղության համար հանձնե՞լ։ Դրանք կանգ չեն առնելու։ Գալու են Երևան՝ մինչև Սարյան ու Կասկադ, Սևանում չեն թողելու՝ ջուրը մտնենք։ Այս ելույթի ողբերգական հատվածն այն է, որ սա ասում եմ ոչ թե վախեցնելու համար, այլ սա է մեր ապագան։ Այս ապագան ԿԱ, ու այս իշխանությունը դա ամեն ձևով ուզում է ապահովել։ Բայց արդյո՞ք Հայ Ազգի ուզած ապագան սա էր։ Շատերն այսօր թերահավատ են՝ և՛ այս հանրահավաքի, և՛ ընդդիմության նկատմամբ։ Հաճախ տեղին քննադատում են։ Շատերը սպասում են ավելին, բայց սպասում են՝ հետևելով եթերին ու լրահոսին, այլ ոչ թե հենց հրապարակից։ Այս հանրավավաքը թմբիրից դուրս գալու մասին է, ճակատագրական զարգացումները կանխելու մասին է։ Ապրիլին մենք ունենք երկու հիշատակման օր՝ Ապրիլյան պատերազմի, հերոսական դիմակայության, հաղթանակի և Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը։ Ես հույս ունեմ, ես հավատում եմ, որ ապրիլը մեզ համար կլինի ևս մեկ էջ բացող՝ ամենածանր պահին միավորվելու, վերանալուց փրկվելու, զրոյից սկսելու և հայրենիքը պահելու էջ։ Իրական խաղաղություն պարտադրելու էջ։ Մենք հասել ենք այն կետին, որ նույնիսկ չենք կարող վախենալ հենց վախից։ Վախն իրականում ոչինչ է, երբ նժարին բոլորիս ապագան է։ Կա՛մ մենք կհրաժարվենք վախերի շարքից՝ պաշտպանելով մեր Արցախը, դիմադրելով թուրքացմանը, պաշտպանելով մեր արյունը, մեր երեխաներին, կա՛մ ԳԻՏԵՔ՝ ԿԱՄ ՉԿԱ։ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Պարզապես ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Սիրելի՛ ժողովուրդ, ուրեմն եկեք օրեցօր, կոնկրետ գործողությունից գործողություն, հանրահավաքից հանրահավաք մեր մասնակցությամբ ապացուցենք, որ այսպիսի օրակարգ մեր կողքին տեղ չունի, այսպիսի օրակարգ բանակցելու իրավունք ոչ մի իշխանություն չունի։ Պաշտպանելով մեր Արցախը՝ պաշտպանենք մեր Հայաստանը»։
    19:38
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է Մարտունի համայնքի բնակչի սպանության դեպքը
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 55-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհին 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 02:15-ին, հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18:20-ի սահմաններում, 1967թ. ծնված ամուսինը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, նրա մասին տեղեկություն չունի: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում, բացատրություն տալու նպատակով, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին է հրավիրվել Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակիչ, ով խոստովանել է, որ 2022թ. ապրիլի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մարտունի խոշորացված համայնքի Գետափնյա փողոցում՝ իր ավտոմեքենայում, գումարային հարցի շուրրջ վիճաբանել է 55-ամյա տղամարդու հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներում, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է, որից հետո վերցնելով նրա հագուստի գրպանից հայտնաբերած գումարը՝ մարել է իր ունեցած պարտքը, իսկ դիակը տեղափոխել է համայնքի անտառամերձ տարածք և թողել ծառերի տակ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակչը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ թողել է 55-ամյա տղամարդու դին. կասկածյալի կողմից մատնանշված վայրում տուժողի դիակը հայտնաբերվել է՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկետիվ և բազմակողմանի հետազոտման և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:
    18:24
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանուն հայրենիքի մեռնել պատրաստ եմ, բայց հանրահավաքին չեմ մասնակցելու․ Լալա Մնացականյան
    Ընդդիմադիր ուժերը, ինչպես գիտեք, այսօր բոլորին հրավիրել են հանրահավաքի, որը հանուն Արցախի է և հանուն Հայաստանի։ Դրանով նաև «ոչ» են ասելու այս իշխանություններին ու քննարկելու նրանցից ազատվելու եղանակները։ Մենք փորձեցինք հետաքրքրվել արվեստի գործիչներից, մտավորականներից, թե մասնակցելո՞ւ են, արդյոք, այսօրվա հանրահավաքին։ Նրանցից մի քանիսն անհասանելի էին, որոշները չպատասխանեցին զանգերին։ Մեզ հաջողվեց մի քանի բառ զրուցել անվանի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ, որը շատ ակտիվ էր 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության ժամանակ։ Տիկին Մնացականյանը, սակայն, չցանկացավ հարցազրույց տալ՝ նշելով, որ ինքը հարցազրույց բացարձակ չի տալիս։ Ասացինք՝ ընդամենը ուզում էինք իմանալ, թե արդյոք մասնակցելո՞ւ է այսօրվա հանրահավաքին։ «Ի՞նչ հավաք․․․ ոչ, չեմ մասնակցելու»,-կտրուկ ասաց նա։ -Ինչո՞ւ։ Ասում են՝ հանուն Արցախի և հայրենիքի է լինելու այն։  -Հիմա Դուք ինձնից հարցազրո՞ւյց եք վերցնում։ Ես ասացի՝ ես հարցազրույց չեմ տալիս, եթե որևիցե բան եմ ունենում ասելու, ես ասում եմ ինքս, արդեն ոչ մի հարցազրույց չեմ տալիս։ -Բայց մենք կարճ քոմենթ էինք ուզում Ձեզանից, ոչ թե հարցազրույց։ -Չէ, չեմ տալիս։ Ես Ձեզ շատ սիրում, հարգում եմ, բայց հարցազրույց չեմ տալիս։ -Պարզապես մտավորականները լռում են, չեն խոսում, ամեն օր միայն քաղաքական գործիչներն են խոսում, իսկ մենք ձեր խոսքն ենք ուզում լսել։ -Չեմ տալիս հարցազրույց։ -Համառորեն չեք խոսում, մի խոսքով։ Իսկ մենք ուզում էինք իմանալ՝ հանուն հայրենիքի ի՞նչ եք պատրաստ անել։ -Մեռնել, հա, պատրաստ եմ։ Հաջողություն։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8088a9bbfeb574ca25981532e7f47b60?fbclid=IwAR1Cb-ZB8lnS108ECI1m-nQ0GfjeQqMCFpvfO0pr6nMvjnlB_LEUvh2wde8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:33
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արի՛ հանրահավաք․ ցո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս կզել թշմանու առջև․ Լևոն Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է արել․ «Այսօր՝ 18:30, արի՛ Ազատության հրապարակ: Արի ոչ թե իմ կամ որևէ մեկի համար, այլ արի Հայաստանի համար, Արցախի համար, արի առաջին հերթին հենց քո՛ համար: Ցո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս կզել թշմանու առջև»,-գրել է նա:
    17:17
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՍԴ-ն գործերի բանավոր քննությունից պաթոլոգիկ վախ ունի, կամ «Ալեն ջան, հետդ եմ». «168.am»
    168.am-ը գրում է․ Սահմանադրական դատարանը (ՍԴ), հակառակ բաց ու հրապարակային աշխատելու իր խոստումներին, շարունակում է յոթ դռների հետևում բոլորից թաքուն ու բոլորին անհասկանալի որոշումներ կայացնել։ Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ ընտրելու որոշման սահմանադրականության հարցով ՍԴ-ն որոշել էր անցնել բանավոր ընթացակարգի, որին կողմ էր քվեարկել նաև Ալեն Սիմոնյանի հովանավորյալ, «Ալեն ջան, հետդ եմ» ֆեյսբուքյան գրառման հեղինակ Էդգար Շաթիրյանը: Բայց Շաթիրյանը Ալենի ընկերը չէր լինի, եթե շաբաթներ անց, հակառակ զեկուցողի կարծիքի, չառաջարկեր բանավորից անցնել գրավորի, այն դեպքում, երբ անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս վերացան բանավոր դատաքննության անցնելու հիմքերը: Իհարկե, կարելի էր մտածել, որ դա արվում է արագ կամ արդյունավետ աշխատելու համար, եթե, իհարկե, գործի քննությունը հետաձգված չլիներ շուրջ երկու ամսով՝ ԱԺ ներկայացուցչի միջնորդության հիման վրա, ինչպես նաև մեկ-երկու բանավոր ընթացակարգով գործերի քննությունից ամբողջությամբ ի դերև չդառնար Նիկոլի սրտի ՍԴ կազմի բոբիկությունը, մակերեսայնությունը, խնդիրներին չտիրապետելը և, անշուշտ, այլ մոտիվացիա ունենալու հանգամանքը: Բանավոր քննության ժամանակ, օրինակ, դժվար է թաքցնել ՍԴ նախագահի ՝ նախօրոք պատրաստած «շպարգալկայից» օգտվելու հանգամանքը, նիստի ընթացքի վերաբերյալ տարրական կանոներին կամ գործի էությանը չտիրապետելը, գործի նկատմամբ կանխակալությունը և վերջապես այն, թե ով է Արման Դիլանյանի «նայողն» ու հուշարարը։ Մնում է միայն մարդկայնորեն փորձել հասկանալ պարոն Շաթիրյանին. ի վերջո, ժողովրդավարության բաստիոնում ո՞վ կարող էր ՍԴ դատավոր դառնալ բացառապես Ալեն Սիմոնյանին ձոնված հավատարմության կամ ՍԴ կազմաքանդման իրավաչափությունը «հավաստող օբյեկտիվ» ստատուսների շնորհիվ և ոչ միայն:
    17:03
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով․ թուրք մարզիկին հաղթած Մալխաս Ամոյան
    Բուդապեշտից է վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Հին աշխարհամասի առաջնությունը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, մարզիկների ընկերներն ու հարազատները: 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը խոստովանել է, որշատ բարդ ճանապարհ է անցել այս տիտղոսը նվաճելու համար․-«Սա իմ նպատակներից մեկն էր։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս չեմպիոնությունը, որը շատ սպասված էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց»։ Չեմպիոնը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին, երկրին, հայ և եզդի ազգերին, ովքեր միշտ իր կողքին են եղել։ Վերջում ավելացրեց․-«Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։
    16:56
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում․ «Հետք»
    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։ «Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ բետոնաշաղախ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում՝ հենասյուներ են կառուցվում։ Արդեն հաջորդ աշխատանքային օրը՝ ապրիլի 1-ին, աղբյուրը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան, խնդրել տրամադրել շինարարությունը թույլատրող քաղաքաշինական փաստաթղթերը։ Երևանի քաղաքապետարանից այսօր՝ մարտի 5-ին, ստացած պատասխանից պարզ դարձավ, որ շինարարությունն ապօրինի է իրականացվում, իսկ կառուցապատողն ԱԺ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին է` Ալբերտ Սուքիասյանը։ «Տեղեկացնում ենք, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.17/4 հասցեում, առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է շինության վերակառուցման, մասնավորապես քարե պատերի և ծածկի իրականացման աշխատանքներ, որի առնչությամբ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 30.03.2022 թվականին քաղաքացի Ալբերտ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 041196 արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Ուշադրություն արժանի է այն փաստը, որ ապօրինի շինարարությունն արձանագրվել է մարտի 31-ին, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մեկ օր առաջ (30.03.2022թ.)։ Այսինքն ապօրինի շինարարության մասին արձանագրությունը կազմելու հաջորդ օրը Ալբերտ Սուքիասյանը շարունակել է շինարարությունը: Երևանի քաղաքապետարանից փորձել են ճշտել՝ արձանագրությունը կազմելուց հետո ապօրինի շինությունը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու կառուցապատման փաստը հաստատելու վարչարարությանը։ Արդեն բանավոր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից փոխանցել են, որ Ալբերտ Սուքիասյանի կողմից կատարված իրավախախտման համար առաջիկայում 200 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական ակտ կկազմվի, իսկ շինարարությունը շարունակելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամ։
    16:52
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրենիքը մշտական պայքարով են պահում. կլինեմ պայքարողների շարքերում. Սոֆի Մխեյան
    Չի կարելի թևաթափ լինել, հիասթափվել ու հուսահատվել, վախենալ չար խոսքերից ու գրառումներից: Ֆեյբուքի իր էջում գրել է երգչուհի Սոֆի Մխեյանը՝ նշելով, որ լինելու է պայքարողների շարքերում։ «Հայրենիքը մշտական պայքարով ու աշխատանքով են պահում: Վաղը ես իմ տեղում կլինեմ` պայքարողների շարքերում: Աստծով... ԻՄ ԱՐՑԱԽ, իմ Հող ու ջուր, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»,-գրել է նա։
    16:45
    05.04.22
    Ավելին