Լրահոս

2022-09-05
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ քննչական կոմիտեն բենզալցակայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 03-ին՝ ժամը 15։55-ին։ Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է: Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ։ Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ծավալուն հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է:
    20:05
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ԱՀ քաղաքացիների նկատմամբ կատարվել է 112 հանցագործություն․ ԱՀ դատախազություն
    Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ԱՀ քաղաքաացիների նկատմամբ կատարած հանցավոր դեպքերի մասին տեղեկություն է հաղորդում Արցախի դատախազությունը։ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 92 քրեական վարույթ: Սպանվել է 18 (3-ը՝ քաղաքացիական անձ), սպանության փորձի ենթարկվել՝ 126 անձ (48-ը՝ քաղաքացիական անձ), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ (14-ը՝ քաղաքացիական անձ): Հափշտակվել է 1 տրանսպորտային միջոց, տարբեր տեսակի հրազենային զինատեսակներից ուղիղ թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 6 գյուղատնտեսական տեխնիկա, 21 տրանսպորտային միջոց, 15 այլ գույք, հրկիզվել է 4 այգի»,- ասվում է հաղորդագրությունում: Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև. Нет описания.Нет описания. Нет описания.
    20:02
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ երկրների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում»,-նշել է Ուշակովը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: «Երկրների փոխգործակցությունը զարգանում է էներգետիկ ոլորտում, Ռուսաստանից գազի մատակարարումը տարեկան ավելի քան 2,4 մլրդ խորանարդ մետր է (1,41 մլրդ խորանարդ մետր՝ այս տարվա հունվար-հունիսին)»,- ասել է Ուշակովը:
    19:55
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նախաճաշի դերը. ինչո՞ւ դեռահասները չպետք է բաց թողնեն այն
    Իսպանական Կաստիլիա Լա-Մանչայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են նախաճաշի ազդեցությունը երեխաների և դեռահասների հոգեբանական-էմոցիոնալ վիճակի վրա։ Ավելի վաղ նախաճաշի դերը դիտարկվել է զուտ սնվելու կարևորության տեսակետից, իսկ այժմ՝ առաջին անգամ, ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, թե արդյոք նախաճաշո՞ւմ են երեխաները և որտե՞ղ են նրանք սնվում։ Արդյունքները զարմացրել են. պարզվել է, որ ոչ միայն նախաճաշելն է կարևոր, այլ նաև այն, թե որտեղ են դեռահասներն ու երիտասարդները նախաճաշում և հատկապես ինչ են ուտում։ Նախաճաշը բաց թողնելը կամ տանից հեռու նախաճաշելը մեծ հավանականությամբ կապ ունեն երեխաների հոգեբանասոցիալական խնդրների հետ։ Նույն կերպ կապ ունի այս կամ ուտելիքի կամ հյութի նախընտրությունը։ Գիտնականների համար անսպասելի եզրահանգում է եղել այն, որ տանից հեռու նախաճաշը գրեթե նույնքան վնասակար է, որքան ընդհանրապես չնախաճաշելը։ Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել ոչ տնային պայմաններում պատրաստված ուտելիքի ցածր սննդարարության հետ։
    19:45
    05.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան մեղադրում է Հունաստանին «ծովերում ագրեսիվ լինելու համար»
    Թուրքիան նորից Հունաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ի թուրքական առաքելությունը տապալելու համար: Իբր թուրքական ծովային պարեկային ինքնաթիռը որսալու փորձ է արել Աթենքը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Հունաստանը կտրուկ մեծացրել է իր ագրեսիվ վարքագիծը Էգեյան և Միջերկրական ծովերում:
    19:35
    05.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Պայթյուն՝ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ. զոհերի թվում դիվանագետներ կան
    Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն հոծ բազմության մեջ՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ: Միջազգային լրատվականները գրում են, որ մահապարտը ռումբը պայթեցրել է այն պահին, երբ ռուս դիվանագետը դուրս է եկել շենքից: Մոսկվան կատարվածը ահաբեկչություն է որակել:
    19:25
    05.09.22
    Ավելին
  • Իրավական
    Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների կողմից ծեծի ենթարկվելու, դանակով հարվածելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:07-ին, որից րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 42–ամյա տղամարդ: Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է հիշյալ ավտոպատահարի մասնակից «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են վերջինիս՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված փողոցում միմյանց են բախվել «Վազ 2109» մակնիշի և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը և չորս ուղևորները վիճաբանել են «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ և ծեծի ենթարկել նրան, որի ընթացքում «Նիսան»-ի ուղևորներից մեկը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս: Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և ծակող գործիք, վերցվել են փարձանմուշներ, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսահսկման սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:15
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը. Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը։ Տասնյակ տարիներ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման բացառիկ միջազգայնորեն ճանաչված հարթակ է եղել ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեպետ Ադրբեջանը ջանք ու եռանդ չէր խնայում Արցախի հարցն այլ միջազգային հարթակներ տեղափոխելու համար՝ ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ եւ այլն։ Եռանախագահները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ունենալով աշխարհաքաղաքական տարաձայնություններ, այնուհանդերձ միասնական ջանքեր էին գործադրում Արցախի հարցում։ Արեւմուտքն ու Ռուսաստանը այդ տարիներին բազմիցս բախվել են այլ տարածաշրջաններում, բայց միեւնույն է, դա չէր ազդում Արցախի շուրջ համակարգված աշխատանքների վրա։ Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Եվ համանախագահները 2009-2013 թթ ղեկավարների մակարդակով 5 հայտարարություն էին արել կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ։ Այդպես էր 2011-ին Սիրիայի ճգնաժամին, որ սկսվեց գարնանը, բայց միեւնույն տարին ամռանը նախապատրաստվել էր Կազանյան փաստաթուղթը։ Իսկ խմբի աշխատանքները շարունակվեցին նաեւ դրանից հետո։ Այո, այսօրվա գեոպոլիտիկ լարվածությունն աննախադեպ է եւ բերել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի պարալիզացմանը։ Ի՞նչ պետք է աներ նորմալ իշխանությունը։ Սառեցներ հիմնական բանակցությունները, միմչեւ գլոբալ հակամարտության դադար, որ մի կողմից Հայաստանը չներքաշվեր այդ պայքարի մեջ եւ չճողվեր Մոսկվայի եւ Բրյուսելի արանքում։ Իսկ մյուս կողմից շանս ստանար վերագործարկված ՄԽ-ի շրջանակում առաջ տաներ Արցախի ժողովրդի շահերը։ Ի՞նչ արեց Նիկոլը։ Արցախյան հարցը եւ Հայաստանի ազգային շահերը հանեց գեոպոլիտիկ աճուրդի։ Հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դրսում հետապնդելուց՝ «իջեցրեց նշաձողը»։ Ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հաշվին հետեւողականորեն բավարարում է թուրք-ադրբեջանական ամբիցիաները։ Այս ասածիս շրջանակներում լսեք Նիկոլի ելույթը եւ կրկին համոզվեք»։
    19:05
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել
    Ադրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք և ադրբեջանցի զինծառայողներ։ Զոորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը:
    18:55
    05.09.22
    Ավելին
  • Մշակույթ
    Հիսուսի արձանի մակետը ԿԳՄՍ նախարարին չի հետաքրքրում
    ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին չի հետաքրքրում Հիսուսի արձանի մակետը, որն օրեր առաջ ներկայացրել է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Նախարարությունը հուլիսին պահանջել էր դադարեցնել շինաշխատանքները Հատիսի գագաթին, որտեղ հազարամյակների մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ կան: Չնայած արգելքին՝ «Ծառուկյան» հիմնադրամը օգոստոսի 29-ին անիմացիոն տեսանյութ էր տարածել, թե ինչ տեսք է ունենալու Հիսուսի մոնումենտալ արձան-համալիրը:
    18:45
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճի մակարդակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը: «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.54մ (04.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.553մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 152.122մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 153.032մլն. մ³»:
    18:29
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է խարդախությամբ զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ս.-ն, խարդախության եղանակով ուրիշի գումարը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորակոչիկ Հ. Մ.-ին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով փորձել է վերջինիս հորից՝ Գ. Մ.-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես` Թ. Ս.-ն Գ. Մ.-ին վստահեցրել է, որ իր ծանոթ պաշտոնյաների հետ ունեցած կապերն օգտագործելով կարող է վերջինիս որդուն որևէ կեղծ ախտորոշմամբ ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, որի համար նրանից պահանջել է 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար` հիշյալ պաշտոնյաներին որպես կաշառք տալու պատրվակով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Մ.-ն Թ. Ս.-ին տվել է պահանջված կաշառքի գումարից 950.380 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած` 1.425.570 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է տալ ծառայությունից որդու ազատվելուց հետո: Սակայն Հ. Մ.-ն բժշկական զորակոչային հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել բանակ: Արդյունքում Գ. Մ.-ն Թ. Ս.-ին չի տվել կաշառքի գումարի մնացած մասը: Թ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասվում է հաղորդագրությունում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:20
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երկու մարդու սպանած Արզական գյուղի 46-ամյա բնակիչը կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով հարևանի տուն ներխուժելու, ինչպես նաև՝ բենզալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի շրջանակներում որոնվող ենթադրյալ հանցագործություն կատարած Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը 2022թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 03:15-ին, ներկայացել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին, ձերբակալվել և հարցաքննվել դեպքերի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Իրականացված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդոթւթյուն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
    18:10
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրկիզել են ավտոմեքենա, ավտոտեխսպասարկման կետի բացօթյա արտաքնոցը
    ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու, ինչպես նաև գույքը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասելու և խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 21-ին Եղեգնաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, նախապես համաձայնության գալով իր 34 և 38-ամյա ընկերների հետ, բենզին են գնել և միասին ավտոմեքենայով ուղևորվել դեպի Մալիշկա գյուղ տանող ճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կետ: 34-ամյա տղամարդն իր հետ վերցնելով նախապես գնված բենզինը, այն լցրել է ավտոտեխսպասարկման կետի բացօթյա արտաքնոցին և դիտավորությամբ հրկիզել այն, որից հետո միասին հեռացել են։ Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ երեքով նույն օրը գնացել են մեկ այլ ավտոտեխսպասարկման կետ, որտեղ երկուսով սպասել են ավտոմեքենայում, իսկ 34-ամյա տղամարդը կացինի գործադրմամբ դիտավորությամբ կոտրելով ավտոտեխսպասարկման կետի պատուհանները և տարածքում կայանված «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իր հետ նախապես վերցված բենզինը լցնելով ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ դիտավորությամբ պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 727.500 ՀՀ դրամի գույքային վնաս։ Բացի այդ, 2022թ. փետրվարի 4-ին՝ 30-ամյա տղամարդն նախնական համաձայնության գալով իր վերոհիշյալ 38 և 32-ամյա մեկ այլ ընկերոջ հետ, գնացել են Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոց, որտեղ վերջիններս հարմարեցված բանալիով բացել են շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ տանտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ 1.427.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 30-ամյա և 38-ամյա տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    17:50
    05.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանը փոխում է վիզա տրամադրելու ընթացակարգը
    Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վիզային ռեժիմի հետ կապված նոր կարգավորումներ մտցնել։ Արտաքին գործերի նախարարությունը խոսում է նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը կառավարությունն արդեն ուղարկել է խորհրդարան, փոխանցում է Aliq.ge-ն։ Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը թույլ է տալիս սահմանել Վրաստան մուտքի և կեցության այլ եղանակ, որը նշանակում է, որ կառավարության N256 որոշմամբ սահմանված երկրների համար կացության թույլտվություն և վիզա ունենալու դեպքում օտարերկրացին իրավունք ունի (նշված փաստաթղթերի հիման վրա) մուտք գործել Վրաստան և մնալ 180 օրվա ընթացքում, 90 օրացուցային օր ժամկետով, ինչը չի սահմանափակում ներգաղթային վիզայի համար դիմելու հնարավորությունը։ Ըստ կառավարության՝ պրակտիկան ցույց է տվել, որ վերոնշյալ անձինք չարաշահում են գործող օրենսդրությամբ սահմանված հնարավորությունը (Վրաստան են մտնում կարճատև այցով, ոչ թե ներգաղթային նպատակով), դիմում են նախարարություն՝ ներգաղթային վիզա ստանալու համար։ «Հասկանալի է, որ նրանց նպատակը երկարաժամկետ կացության թույլտվություն ստանալն է, որի համար պետք է ունենան օրենքով սահմանված համապատասխան կարգի վիզա, որն իր հերթին անհավասար դրության մեջ է դնում այլ երկրների քաղաքացիներին, միևնույն ժամանակ անվերահսկելի է թողնում պետական ​​անվտանգության տարրը։ Հաշվի առնելով վերը նշվածը, օրենքի նորմերը չարաշահելու դեպքերը բացառելու նպատակով օրակարգ է բերվում օրենքում համապատասխան փոփոխության իրականացման անհրաժեշտության հարցը, որի նպատակն է սահմանափակել վերը նշված կատեգորիայի անձանց շրջանակի համար ներգաղթային վիզայի համար ԱԳՆ դիմելու հնարավորությունը»,- պարզաբանել է կառավարությունը։ Նշենք, որ նոր կարգավորումների շրջանակներում նախատեսվում է շտկել կիրառման ընթացքում հայտնաբերված թերությունները և հստակեցնել մի շարք նորմերի բովանդակությունը։ Մասնավորապես. նշել այն անձանց շրջանակը, որոնց տրվում են Վրաստանի վիզաներ, Վրաստան մուտք գործելու մերժման և վիզա տրամադրելուց հրաժարվելու հիմքերի տարանջատում և վիզա տրամադրելու մերժման հիմքերի ընդլայնում, Վրաստանում գտնվելու ժամկետի դադարեցման և վիզայի գործողության դադարեցման հիմքերի առանձնացում/հստակեցում (քանի որ վիզայի դադարեցման հիմքերը սպառիչ չեն և ընդլայնման կարիք ունեն): «Օրենքի ներկայիս տարբերակը ներառում է Վրաստանում գտնվելու դադարեցման հիմքերը, ինչպես նաև կացության թույլտվության դադարեցման հիմքերը, ինչպես նաև վիզայի դադարեցման հիմքերը։ Գործող պրակտիկան ցույց է տվել, որ վիզան կարող է դադարեցվել ոչ միայն օտարերկրացու՝ Վրաստանում գտնվելու ընթացքում, այլև մինչև Վրաստան մուտք գործելը։ Ըստ այդմ՝ տեղին է առանձնացնել վիզայի դադարեցման հիմքերը»,- նշված է կառավարության նախագծում։
    17:40
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ
    Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Թրասը միևնույն ժամանակ ընտրվել է նաև որպես իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ: Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր: Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները: Լիզ Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 399 ձայն: Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից:
    17:30
    05.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Թիրախում այս անգամ Ռուբեն Մելիքյանն է, նրան համալսարանից հեռացրել են
    «Oragir.news»-ը գրում է․ «Ընդդիմադիր հայացքներ ունեցող համալսարանակնների նկատմամաբ հետապնդումները շարունակվում են։ Թիրախում այս անգամ իրավապաշտպան, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանն է, ով դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։  Մեզ հասած տեղեկություններով՝ Մելիքյանին այս տարի դասաժամեր չեն հատկացրել, այսինքն՝ փաստցի նրան հեռացրել են համալսարնից։ Մելիքյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ ասելով, որ ինքը ևս մի քանի աղբյուրից նման տեղեկություններ է ստացել։  «Անկեղծ ասած՝ այս պահին ես դեռ չէի ուզենա հրապարակային խոսել, որովհետև ինքս որոշ ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունեմ, բայց քանի որ արդեն լրագրողական հանրությունը դրա մասին տեղայակ է, պարտքս եմ համարում մի քանի բան այդ կապակցությամբ ասել։ Առաջինը պետք է նշեմ, որ, այո, ինձ նման տեղեկություններ հասել են տարբեր աղբյուրներից, որ որոշակի խնդիրներ է տեսնում իմ պաշտոնավարման հետ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը ուկուրպացրած, օրենքները փոխելու միջոցով ռեկտոր դարձած անձը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրածո։ Ես այլ պատճառ, քան քաղաքականն է, չեմ տեսնում։  Նաև տեղեկացված եմ, որ տարբեր ֆակուլտետներում այլ դասախոսների հետ կապված նման հարցեր կան, և եթե իսկապես նման բան կա, որի մասին ես վերջնական կտեղեկանամ 1-2 օրվա ընթացքում, ոչ ուշ, ապա շատ չեմ զարմանա, որ նման բան կա, որովհետև այդ անձին, որը իմ համոզմամբ, մեղմ ասած, որևէ արժանիք չուներ ԵՊՀ ռեկտոր աշխատելու, այդ անձին, վստահ եմ, նշանակել են նաև քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։ Մի անձի, որը երկար տարիներ ընդդիմադիր հայացքներով դասավանդել է, և ոչ ոք դրա մեջ որևէ խնդիր չի տեսել։ Բայց եթե ռեկտորատին թվում է, թե դրանով ինձ ինչ-որ վատություն են անում, ապա նրանք չարաչար սխալվում են։  Վերջին 10 տարիներին ես համալսարանում դասավանդում եմ «պարտք տալու» սկզբունքով, այսինքն՝ Մայր բուհը ինձ տվել է գիտելիք, հնարավորություններ, ես շատ շնորհակալ եմ մեր ֆակուլտետի ղեկավարությանը, և ես իմ մասնագիտական հաջողությունների համար մեծապես երախտապարտ եմ իրավագիտության ֆակուլտետում ստացած կրթությանը, և ես վերադարձնում եմ այդ պարտքը՝ իմ սուղ ժամանակից ժամանակ տրամադրելով և որաշակի, իմ կողմից մշակված կուրսը ուսանողներին ներկայացնելով։ Եթե պարտատերը պարտքը չի ուզում, ապա ես ոչ մի բան անել չեմ կարող, կարճ ասած՝ ես կարծում եմ, որ համալսարանի ղեկավարը պետք է ուրախ լինի, որ Ռուբեն Մելիքյանը բուհում դասավանդում է։ Եթե նա ստանցել է քաղաքական պատվեր, և ինչ-որ խնդիրներ է ստեղծում ոչ թե իմ, այլ ամբիոնի համար, իսկ իմ տեղեկություններն այնպիսին են, որ խնդիրը ամբիոնին է վերաբերում, ապա եթե այդպիսի խնդիր կա, ես պատրաստ եմ դիմում գրել և չվտանգել իմ գործընկերների գործունեությունը այն պարզ պատճառով, որ ես համալսարանում դասավանդում են պարտքս տալու սկզբունքով։  Ես ոչնորմալ վարձատրություն եմ այնտեղ ստանում, որովհետև դասախոսների վարձատրությունը շատ ցածր է, մանավադ՝ ոչ մշտական դասախոսներինը, ոչ այլ օգուտներ եմ ստանում անուղղակի, այս տեսանկյունից եթե նրանց թվում է, որ ինձ վատություն են անում, ապա չարաչար սխալվում են։ Նրանք վատություն են անում ԵՊՀ ուսանողներին, որոնց ես դասավանդում եմ, և եթե իմ դասավանդման որակի հետ կապված խնդիր լիներ, ապա վստահաբար դա կբարձրաձայնվեր։ Բազմաթիվ հրապարակումներով ուսանողներն են ինձ շնորհակալություն հայտնում։ Ես 19 տարի դասվանդում եմ, և կարծում եմ, որ ոչ միայն գիտելիքը, այլև փորձառությունը, որ ես ձեռք եմ բերել, ես կարողանում եմ ուսանողներին օգուտ տալ։ Եթե իրենք չեն ուզում այդ օգուտը, և համարվում են համալսարանի ռեկտոր, ապա, ինչպես ասում են, Աստված իրենց հետ, թող զբաղվեն ԵՊՀ-ն Աշտարակ տեղափոխելու սուրբ գործով»,- մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը։  Բանն այն է, որ վերջերս էլ ՀՊՏՀ-ից քաղաքական հայացքների համար հեռացրել էին արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանին։  Մելիքյանին հարցրին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից են ուզում են ազատվել, մինչդեռ նախկին իշխանությունների օրոք այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչներ՝ ներկայիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նույն ինքը՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու շատ ուրիշներ առանց պոչնդոտի աշխատում էին։  Ռուբեն Մելիքյանն արձագանքեց․ « Ինձ համար դա ամենևին զարմանալի գործընթաց չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք դրսևորել են շատ կարևոր սկզբունքայնություն, իրենց՝ նախկինում դավանած սկզբունքները դավաճանելու հարցում շատ սկզբունքային են։ Բնական է, որ այս գործընթացը պիտի սկսեր, ոչ մի զարմանալի բան չկա։ Հովհաննես Հովհաննիսյանը չուներ որևէ արժանիք դառնալու ԵՊհ ռեկտոր։ Դրա համար օրենքներ փոխվեցին, նա իմ պատկերացմամաբ հանրային բարոյականությունից զուրկ մարդ էր, և պարզ էր, որ նա չի կարող համալսարանի շահը առաջ մղել, դրա համար էլ պետք է զբաղվի անպատվաբեր գործունեությամբ։ Եթե մենք համարում ենք, որ գործ ունենք իրավունքից անընդհատ հեռացող իշխանությունների՝ ՔՊ-ականների հետ, ապա ինչո՞ւ պիտի քաղաքական իշխանության ոչ վաղ անցյալում կրող և ՔՊ դրածո Հովհաննես Հովհաննիսյանը այդ գործառույթը չստանձնի»»։ 
    17:23
    05.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եվրահանձնաժողովը և Ուկրաինան ստորագրել են փաստաթուղթ Կիևին 500 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մասին
    Եվրահանձաժողովը (ԵՀ) եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Կիեւին 500 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը: «Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինան այսօր ստորագրեցին բյուջետային աջակցության նոր ծրագիր 500 միլիոն եվրոյի չափով այն հանձնառությունների շրջանակներում, որոնք հնչեցրել Է (Եվրահանձնաժողովի) նախագահ (Ուրսուլա) ֆոն դեր Լյայենն ապրիլին «Ուկրաինայի աջակցության» արշավի եւ մայիսին Վարշավայում դոնորների բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:22
    05.09.22
    Ավելին