Լրահոս

2022-12-27
  • Img default alt hy
    Միջազգային
    F-35-երի պատճառով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը խորանում է
    ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում վերջին ամիսներին առկա լարվածությունը գնալով խորանում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Թուրքիան իր զինանոցը համալրելու նպատակով ԱՄՆ-ից ցանկանում է գնել «F-35» կործանիչներ, սակայն ԱՄՆ-ն անընդհատ ձգձգում է դրանց փոխանցումը։ Օրերս Անկարան հայտարարել էր, որ նախագծի համար թուրքական կողմը վճարել է 1․4 մլրդ դոլար և հիմա ցանկանում է ետ ստանալ այդ գումարը, իսկ թուրքական ընկերություններին պատճառված վնասը պետք է փոխհատուցվի։ 2021-ի սեպտեմբերից հետո ԱՄՆ-ի հետ 40 միավոր «F-16 Viper» և 79 միավոր «F-16» մոդեռնիզացված տարբերակներով կործանիչների գնման աշխատանքները ևս շարունակվում են։ Ավելի վաղ Պենտագոնից հայտարարել էին, որ ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգի և ամերիկյան արտադրության «F-35» կործանիչների գնումը նույն երկրի, այսինքն Թուրքիայի կողմից առաջացնում է գործընկերային հարաբերությունների և վստահության թուլացում։ Սակայն Անկարան նշում է, թե սեփական երկրի օդային սահմաններն է պաշտպանում։ Ամիսներ առաջ Ուզբեկստան կատարած այցից հետո Էրդողանը խոսել էր «F-35» կործանիչների մասին և ասել, որ իրենք իրենցից պահանջվող քայլերն արել են, բայց փոխադարձաբար այդ ամենը չեն տեսել ԱՄՆ-ի կողմից։
    18:30
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. 7 անձ ձերբակալվել է
    Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում ձերբակալեցին յոթ երևանցու: 24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
    18:20
    27.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևի երկրում «մարդիկ սովից մեռնում են». բողոքի մեջ խրված Բաքուն
    Արցախի հանքերի էկոլոգիական վիճակով անհանգստացած ակտիվիսների կյանքում սա ամենաերկար տևող բողոքի գործողությունն է: Բաքվի բնակելի թաղամասերին շատ մոտ նավթահանքերի շահագործումից առաջացած էկո աղետի դեմ բողոքը մյուս բոլոր բողոքների պես 2-3 ժամից ավելի չէր տևի Ադրբեջանում: Փորձագիտական կարծիք կա, որ Լաչինի միջանցքը փակելով՝ Ալիևը երկրի ներսում սոցիալական բողոքն է փորձում զսպել:
    18:10
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ խաղաղապահներն ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել
    Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշեց, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը: «Մեր ժողովուրդն ընտանիքներով , երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել Արցախում: Հիմա փաստացի դրա կետերը խախտվում են: Այդ պատճառով մենք եկել ենք ասելու, որ նույնպես մարդ են, ժողովուրդ ենք և ունենք իրավունքներ: Այս ակցիան ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Իրեն դեմոկրատական համարող յուրաքանչյուր պետություն պիտի անմիջապես միջոցառումներ ձեռնարկի և Ալիևին բացատրի, որ ժողովրդի հետ նման կերպ չեն վարվում. այդ ամենը բումերանգի պես հարվածելու է նաև ձեզ»,-նշեց Պետրոսյանը: Ակցիայի մասնակիցները խաղաղապահ զորակազմի անցակետում փոխանցել են Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը, որից հետո խաղաղապահները հայտնեցին, որ համաձայն են հանդիպել ակցիայի ներկայացուցիչների հետ:
    18:05
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
    Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: «Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն»,-ասվում է հաղորդագրությունում:
    18:00
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
    «Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին,որ սույն թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ին ժամը` 9:30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։ 9:30-12:00 Մաշտոց 1,3,5,5ա Ազատամարտիկների 59։
    17:50
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եկամուտների ամբողջական հավաքագրումը խնդրահարույց է, բյուջեի ծախսերը՝ մտահոգիչ․«Լույս» հիմնադրամ
    «Լույս» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն «2023թ.-ի համար նախատեսված եկամուտների ամբողջական հավաքագրումը խնդրահարույց է։ 2018-2021թթ. ժամանակաշրջանի բոլոր տարիներին Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրումը թերակատարվել է թե՛ հաստատված բյուջեի և թե՛ ճշտված պլանի մեծության համեմատ։ 2022թ. 9 ամիսների դինամիկայի պահպանման դեպքում սպասվում է, որ 2022-ը ևս բացառություն չի լինի։ Մինչդեռ, 2023թ.-ի բյուջեով նախատեսվում է, որ ընդհանուր եկամուտները 2022-ի ցուցանիշին գերազանցելու են 11.1%-ով։ Կապիտալ ծախսերի 10%-ով նվազեցումը վկայում է քաղաքային իշխանությունների՝ ծախսերը բարձր արդյունավետությամբ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարելու անընդունակության մասին։ Կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս՝ որոշ կարևոր ուղղություններով կատարվող կապիտալ ծախսերն առավել մեծ չափով են կրճատվելու։ Հարկ է ընդգծել, որ 2018-2021թթ. այս ուղղությամբ ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Ամենայն հավանականությամբ, դրանք կթերակատարվեն նաև 2022թ.-ին, քանի որ 2022թ. բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվության համաձայն երեք եռամսյակների ընթացքում կատարվել են այդ հաշվետվությունում ներկայացվող տարեկան ճշտված պլանով նախատեսված ցուցանիշի մեկ քառորդից քիչ կապիտալ ծախսեր: Ըստ իրականացվող ծրագրերի` բյուջեի ծախսերի ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս. ինչպես 2022թ.-ի, այնպես էլ 2023-ի բյուջեով նվազեցումներ են նախատեսված քաղաքային զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի ֆինանսավորման մասով, այն դեպքում, երբ ֆինանսավորումը չնվազեցված (առանձին դեպքերում՝ նույնիսկ ավելացված) որոշ ծրագրերի նպատակահարմարությունը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ, կամ դրանց իրականացումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր` վտանգելով բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը: Բյուջեի պակասուրդի պլանավորվող մեծությունն իրատեսական չէ։ Չնայած Երևան քաղաքի 2018-2021թթ. ժամանակահատվածի բոլոր տարիների բյուջեներով պլանավորվել է պակասուրդ, այնուամենայնիվ, բոլոր այդ տարիներին դրանք փաստացի եղել են հավելուրդային: Դատելով 2022թ. առաջին 9 ամիսների բյուջեի կատարման հաշվետվությունից՝ կարելի է ակնկալել, որ 2022-ին ևս բյուջեն հավելուրդային կլինի (2022թ. բյուջեով նախապես ծրագրված էր 4.3 մլրդ դրամի պակասուրդ, որը հետագայում, համաձայն Երևան քաղաքի 2022-ի բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության, տարեկան ճշտված պլանով բարձրացվել էր մինչև 24.3 մլրդ դրամ, մինչդեռ առաջին 9 ամիսների արդյունքներով փաստացի ձևավորվել է 1.5 մլրդ դրամի հավելուրդ)։ Փաստերը վկայում են պլանավորման ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Այսպես, օրինակ՝ 2022-ի 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 28.10.2022թ.) նշվում է, որ ըստ տարեկան ճշտված պլանի 2022թ. բյուջեով նախատեսվում են 106.5 մլրդ դրամի եկամուտներ, 130.8 մլրդ դրամի ծախսեր և 24.3 մլրդ դրամ պակասուրդ, իսկ արդեն համաձայն Երևանի քաղաքապետի 2023թ. բյուջետային ուղերձի (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 16.11.2022թ.) ստացվում է, որ 2022-ի ճշտված պլանով նախատեսվում են 91.4 մլրդ դրամի եկամուտներ և 98.8 մլրդ դրամի ծախսեր։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նման էական ճշտման արդյունքում տրամագծորեն փոխվում է 2023թ.-ի բյուջեի վերաբերյալ ընդհանուր գնահատականը` պլանավորված ցուցանիշների արժանահավատության մասով։ Քաղաքապետի ուղերձում նշվում է, որ 2023-ի բյուջեի եկամուտները 2022-ի ճշտված ցուցանիշին գերազանցում են 13.7 մլրդ դրամով։ Մինչդեռ, 2022թ. 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում նշված ճշտված պլանի ցուցանիշների հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ Երևան քաղաքի 2023թ. բյուջեով և՛ եկամուտները, և՛ ծախսերը զիջում են 2022-ին (ընդ որում, ծախսերը զգալիորեն՝ 25.3 մլրդ դրամով կամ 19.3%-ով)։ Տարվա ընթացքում մի քանի անգամ սովորական գործելաոճ դարձած բյուջեի էական ճշտումներ կատարելուց հետո, միևնույն է, փաստացի ցուցանիշները հեռու են մնում պլանավորված ցուցանիշներից»։
    17:40
    27.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ստորագրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ»
    Թշնամին ամենաբարձր մակարդակով խոսում է Երևանը «հետ բերելու» մասին, իսկ Հայաստանում ոչ-ոք Լաչինի միջանցքի բացման համար հստակ քայլեր անելու պատասխանատվություն անգամ չի վերցնում իր ուսերին: Կարծում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» շարժման կազմակերպած քննարկմանը:
    17:30
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերթական կորսված տարին. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ 2022 թվականը մոտենում է իր ավարտին, ու արդեն կարելի է ամփոփել տարվա արդյունքները և մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է մեզ սպասում գալիք տարում։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո որևէ հույս կար, թե գոնե 2022 թվականը կարող է լինել ինչ-որ առումով վերականգնման տարի, ապա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը սին էին։ Չնայած Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին զարմանալիորեն վերընտրվեց, սակայն նրա տված նախընտրական խոստումները չիրագործվեցին նաև այս տարվա մասով։ Ընդ որում, քարոզարշավին նա մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով, բայց իրադարձություններն ավելի շատ վկայում են ապագա չլինելու մասին։ Օրինակ՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում հատուկ ընդգծվում էր տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայունության հաստատման և տարածաշրջանի ապաշրջափակման տեսանկյունից։ Բայց տարածաշրջանում առկա իրադրությունը ոչ միայն հեռու է կայունությունից, այլև մշտապես առկա է նոր էսկալացիայի վտանգը։ Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանն անընդհատ խախտել է հրադադարը, իսկ սեպտեմբերի 12-ին ագրեսիվ ներխուժում ձեռնարկել ու Հայաստանից նոր տարածքներ օկուպացրել։ Արցախը ևս անբաժան չմնաց ադրբեջանական ագրեսիայից, մասնավորապես մարտին հակառակորդն օկուպացրեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, իսկ հիմա իրավիճակը հասել է այն աստիճանի, որ Արցախից մնացած տարածքին են ցանկանում ամբողջությամբ տիրանալ, դրա համար այնտեղ ապրող հայությանը շրջափակման են ենթարկում։ Ու այս պարագայում առնվազն միամտություն է խոսել «խաղաղության դարաշրջանի» և տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, քանի որ ճանապարհները ոչ միայն չեն ապաշրջափակվել, այլև Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան չի նվազում, իսկ բլոկադան ավելի է սեղմվում։ Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցային գործընթացի վերականգնում, սակայն անցնող տարվա զարգացումները ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահությանը փոխարինել են այլ միջնորդական ձևաչափեր, որոնք որևէ կապ չունեն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետ։ Մյուս կողմից էլ՝ եթե ՔՊ-ի նախընտրական ծրագրում խոսվում էր արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման կարևորության մասին, ապա անցնող տարվա ընթացքում Փաշինյանը լիովին խաչ քաշեց Արցախի ինքնորոշման իրավունքի թեմայի վրա՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ու դրա արդյունքում է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախյան հարց այլևս գոյություն չունի իր համար, իսկ Հայաստանից որևէ արձագանք չի հնչում այս կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները Արցախին թողել են միայնակ ադրբեջանական նկրտումներին դեմ հանդիման՝ իրենց դիրքորոշումն արդարացնելով նրանով, թե հենց Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի ուղիղ ձևաչափով: Անցնող տարվա մեկնարկին իշխանությունները խոստանում էին զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ մեկնարկ, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում։ Սակայն այսօր ունենք մի վիճակ, որ բովանդակային առումով ոչինչ չի իրականացվել այս ուղղությամբ, և իշխանությունները նորից ու նորից կրկնում են զինված ուժերի բարեփոխումների մասին իրենց արդեն չարչրկված արտահայտությունները։ Իսկ ինչ փոփոխություն որ տեղի է ունեցել, ձևական միջոցառումներից այն կողմ չի անցել։ Օրինակ՝ տարվա սկզբից սկսած եռամսյա հավաքներ կազմակերպվեցին, իսկ հետո որոշվեց այդ հավաքների ժամկետը կրճատել 25 օրվա, ապա մեկնարկեցին հրաձգության դասեր, բայց այդպես էլ էական կառուցվածքային բարեփոխումներ չիրականացվեցին։ Տարվա ընթացքում էլ մի քանի հրապարակում եղավ որոշ սպառազինությունների ձեռքբերման մասին, և որոշ մարդիկ սկսեցին մտածել, թե այդ զենքերով հնարավոր է պաշտպանվել, սակայն ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել, եթե սովորական ՀՕՊ համակարգեր չունենք, իսկ Արցախյան պատերազմից հետո իշխանությունները «օդը փակելու» խնդիրը համարում էին առաջնային։ Ու մեր արտաքին քաղաքականությունն էլ այնքան խղճուկ վիճակում է, որ Փաշինյանն է անձամբ խոստովանում, թե անգամ մեր դաշնակիցներն են հրաժարվում սպառազինություններ տրամադրել այն պարագայում, երբ դրա համար գումարը փոխանցել ենք։ Մինչ մենք կրիայի քայլերով ժամավաճառությամբ ենք զբաղվում, թշնամին ամրապնդվում է իր կողմից օկուպացված դիրքերում, նոր սպառազինություններ է ձեռք բերում, իսկ ադրբեջանական բանակն աստիճանաբար համապատասխանեցվում է թուրքական զինված ուժերի կամ, այսպես ասած, ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դա է պատճառը, որ Ալիևը շարունակում է անցնել հայկական կողմի բոլոր կարմիր գծերն ու կոնկրետ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Բայց պետք է նկատի ունենանք, որ այսպիսի իրադրությունը հայկական կողմի բացթողումների ու թերացումների կուլմինացիան է՝ առաջին հերթին 2018 թվականից սկսած, երբ հրապարակումներ եղան այն մասին, թե Նախիջևանում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել ու նոր դիրքեր կառուցել, իսկ իշխանությունները մինչ այդ էյֆորիայի մեջ էին, հերքում էին ու հանգստացնում ժողովրդին, թե անվտանգային որևէ խնդիր չկա։ Ու դրա արդյունքում է, որ հիմա արդեն ամփոփում ենք հերթական կորսված տարին: Ընդ որում, ցավալիորեն այդպիսին են եղել բոլոր տարիները 2018 թվականից սկսած: Եվ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակության պարագայում գալիք տարվա ընթացքում ևս, կորուստներից բացի, այլևս ոչինչ հնարավոր չէ ակնկալել...
    17:22
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Ֆիգարո
    Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին: Հեղինակ Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ: «Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան», - Le Figaro-ի հետ զրույցում նշել է Արցախի պետնախարարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից թարգմանաբար ներկայացրել են հոդվածն ամբողջությամբ: «Մոտ հարյուր ակտիվիստներ տեղակայվել են Լաչինի միջանցքում՝ պնդելով, որ դեմ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում հանքի շահագործմանը: Մոտ հարյուր ադրբեջանցի քաղաքացիական անձինք ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով արգելում են բոլոր տեսակի փոխադրամիջոցների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Բացահայտելով Ադրբեջանի իշխող ռեժիմին սատարող բազմաթիվ մարդկանց՝ հայերը մատնանշում են Բաքվի խորամանկությունը: Շրջափակման վայրում՝ Շուշիի մերձակայքում, նկարահանված տեսարանում ինչ-որ գրոտեսկային բան կա: Մուշտակի մեջ փաթաթված և բարձրախոսով զինված ադրբեջանցի մի կին չարախոսում է Լեռնային Ղարաբաղում շահագործվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող հանքի թեմայով: Ձեռքում նա թափահարում է «խաղաղության աղավնին», որը կնոջ ձեռքի ճնշման տակ յուրաքանչյուր ցնցումից ճոճում է գլուխը: Թռչնին օդ նետելու պահին աղավնին անշարժ վայր է ընկնում գետնին: Տեսարանը ծիծաղելի կլիներ, եթե չվկայեր հնարավոր հումանիտար ճգնաժամի մասին, ինչը դրսևորվում է դեկտեմբերի 12-ից Արցախի տարածքում 120 հազար հայերի մեկուսացմամբ։ Որքա՞ն կտևի շրջափակումը: Արցախում ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով՝ «ակտիվիստները» վրաններ են տեղադրել և ճանապարհի լայնությամբ մի իրական գյուղ են հիմնել։ Օրվա ընթացքում նրանց են միանում հարյուրավոր այլ քաղաքացիական անձինք, նրանք այնտեղ հեռարձակել են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ինչպես նաև կազմակերպում են տոնական խնջույքներ՝ ռուս խաղաղապահ զինվորականների հայացքի ներքո: 2020 թվականից ի վեր ստանձնելով հայկական անկլավը Երևանին կապող այս նեղ միջանցքի պահպանությունը՝ ռուս խաղաղապահ ուժերն անզոր են գտնվում՝ ճանապարհը բացելու հարցում։ Իշխանություններին հարող մարդիկ Սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն ցուցաբերող ակտիվիստներին դժվար չեղավ նույնականացնել: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հիմնվելով սովորական բաց աղբյուրների վրա, նշել է, որ այդ մարդկանց մոտ նախկինում շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության որևէ հետք չի հայտնաբերվել։ Լրատվամիջոցը, ընդհակառակը, նշում է, թե ինչ ընդհանրություն կա բոլոր այս ակտիվիստների միջև՝ «աջակցություն նախագահական ընտանիքին և հպարտություն Ադրբեջանի ռազմական հաջողություններով»։ Ավելին, «Իրավունքի և արդարադատության Թաթոյան կենտրոն» հայկական վերլուծական խումբը զեկույցում մատնացույց է արել, որ դրանցից շատերը կապված են Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ: Այդ հիմնադրամը կառավարական մարմին է, որը գլխավորում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Միջանցքն արգելափակողների թվում են նաև Երիտասարդների աջակցության միության անդամները՝ մի ՀԿ, որը 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հասցեագրել է նամակ՝ շնորհավորելով նրան Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: «Գորշ գայլերի» նշանը Իրենց հերթին, ադրբեջանական լրատվամիջոցներն այդ մարդկանց ներկայացնում են որպես խիզախ ակտիվիստների: «Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ցույց է տվել իր ուժը, իր մշակույթը և իր հասունությունը: Եվ իր միասնականությունը»,-ուրախությամբ նշում է, օրինակ՝ Day.Az լրատվական կայքը՝ արգելափակման գործողությունը լուսաբանելու նպատակով միջանցքում տեղակայված բազմաթիվ լրատվամիջոցներից մեկը: «Երկրի հասարակական կազմակերպություններին, հանրային ակտիվիստներին, կամավորներին, լրագրողներին համախմբել է ազգային շահերի իրացման միևնույն մղումը»։ Միջանցքը շրջափակածների առաջին շարքերում Day.Az-ը չի վարանում հիշատակել ոմն Թելման Քասիմովին: Արժանանալով լրատվամիջոցների մեծ ուշադրությանը՝ այս մարդը 2020 թվականին իր ֆեյսբուքյան էջում ներկայացել է զինվորական համազգեստով, որի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Կեցցե՛ Ադրբեջանը: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Շարունակելով թերթել իր էջը՝ մենք կարող ենք նկատել, թե ինչպես է նա հպարտ կեցվածքով լուսանկարված Ռամիլ Սաֆարովի կողքին, ով Ադրբեջանում հերոս էր հռչակվել 2004 թվականին՝ ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ հայ սպային կացնահարելու համար: Իր ֆեյսբուքյան էջի հրապարակումներից մեկում նույն Թելման Քասիմովը ցուցադրում է Թուրքիայում էթնիկ փոքրամասնությունների խմբերի, մասնավորապես՝ հայերի դեմ բազմաթիվ բռնությունների պատասխանատվությունը ստանձնած «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական, աջ ծայրահեղական խմբավորման տարբերանշանը: Խմբավորման խորհրդանշանը՝ դեպի երկինք ուղղված երկու մատները և մյուս երեք մատներից կազմված դունչը, բազմիցս աչքի է զարնում միջանցքի շրջափակման լուսանկարներում։ Ոսկու ռազմավարական հանքավայրը «Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է»,- Le Figaro-ի հետ զրույցում նշում է Արցախի պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ «Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան»,- հարցադրում է անում պետնախարարը՝ նշելով, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ընդունել միջազգային հետաքննող հանձնաժողովին՝ ապացուցելու, որ հանքարդյունաբերության իրականացման համար անհրաժեշտ բոլոր բնապահպանական պայմանները պահպանվում են։ Ոսկու հանքը, որին վերաբերում է խոսքը, Կաշենի հանքավայրն է, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը թողնված տարածքի մի մասում։ «Ոսկու այս հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ Բայց Արցախի համար դա մեզ մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է», - նշում է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ «Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»։ ՍիվիլՆեթը, որը հայկական անկախ լրատվական գործակալություն է, բացահայտել է, որ Ադրբեջանի կառավարությունը վերջերս վաճառել է Կաշենի հանքավայրի շահագործման արտոնագիրը բրիտանական մի ընկերության։ Արդյոք պե՞տք է կապ տեսնենք ակտիվիստների՝ հանքի շահագործումից հայերին զրկելու պահանջի հետ՝ իհարկե բնապահպանական նկատառումներով։ Ակտիվիստներն իրենց հերթին հայտնել են մինչև վերջ գնալու իրենց պատրաստակամության մասին։ «Ոչ ոք մտադիր չէ նահանջել։ Մեր ժողովուրդը պատրաստ է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին», - դեկտեմբերի 22-ին Day.Az-ին տված հարցազրույցում ասել է Թելման Քասիմովը։ «Ես չեմ պատրաստվում տևողության հետ կապված կանխատեսումներ անել։ Կարող եմ միայն հաստատել, որ չնայած ցրտին, Լաչինի ճանապարհին ցույցի դուրս եկած մարդկանց վճռականությունն անսասան է»»:
    17:15
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպանների հավաքն անասելիք է եղել, դիվանագետները դժգոհում էին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն բացել Արցախի ճանապարհը՝ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական եղանակով։ Զենք գնել ու ներկրել չեն կարողանում, ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հրաժարվում են՝ Բրյուսելում եւ Մոսկվայում հանդիպումները չեղարկվեցին։ Ավելին՝ երբ միակ հույսը միջազգային ճնշումն է, իսկ դա ապահովելու միակ ձեւը ՀՀ դեսպանները՝ աշխարհի տարբեր երկրներում, նրանց կանչում են Հայաստան՝ իբրեւ թե ամենամյա դեսպանահավաքին մասնակցելու։ Դեկտեմբերի 20-ին Ջերմուկում կայացավ այդ հավաքը, որին մասնակցելու համար ժամանել էին բոլոր դիվանագետները՝ սկանդինավյան երկրներից մինչեւ ԱՄՆ ու Մերձավոր Արեւելք։ Սակայն հավաքն այնքան անասելիք է եղել, որ դեսպանները տրտնջում էին, թե՝ սրա՞ համար էին մեզ կտրում մեր գործից, բերում-հասցնում Հայաստան։ Ոչ մի նոր բան չլսեցինք»:
    17:07
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների մոտ թմրանյութ է եղել
    Դեկտեմբերի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել: Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, պարեկները կանգնեցրել էին Արթիկի 46-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի տեղում, պարեկները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված: Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդի՝ նախկինում դատված 29-ամյա եղբայրը ոստիկաններին հայտնեց, որ հայտնաբերվածը իրենն է, թմրամիջոց է, իսկ կանեփը հավաքել էր վայրաճ թփերից: Հետագա պարզաբանումների համար 29-ամյա տղամարդը հրավիրվեց Կումայրիի բաժին, որտեղ իրավապահներին ներկայացրեց կաթուցիչ՝ պատերին թմրանյութի նմանվող հետքերով: Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Շիրակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու ևս մեկ դեպք: Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում, դարձյալ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, նրանք կանգնեցրել էին քաղաքի 41-ամյա մի տղամարդու վարած «Օպելը»: Հիմնավոր կասկածանքով պարեկները վարորդին ձերբակալեցին ու տարան Կումայրիի բաժին: Պարզվեց, որ նա իրավաբանական անձանց օգտին քաղաքացիներից միջոցներ բռնագանձելու գործերով որպես պարտապան հետախուզվում էր ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մոխրացված հետքերով բժշկական կաթուցիչ: Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի հետքեր են, որի հումքը քաղել էր վայրաճ կանեփի թփերից: Երկու դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
    17:00
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, եւ հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։ Դեռ ուրբաթ օրը մի խումբ քաղաքացիներ՝ «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի առաջնորդությամբ, շարժվել էին Շուշիի ուղղությամբ եւ խաղաղապահներին իրենց բողոքը հայտնել՝ հորդորելով հնարավորինս արագ բացել միջանցքը։ Երեկ ողջ օրը սպասումներ կային ճանապարհը բացվելու վերաբերյալ, սակայն չիրականացան։ Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը»:
    16:52
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները ներկայացնում է ադրբեջանական կեղծ անվանումներով. «Թաթոյան» հիմնադրամ
    Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները տևական ժամանակ է ներկայացնում է ադրբեջանական հորինված, կեղծ անվանումներով՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե իբր ՀՀ այդ տարածքներն ունեն ադրբեջանական պատկանելիություն։ Այս մասին հաղորդում է «Թաթոյան» հիմնադրամը: Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու թշնամանքի քաղաքականության մաս է, այն ցույց է տալիս նրանց իրական մտադրություններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները։ Մասնավորապես, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների մեջ Ջերմուկն իրենց լեզվով անվանում են İstisu, Սիսիանը՝ Qarakilsə, Վաղատուրը՝ Vağudi, Վարդենիսը՝ Basarkeçər, Նորաբակը՝ Əzizli, Վերին Շորժան՝ Yukhari Shorzha և այլն։ Փոխարենը, անտեսելով Արցախի հայկական բնակավայրերի պատմական անվանումները, ամեն կերպ փորձում են ներկայացնել ադրբեջանական կեղծ տարբերակներով՝ բացարձակ անտեսելով բնիկ հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը (օրինակ՝ Մարտակերտն անվանում են Ağdəra, Մարտունին՝ Xocavənd և այլն)։ Այս փաստը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, ավելին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում անգամ այդ փաստաթուղթը չի գործելու, քանի դեռ միջազգային հանրությունը գործուն միջոցներ չի ձեռարկում՝ վերացնելու համար Ադրբեջանի իշխանությունների պատերազմ հրահրելու ու թշնամանքի քաղաքականությունը։ Այս ապացույցները ևս փաստագրվում են միջազգային կազմակերպությունների ուղարկելու, ինչպես նաև տարաբնույթն հանդիպումների ժամանակ ներկայացնելու նպատակով։
    16:45
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է, թե քանի խաղ բաց կթողնի Մեսսին
    Հայտնի է դարձել, թե երբ է Լիոնել Մեսսին սկսելու մարզվել ՊՍԺ-ի հետ։ Ֆրանսիական ակումբն ակնկալում է, որ հարձակվողը կվերադառնա մարզումներին հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 3-ին, գրում է TyC Sports-ը։ Այս դեպքում Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի հաջորդ երեք հանդիպումները՝ Լիգա 1-ում «Ստրասբուրգի» (դեկտեմբերի 28) և «Լանսի» (հունվարի 1) դեմ խաղերը, ինչպես նաև Ֆրանսիայի գավաթի խաղը «Շատորոյի» դեմ (հունվարի 6): Սպասվում է, որ Մեսսին ՊՍԺ-ի կազմում կխաղա «Անժե» դեմ՝ Լիգա 1-ի 18-րդ տուրում, (հունվարի 11-ին)։ Հարձակվողը, որն Արգենտինայի հետ դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն, այժմ հանգստանում է իր հայրենի քաղաքում՝ Ռոսարիոյում։
    16:37
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    27-ամյա վարորդը Opel-ով բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում․ վիրավորներից մեկը 5 տարեկան է
    Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Առաքել Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/27/1229616/
    16:30
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պեսկովը սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները․ «News.am»
    Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։ «Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- NEWS.am-ի խնդրանքին ի պատասխան ասել է Պեսկովը։ Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր «Ազատությունը»։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։
    16:22
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ովքեր են պետբյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սանկտ-Պետերբուրգ
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ։ Տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցել է նաեւ կինը եւ փոքրիկ Արփին։ Նրա հետ նաեւ պաշտոնական պատվիրակություն էր մեկնել Սանկտ-Պետերբուրգ՝ ընդհանուր առմամբ 11 հոգի։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Եսթեր Սահակյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին է կատարվելու, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։ Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։ Ռոբերտ Կավկասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվության»:
    16:15
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգում հյուրասիրել են շիլա, շոռակարկանդակ և կարտոֆիլի բլիթներ
    Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովին հավաքված ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշի ճաշացանկը ներառում էր շիլայի մի քանի տեսակներ, թարմ կաթնաշոռ՝ հատապտուղներով, կարտոֆիլի բլիթներ՝ ծովախեցգետնով և պաշոտով, շոռակարկանդակ՝ թթվասերով, «Երեք շոկոլադ» խմորեղեն և գլինտվեյնով օշարակ՝ կեռասի չրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը: Յուրաքանչյուր ոք կարող էր ընտրել իր ճաշակին համապատասխան ուտեստ։ Շիլաներից ԱՊՀ երկրների ղեկավարներին առաջարկվել է «Հինգ հացաբույսեր» շիլա, հնդկաձավարի շիլա կամ բրնձի շիլա՝ չամիչով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
    16:11
    27.12.22
    Ավելին