Լրահոս

2023-01-18
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ը՝ Արցախ 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու մասին
    Հունվարի 17-ին ռուս խաղաղապահ առաքելության միջոցով Հայաստանից Արցախ թվով 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու և երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները, որոնք ներկայացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից փաստագրվել և ներկայացվում են երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու ՄԱԿ մոնիտորինգային մարմիններին ու հատուկ մանդատակիրներին, գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ «Դեպքն ունի մի շարք յուրահատկություններ։ Իրենց ընտանիքի հետ միավորվող երեխաներն արդեն մեկ ամսից ավել կրել են հոգեբանական տառապանքներ՝ բաժանված լինելով իրենց ծնողներից ու հարազատներից, զրկված լինելով կրթության ու զարգացման համար բարենպաստ պայմաններում ապրելու իրավունքներից։ Այս ընթացքում կրել են հանրային ավելորդ հետաքրքրասիրության հետևանքները, հոգեբանական տառապանքներ են ունեցել Արցախում բնակվող իրենց ընտանիքների անվտանգության համար։ Տեղափոխման ընթացքում ցավալիորեն հնարավոր չի եղել ապահովել երեխաների հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության բավարար երաշխիքներ։ Լաչինի հումանիտար միջանցքն ապօրինաբար արգելափակած ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոց ներխուժելու և երեխաներին սարսափեցնելու դեպքը, որի հետևանքով երեխաներից մեկն ուշագնաց է եղել, էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է, այն ոտնահարում է կոնֆլիկտային ու ճգնաժամային իրավիճակներում առանց խտրականության երեխայի լավագույն շահի ապահովման միջազգային հիմնարար սկզբունքներն ու նորմերը։ Նշված դեպքով ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող կեղծ ակտիվիստների գործողությունը լիովին տեղավորվում են Արցախում սարսափի ու ֆիզիկական անձեռնմխելիության անմիջական վտանգի միջավայր ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության մեջ»,- գրել է Գրիգորյանը։
    17:07
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սա քաղաքական շրջափակում է. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
    Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Պետնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը պահանջում է ոչ միայն հրատապ խնդիրների վերաբերյալ որոշումների կայացում, այլև ստիպում է աշխատանքները նոր ձևով կազմակերպել, քանի որ նոր մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն համակարգված և թիմային աշխատանքով: Այս իրավիճակում նա առանցքային է համարել կարգապահությունն ու թափանցիկ աշխատանքը: Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն երեկ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը. «Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»: Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարը նշել է. «Սա քաղաքական շրջափակում է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է սուբյեկտայնության համար»: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կառավարության անդամներին պարզաբանել է իրավիճակի հետ կապված իր մոտեցումները: «Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա՛ եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝ այդ նպատակին հասնելու համար,-ասել է պետնախարարը:- Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք, ու ես, այո՛, աշխատելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ: Հիմա մենք այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք»: Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջափակման հետևանքով մի շարք ոլորտներում ստեղծված խնդիրներն ու այդ պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
    17:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձն օրակարգում չէ. Բլինքեն
    Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը ներկայում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում: «Ինչ վերաբերում է ԳՀՀԾ-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները շատ ամիսներ առաջ «սպանեցին» այս համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Հնարավորություն կար, որը նրանք մերժեցին, հնարավորություն, որը հավանության էր արժանացել ներգրավված բոլոր կողմերի՝ եվրոպացիների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Այնպես որ ԳՀՀԾ-ն, որպես գործնական հարց, երկար ամիսներ օրակարգում չի գտնվում: Դա մեր ուշադրության կենտրոնում չէ», - ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ԳՀՀԾ-ին վերադառնալու հեռանկարների մասին հարցը: «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք կենտրոնանում ենք Իրանի գործողությունների վրա Ռուսաստանին զենքի մատակարարումների առումով՝ Ուկրաինայում անմեղ մարդկանց և էներգետիկ ցանցի դեմ կիրառելու համար: Եվ, իհարկե, մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք տարածաշրջանում նրա մյուս ապակայունացնող գործողությունների վրա», - ասել է պետքարտուղարը։ Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է նաև «նախագահ Բայդենի հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանում երբևիցե միջուկային զենք հայտնվի»։ «Մենք շարունակում ենք համարել, որ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է», - նշել է ԱՄՆ սարտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Բլինքենը նաև խոստովանել Է նա, ԱՄՆ-ի համար «սարսափելի սխալ էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը» և դուրս գալ ԳՀՀԾ-ից։ «Այժմ մենք գործ ունենք հետևանքների հետ: Հետևանքներ, որոնց թվում է Իրանի շատ զգալի առաջընթացն իր միջուկային ծրագրի իրականացման գործում: Սա լրացուցիչ մարտահրավեր է` ի լրումն մյուս գործողությունների, որոնք Իրանը ձեռնարկում է: Սակայն, ինչպես ասացի, ԳՀՀԾ-ն ներկայումս (բանակցությունների) սեղանին չէ», - հավելել է Բլինքենը։ ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրել Էին 2015 թ.-ին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախորդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ վերադառնալու Թեհրանի հետ միջուկային գործարքին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:
    16:52
    18.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանն ուսումնասիրում է Ադրբեջանի տվյալները, թե «Լաչինի միջանցքով ականներ են տեղափոխել»
    Լավրովն այսօր նաև հայտարարել է, թե ռուս զինվորականներն այժմ ուսումնասիրում են ադրբեջանական կողմի հայտնած այն տվյալները, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել Արցախ:
    16:45
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ քայլեր է անում Կաթողիկոսը՝ Արցախի շրջափակման օրերին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է, կտրված է կապը Արցախի եւ արտաքին աշխարհի հետ: Այս օրերին հնչել են տարբեր հայտարարություններ եւ կոչեր՝ ճանապարհը բացելու շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե այս օրերին ինչով է զբաղված եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը նշել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար զանազան քայլեր են իրականացվում Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի կողմից։ «Ադրբեջանական ագրեսիայի եւ սադրանքի ապօրինի գործողությունների հակազդման համար Մայր Աթոռի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։ Վեհափառ Հայրապետի կողմից համապատասխան հրահանգներ են եղել աշխարհասփյուռ թեմերին, թեմակալ առաջնորդներին տեղերում պետական, դիվանագիտական, քաղաքական, հասարակական շրջանակներում իրականացնել իրազեկման ակցիաներ՝ բարձրաձայնելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին եւ, ըստ ամենայնի, աջակցելու Արցախին»,- նշել է նա։ Տ. Եսայի քահանա Արթենյանի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ են նոր նախաձեռնություններ»:
    16:37
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 53 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ընտանեկան բռնության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ընտրակաշառք տալու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խոշտանգման, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, ինքնավնասման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և ավազակային հարձակման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    16:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր պատվիրակությունը մարտական տրամադրված կգնա ԵԽԽՎ հերթական նստաշրջանին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին մասնակցելու է հայաստանյան պատվիրակությունը՝ ողջ կազմով։ Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քննարկվելու է նաեւ Լաչինի միջանցքի հարցը։ Հայաստանյան պատվիրակությունը, մեզ հասած տեղեկություններով, բավականին մարտական է տրամադրված, եւ փորձելու են պարտադրել, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների բանաձեւ ընդունվի` կառույցը չսահմանափակվի ավանդական, հերթապահ, ոչինչ չտվող հայտարարությամբ։ Կհաջողվի՞ արդյոք մեր պատվիրակությանը, դժվար է ասել»:
    16:22
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերված սիգի վաճառքը կասեցվել է
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերել են սիգի վաճառք, որն անմիջապես կասեցվել է։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունից զգուշացնում են, որ 2022 թ. դեկտեմբերի 15-ից 2023 թ. հունվարի 20-ը ներառյալ սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածում որսը խստորեն արգելված է, հետևաբար իրավախախտների նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու:
    16:15
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ռեալ»-ը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով. Transfermarkt
    Իսպանական Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Transfertmarkt-ի էջում գրված է, որ Մադրիդի «Ռեալ»-ը և Նիդերլանդների ՊՍՎ-ն այս պահին հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում:
    16:07
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի․ Լավրով
    Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ հունվարի 17-ին շփվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։ «Լաչինի միջանցքը պետք է երկկողմանի բաց լինի մարդկանց, բեռների համար։ Առանձին որոշվել էր, որ ռազմական բեռներ այդ միջանցքով չպետք է անցնեն։ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել այն մասին, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել և ականապատել Ադրբեջանի հետ սահմանակից շրջանները և այլն. մենք դրանք ուսումնասիրում ենք։ Այնտեղ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարար ընդգծել է, որ Ռուսաստանը մի պարզ բան է առաջարկել. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բոլոր հնարավորությունները ունեն ստուգելու միջանցքով անցնող բեռները՝ արգելված ապրանքների տեղափոխումը կանխելու համար։ «Տառացիորեն երեկ կամ նախորդ օրը հանդիպել են ՌԴ խաղաղապահները, ադրբեջանցիները և Ղարաբաղի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ հարցը (խմբ. միջանցքի բացումը) մոտակա ժամանակներում կլուծվի»,- ասել է Լավրովը։
    16:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դահուկորդ Միքայելյանին 17 վայրկյան չի բավարարել Ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու համար
    Հայաստանի դահուկասպորտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը հաջող է մեկնարկել Ուսանողական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Համաշխարհային ուսանողական խաղերի դահուկավազքի 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Միքայել Միքայելյանին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չբավարարեց բրոնզե մեդալակիր հռչակվելու համար: Նա իրենից առաջ է թողել միայն Նորվեգիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներին, որոնցից 2-րդ տեղը զբաղեցրած Բոե Մագնուսը 2016թ. Երիտասարդական Օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Ի դեպ, մրցատարածության զգալի մասը Միքայելյանը եղել է առաջատարի դիրքում:
    15:54
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Վառնայում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային կենտրոն
    Սև ծովի ափին գտնվող Վառնա քաղաքում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային տեղեկատվական կենտրոն։ Որոշումն ընդունվել է հայկական ամենամյա Սուրբ Ծննդյան բարեգործական միջոցառման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA գործակալությունը՝ վկայակոչելով «Բարեգործական» համահայկական միության կազմակերպիչներին։ Նոր կենտրոնի առաջին միջոցառումը կլինի Քրիստինա Ազնավուրի համերգը Բուլղարիայում Ֆրանսիայի և Հայաստանի դեսպաններ Ժոել Մեյերի և Արմեն Եդիգարյանի հովանավորությամբ՝ ապրիլի 30-ին։ Քննարկվել է նաև 1977-1983 թթ. Վառնայի բժշկական համալսարանի դեկան և ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Կարապետ Կապրելյանի անվամբ փողոց անվանակոչելու և նրա խորաքանդակը տեղադրելու նախաձեռնությունը: Կապրելյանը եղել է վիրուսաբանության ամբիոնի և քաղաքի մի քանի հիվանդանոցների հիմնադիրը։ Ներկայում նրա որդին «Բարեգործական» համահայկական միության խորհրդի փոխնախագահն է։
    15:47
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ից աղմկոտ անցյալ ունեցող դիվանագետ է գործուղվել խորհրդարան․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն արարողակարգի վարչության պետ է նշանակել Ալեքսանդր Մխիթարյանին, որն ԱԺ է գործուղվել ԱԳՆ-ից։ Նա նշանակվել է 3 ամսով․ «2023 թ. հունվարի 11-ից, 3 ամիս ժամկետով, ՀՀ ԱԳՆ-ից գործուղված Ալեքսանդր Մխիթարյանին նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնում»։ Նա փոխարինել է նախկին պետ Հակոբ Հաջի-Հակոբյանին` ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աներոջը: Վերջին շրջանում մամուլ սպրդեցին Հաջի-Հակոբյանի դատվածության մասին լուրեր, որ նա 2013-ին, երբ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետն էր, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեղծ վիզաներ տրամադրելու) դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Գուցե այս ազատման պատճառը հենց Հաջի-Հակոբյանի քրեական անցյալն է, սակայն Մխիթարյանն էլ պակաս աղմկոտ անցյալ չունի»:
    15:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արսեն Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի Չելսի
    Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է PA Media-ն։ Չնայած լոնդոնյան ակումբի հետաքրքրությանը, տրանսֆերն այս ձմռանը չի կայանա: Գործարքին շարունակում են խոչընդոտել հակառուսական պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, «Չելսին» կշարունակի հետևել Արսենին: Արսեն Զախարյանը վերջին տրանսֆերային պատուհանում մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն գործարքը հնարավոր չեղավ իրագործել։ Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
    15:29
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջան-Հայաստան սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը մնում է. Լավրով
    Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թ.-ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ «Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման», - մեջբերում է նրա խոսքը ТАСС գործակալությունը։ Լավրովը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե Բաքուն համաձայնություն չտա դրան:
    15:25
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր երեխաների համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում` Արցախն Ադրբեջանի մեջ «խոթել» փորձողները․ Բաբայան
    Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է. «Ադրբեջանցի էկոահաբեկիչների գործողություններն արցախցի երեխաների նկատմամբ ցեղասպանական ու նացիստական ​​քաղաքականության ամենաակնառու դրսևորումն է։ Աշխարհը պետք է արձագանքի, պարզապես պարտավոր է: Բայց մենք ինքներս պետք է համապատասխան եզրակացություններ անենք։ Մեր երեխաների և նրանց ապագայի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ»։ Ադրբեջանցի էկոահաբեկիչների գործողություններն արցախցի երեխաների նկատմամբ ցեղասպանական ու նացիստական քաղաքականության ամենաակնառու դրսևորումն է։
    15:22
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրազիլիայում հեղաշրջման փորձի համար մեղադրանք է ներկայացվել 39 մարդու
    Բրազիլիայի գլխավոր դատախազությունն առաջին մեղադրանքներն է ներկայացրել կառավարական շենքերը գրոհելու մեջ ներգրավված շուրջ չորս տասնյակ մարդկանց նկատմամբ, որոնք, ըստ իշխանությունների, փորձում էին չեղյալ ճանաչել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի պարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Դատախազները պահանջել են, որ Բրազիլիայի Կոնգրեսի շենքը ենթադրաբար գրոհած մեղադրյալների համար որպես խափանման միջոց ընտրվի ազատազրկումը, իսկ նրանց ակտիվներից 40 միլիոն ռեալ (7,7 միլիոն դոլար) սառեցվի՝ վնասները փոխհատուցելու համար: Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել զինված հանցավոր խումբ կազմելու, ժողովրդավարական իրավական պետությունը տապալելու բռնի փորձի, հեղաշրջում կազմակերպելու և հանրային ունեցվածքը վնասելու համար: Նրանց ինքնությունն առայժմ չի հրապարակվել։ Ավելի քան հազար մարդ ձերբակալվել է հունվարի 8-ի խռովության օրը, որը շատերը նմանեցնում են 2021 թ.-ի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքի գրոհի հետ, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ցանկանում էին չեղյալ ճանաչել 2020 թ. նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Ջո Բայդենը դարձավ նախագահ: Ցուցարարները, որոնք ներխուժել էին մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող Կոնգրեսի շենք, նախագահական պալատ և Գերագույն դատարան, ձգտում էին ստանալ զինված ուժերի աջակցությունը և պաշտոնանկ անել նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային: Ակնկալվում է, որ մեղադրանքներ կառաջադրվեն նաև այլ ցուցարարների նկատմամբ:
    15:15
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր գլխին կախված ցեղասպանության մեղքը թուրք-ադրբեջանցու հետ հավասարապես կիսում եք նաև դուք՝ քպականներ. Լիլիթ Գալստյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախորդ օրը ադրբեջանցիների՝ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների ավտոբուս ներխուժելուն: «Դուք ո՞նց եք ապրում, ո՞նց եք քայլում էս հողի վրա, ո՞նց եք ձեր երեխեքի աչքերի մեջ նայում նիկոլականներ, քպ-ականներ։ Ձեր կոկորդից ոնց է ջուր իջնում․․․ Ու դեռ ԱԺ ամբիոնից էլ խոսում եք ձեր վարչապետի անուրանալի քայլերի մասին։ Սա է ձեր պատկերը, ձեր պատկերացրած Արցախը, Ադրբեջանի հետ «ապրող» Արցախը։ Եվ դուք Արցախն ուղարկում եք արնածոր յաթաղանը հայ մարդու գլխին պահած թուրքի հետ բանակցելու, այ տկլոր ծաղրածուներ՝ անհայրենիք ու անարժանապատիվ․․․ Մեր գլխին կախված ցեղասպանության մեղքը թուրք-ադրբեջանցու հետ հավասարապես կիսում եք նաև դուք՝ քպականներ ու նիկոլ։ Դուք պատասխան եք տալու ազգի ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական ոչնչացման համար․․․ տալու եք․․․ Մեր պարտության մեղքի համար պիտի զենքը վաղուց ձեր քունքին դրած լինեիք․ արժանապատվությունն այյ ելք չէր թողնում։ Բայց դուք արսենյանի, մելքոնյանի ու դավաճանության մյուս սուրհանդակ-մունետիկների հետ դեռ համոզում եք, թե թուրքը սպառնալիք չէ։ Էս ի՜նչ խրախճանք եք սարքել մեր ողբերգության վրա բիզնես անող մարդկային մնացորդներ․․․ Էսքան նողկալի ու եղկելի․ Ձեր սահմանը ձեր անսահման անբարոյականությունն է․․․»,- գրել է Գալստյանը:
    15:07
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս
    Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    15:04
    18.01.23
    Ավելին