Լրահոս

2023-02-13
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կենցաղային սպասքը կարող է վնասել առողջությանը. մտածեք՝ նախքան ընտրություն կատարելը
    Նույնիսկ խնամքով պատրաստված սնունդը կարող է վնասակար լինել, եթե անտեսվի սպասքի որակը, որով պատրաստում կամ մատուցում են այն: Մասնագետներն այն կարծիքին են, որ ցանկացած նյութից պատրաստված խոհանոցային սպասքը նախատեսված է հատուկ բաղադրությամբ սննդատեսակների համար. օրինակ՝ էմալապատ տարաները հարմար են թթու մթերքները, միսը և նախուտեստները պահելու համար, սակայն խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել կաթը եռացնելու համար, քանի որ այդպիսով նվազում է կաթի պահպանման ժամկետը։ Ընդհանրապես, նման սպասքը երկար է ծառայում` մինչև էմալի վնասվելը, որի դեպքում պետք է անմիջապես հրաժարվել սպասքից, քանի որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Ալյումինի դրական և բացասական կողմերը Ալյումինե խոհանոցային սպասքը շատ տարածված է: Դրա առավելություններից է այն, որ մթերքը գրեթե չի այրվում և տարայի վրայից հեշտ է մաքրվում։ Ալյումինը արագ պատվում է ալյումինի օքսիդի թաղանթով, որը պաշտպանում է սպասքը վնասվելուց։ Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ապա առաջինը թթու մթերքի՝ բանջարեղենային և մրգային ուտեստներ պատրաստելու և պահելու անհնարինությունն է։ Բանջարեղենի և մրգերի մեջ հայտնաբերված թթուն ռեակցիայի մեջ է մտնում ալյումինի և դրա օքսիդի միացման ժամանակ։ Բժշկական հետազոտությունների համաձայն՝ մարդու օրգանիզմում ալյումինի և դրա աղերի ավելցուկը հաճախ հանգեցնում է մի շարք հիվանդությունների։ Այսպիսով, ալյումինե տարայում պատրաստված ճաշատեսակները պետք է օգտագործվեն զգուշությամբ: Չժանգոտվող պողպատի երկարակեցության գաղտնիքը Չժանգոտվող պողպատից պատրաստված սպասքը, որպես կանոն, առանձնանում է ոչ միայն իր փայլով, այլև դիմացկունությամբ։ Սակայն չժանգոտվող պողպատը լավ չի փոխանցում ջերմությունը: Փորձագետների խոսքով՝ նման սպասքը պատրաստված է քրոմ-նիկելային պողպատից, որն իներտ է քիմիապես ակտիվ նյութերի՝ թթուների և ալկալիների, աղի ջրի, մարինադների, մսի նկատմամբ։ Չժանգոտվող պողպատից դանակները իրենց առավելություններով հայտնի են յուրաքնչյուր տնային տնտեսուհու, սակայն քիմիապես այս նյութը ավելի պասիվ է վոլֆրամ պողպատի համեմատ: Ապակե և բյուրեղապակե սպասք Ապակե և բյուրեղապակե սպասքը, անշուշտ, գեղեցիկ է, նաև հեշտ է մաքրվում: Հիմնական թերությունը փխրունությունն է: Ուստի պետք չէ այդպիսի բաժակների մեջ եռման ջուր լցնել, դրանք պետք է դանդաղ տաքացվեն։ Չորրորդ կամ հինգերորդ տաքացումից հետո էլ չես կարող վստահ լինել, որ բյուրեղապակին չի ճաքի։ Ապակե, բյուրեղապակե և կավե սպասքը քիմիապես իներտ է և լուրջ վնաս չի հասցնի օրգանիզմին: Տեֆլոնե սպասք Տեֆլոնե ծածկույթով տապակները և կաթսաները բավականին տարածված են: Այն սինթետիկ պոլիմեր է, որը դիմացկուն է օքսիդացնող նյութերի, ալկալիների, թթուների նկատմամբ։ Միաժամանակ տեֆլոնը պարունակում է ֆտոր, այրված մնացորդները վատ են մաքրվում այսպիսի սպասքի վրայից։ Դանդաղ տաքացումից հետո նման տարաները երկար կծառայեն՝ մինչև ծածկույթի ամբողջականությունը խախտվի: Ուստի ավելի լավ է նախապատվությունը տալ կրկնակի ծածկույթով սպասքին։ Տեֆլոնե սպասք օգտագործելիս ավելի լավ է օգտագործել փափուկ նյութից պատրաստված թիակներ, որոնք չեն քերի կամ վնասի սպասքի հատակը։ Թուջե սպասք Չնայած թուջե տապակը կարելի է անվանել անցյալից մնացած հիշողություն, սակայն այն անփոխարինելի է որոշ ուտեստներ պատրաստելու համար, օրինակ՝ բլիթներ տապակելիս: Չուգունը երկաթի և ածխածնի համաձուլվածք է: Երբ երկաթը և դրա օքսիդները հայտնվում են մարդու օրգանիզմում, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում (երկաթի մի մասը ներծծվում է, իսկ դրա ավելցուկը հեշտությամբ արտազատվում է, ասում են բժիշկները): Կավե ամանեղեն Դեռ հնուց կավից պատրաստված տարաների մեջ պատրաստում են միս ու բանջարեղեն, պահում մեղր, մուրաբաներ, թթու վարունգ։ Այս սպասքն օգտագործելիս գլխավորը թթվային միջավայրի շփումը ջնարակների հետ բացառելն է (կավը հաճախ ներկում են ջնարակով)։ Ջնարակները պարունակում են ծանր մետաղների աղեր՝ կապարից մինչև կոբալտ: Թթու վարունգի հետ շփման դեպքում ծանր մետաղների աղերը հեշտությամբ անցնում են մարինադի մեջ և հետագայում թունավորում օրգանիզմը: Իսկ շատ աղեր տարիներ շարունակ չեն արտազատվում օրգանիզմից։ Ինչ վերաբերում է պղնձե կաթսաներին, ապա դրանք կարելի է օգտագործել միայն մակերեսը մաքուր թիթեղով պատելով, հակառակ դեպքում պղնձե կաթսաների համաձուլվածքը, որը կապար է պարունակում, բացասաբար կանդրադառնա առողջության վրա։ Ծանր մետաղները, ի տարբերություն մաքուր անագի, նույնիսկ միկրոդոզայով, վնասակար են առողջության համար։ Ջեմ պատրաստելիս սովորաբար օգտագործվում են պղնձից և դրա համաձուլվածքներից պատրաստված տարաներ, քանի որ շաքարը կանխում է ծանր մետաղների և վնասակար աղերի առաջացումը։ Այսպիսով, անհրաժեշտ է իմանալ նման կարևոր նրբությունները, կատարել սպասքի գրագետ ընտրություն՝ կանխելով մի շարք հիվանդությունների առաջացումն ու պահպանելով առողջությունը։
    20:25
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցային որոշումների կայացման մաս լինել
    ՆԱՏՕ-ն կարող է միջազգային այն քննարկումների մաս լինել, որոնք ուղղված են Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Միջազգային համաձայնագրերի, երաշխիքների, պայմանավորվածությունների հետ կապված մենք կարող ենք լինել միջազգային բանակցային լուծումների մաս: Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ շրջանակ կարող են դրանք ընդգրկել. ցանկացած միջազգային համաձայնագիր, որում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կտրամադրեն ցանկացած երաշխիք, միանգամայն հնարավոր է»,- նշել է նա:
    20:15
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում նկատվում է տաքսի ծառայությունների գների բարձրացում․ ԱՀ տեղեկատվական շտաբ
    Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում: Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից: «Բնակչությանը հորդորում ենք տաքսի ծառայությունների կողմից անհիմն գնաճ նկատելու դեպքում զանգահարել օպերատիվ շտաբում գործող 119 համարով գործող թեժ գիծ և տեղեկացնել խնդրի մասին»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
    20:05
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 31600-ը
    Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 13-ի ժամը 10.55-ի դրությամբ երկու ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31643-ի։ Այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակում (AFAD), փոխանցում է Anadolu-ն։
    19:52
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ օպերլիազորների և փաստաբանների միջադեպի կապակցությամբ
    Փետրվարի 10-ին մի խումբ փաստաբաններ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն են տարածել, որ փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանն իրենց անչափահաս պաշտպանյալի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի մասնակցությամբ կատարվող առերես հարցաքննությանը մասնակցելու նպատակով գտնվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ օպերլիազորը հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբանի և անչափահաս պաշտպանյալի նկատմամբ, խոչընդոտել է փաստաբանների մասնագիտական գործունեությանը, հայհոյել փաստաբաններին և մի խումբ օպերլիազորների հետ ծեծի ենթարկել նրանց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն և կատարվածի բոլոր հանգամանքները վերջնականապես կպարզվեն նախաքննության արդյունքներով։ Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննությամբ հայտնի դարձած տվյալների համաձայն՝ փետրվարի 8-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորներ Սահակ Մկրտչյանը և Ստյոպա Ավագյանը ծառայություն են իրականացրել Երևանի Ազատամարտիկների փողոցում։ Զբոսայգում նկատել են շուրջ 20 երիտասարդի, պարզաբանումների նպատակով մոտեցել են նրանց ու ներկայացել, սակայն երիտասարդները դրսևորել են անպարկեշտ վարքագիծ և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել, հրել են օպերլիազորներին, ապա ծեծի ենթարկել նրանց ու գործընկերներին օգնության հասած օպերլիազոր Տարոն Ներսիսյանին։ Վերջինս և Ստյոպա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 5 երիտասարդ ձերբակալվել է։ Փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են երկու փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։ Քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։ Վիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։ Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, քրեական հետախուզության բաժանմունքի պետի և բաժնի այլ ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։ Այդ ընթացքում փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին։ Ըստ ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում։ Ուստի անթույլատրելի է կատարվածը մեկնաբանել պաշտպանի մասնագիտական գործունեությունն իրականացնելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ անթույլատրելի է իրավիճակային եզակի դեպքերը և դրանց վերաբերյալ գնահատողական մեկնաբանությունները տարածել և մեկնաբանել համակարգային համատեքստում՝ բնութագրելով ողջ համակարգում առկա իրավիճակը, քանի որ ոստիկանները և փաստաբաններն աշխատել և աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ հանուն քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության։ Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ բնույթի մեկնաբանություններից և հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում համատեղ աշխատանքի արդյունավետության վրա։ Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում։
    19:40
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20 մարդ
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ։ Հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար:
    19:35
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վթարային ջրանջատում` Արագածոտնի մարզում փետրվարի 14/15-ին
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 12:00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    19:27
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ընկերության տնօրենը հափշտակել է շուրջ 102 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
    Հայաստանի Հանրապետությունում հաշվառված «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները: Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով օդանավի «THS Actuator» պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին և տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել անգլիական «Avtrade limited» ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով, 2021 թվականի մայիսի 7-ի՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ Կոմիտեին առաջարկություն է ներկայացրել նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազար ԱՄՆ դոլարով գնել այդ պահին գոյություն չունեցող՝ կիպրական «Brightcom Aviation Ltd» ընկերությունից: Դրանից հետո, առավել մեծ շահույթ ստանալու նպատակով, Կ.Ա.-ն, չարաշահելով Կոմիտեի ղեկավար անձնակազմի վստահությունը, մոլորեցնելու եղանակով 2021 թվականի մայիսի 17-ին մեկ այլ՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ հայտնել է, թե իբր վերը նշված օգտագործված պահեստամասը վաճառվել է՝ առաջարկելով նույն ընկերությունից ձեռք բերել նույն պահեստամասը՝ առավել բարձր արժեքով՝ 370 հազար ԱՄՆ դոլարով: Արդյունքում, նշված պահեստամասը «Avtrade limited» ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերելու փոխարեն, Կ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտե է ներկայացրել 2021 թվականի մայիսի 30-ին կազմված՝ ենթադրաբար կեղծ հաշիվ-ապրանքագիր, նշված պահեստամասն այդ պահին գոյություն չունեցող «Brightcom Aviation Ltd» ընկերությունից ձեռք բերելու վերաբերյալ: Արդյունքում, պահեստամասի ձեռքբերման համար Կոմիտեի կողմից Կ.Ա.-ի ղեկավարած ընկերությանն է փոխանցվել 370 հազար ԱՄՆ դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը Կ.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է: Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն, որի պահանջների կատարման նպատակով իրականացվել են մի շարք վարութային գործողություններ: Վերոնշյալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցանքի հետևանքով պետությանը պատճառվել է 102 մլն 350 հազար 371 դրամի վնաս: 2022 թվականի դեկտեմբերի 23-ին նշված գումարն ամբողջությամբ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական վարույթի նյութերը ստուգման նպատակով կրկին ստացվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարվածը քողարկելու, հանցագործության հետքերը թաքցնելու, կատարված հանցանքին օրինական տեսք տալու ձգտումով Կ.Ա.-ն Կոմիտե ներկայացրած կեղծ հաշիվ-ապրանքագրերում նշված հասցեով (Gastras, 4 Athienou, 7600, Cyprus) 2021 թվականի հունիսի 8-ին հիմնադրել է «BRIGHTCOM LIMITED» անվամբ ընկերությունը: Քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը և օգտագործելը): Նույն օրը քրեական վարույթի նյութերը և Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել են վարույթն իրականացնող քննիչին՝ Կ.Ա.-ին մեղադրանք ներկայացնելու և նրա նկատմամբ պիտանի խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:15
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
    Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
    19:02
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:52
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղարքունիքի պարեկները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր, հայտնաբերել՝ սառը զենքեր
    Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։ Մարզի տարբեր բնակավայրերում պարեկները ստուգել են տարբեր մակնիշների մեքենաներ։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր շուրջ 18 խմ փայտանյութով։ Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։ Փայտանյութի օրինականությունը ստուգվում է։ Բացի այդ, Գեղարքունիքի պարեկները ստուգել են տարբեր մակնիշների մարդատար մեքենաներ։ Հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակներ։ Հայտնաբերվել է նաև 600 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Բոլոր դեպքերով հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    18:40
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին, Լարսը բեռնատարների համար փակ է
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    18:27
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
    Երիտասարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
    18:15
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Դալարիկ գյուղում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանում բնակվող երկու երիտասարդի։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 5 գրամից ավելի քաշով, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԴԱՀԿ-ն «տրուսիկներ» է վաճառում. «Հրապարակ»
    Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը 2100 հատ վարտիք է հանել աճուրդի, մեկնարկային գին է սահմանվել 450 հազար 388 դրամ, այսինքն՝ 1 հատի համար՝ 215 դրամ։ Աճուրդը հայտարարվել է փետրվարի 9-ին, ավարտվելու է փետրվարի 20-ին։ Վարտիքները մաքսազերծված չեն և գնորդը պետք է  կատարի պահատվության և մաքսային վճարումներ: Աճուրդի հանված վարտիքների նկարները տեղադրված են արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքում։ Նշենք, որ նախկինում նման ապրանքներ չեն տեղադրվել կայքում, քանի որ պատշաճ չեն համարել, տվյալ դեպքում ոչ միայն հայտարարությունն են տեղադրել, այլև լուսանկարներ ավելացրել ու հստակ նշել, որ վարտիքները տարբեր գույնի են՝ «DONA» ապրանքանիշի։   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1ec4cc0df18c6781e0d7744787f4a57f?fbclid=IwAR0TB9KdekeZgE-0HbRtUXQNdk6XmkIUftTVYLQYjULdDfl1F0HI48a4g98 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:47
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին
    Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս (2-ից 5-րդ և 10-րդ կիլոմետր հատվածներում բուք է), Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) և Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ (բուք է) ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    17:35
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 239 երեխա է ծնվել շրջափակման մեջ
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը։ 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 239 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 25,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 64 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն և խնամք ստանալու հնարավորությունից: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։
    17:25
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայի կղզիների թիվը վերահաշվարկի արդյունքում կրկնապատկվել է՝ հասնելով 14 125-ի
    Ճապոնիայի կառավարությունը տեղական ջրատարածքի՝ 35 տարվա ընթացքում կատարված առաջին ուսումնասիրության արդյունքում կրկնապատկել է երկրին պատկանող կղզիների թիվը՝ 6 852-ից հասցնելով մինչև 14 125-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Հետազոտությունը կատարվել է Ճապոնիայի քարտեզի էլեկտրոնային տարբերակի ավտոմատացված ուսումնասիրության հիման վրա, որն իշխանությունների կողմից հաստատվել է 2022 թվականին։ Ստացված տվյալները համեմատվել են անցյալում կատարված օդալուսանկարների հետ՝ բացառելու ձեռակերտ օբյեկտները: Վերջնական ցուցակում ընդգրկված են կղզիներ, որոնց շրջագիծը գերազանցել է 100 մետրը։ Ըստ Kyodo գործակալության տվյալների՝ կղզիների թվի կրկնապատկումը չի հանգեցնի Ճապոնիայի իշխանությունների կողմից երկրի տարածքային ջրերի սահմանների ընդլայնման հավակնությունների։ Սպասվում է, որ թարմացված վիճակագրական տվյալները կհրապարակվեն մարտ ամսին:
    17:15
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ջրառ» ընկերության գլխավոր հաշվապահը հափշտակել է շուրջ 255 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
    Ա.Ս.-ն, 2017-2022 թվականներին հանդիսանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲ ընկերության հաշվապահ, հափշտակել է ընկերության ֆինանսական միջոցները։ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն հափշտակել է իրեն վստահված՝ «Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 66 հազար 540 դրամը: Մասնավորապես, բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն, պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, հնարավորություն է ունեցել միանձնյա տնօրինելու «Ջրառ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարները: Որպես պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը Ընկերությանը պատկանող հաշվեհամարից իր անձնական հաշվեհամարներին կատարել է փոխանցումներ՝ այդ կերպ հափշտակելով 254 մլն 66 հազար 540 դրամը: 2022 թվականի հունվարի 26-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը): Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:05
    13.02.23
    Ավելին