Լրահոս

2023-06-02
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմուտքում սպառվում է զենքը, որը կարելի է փոխանցել Կիևին. Բրիտանիայի պաշտպանության նախարար
    Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մյուս դաշնակիցների մոտ սպառվում են սպառազինությունների պաշարները, որ նրանք կարող են տրամադրել Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում։ «Մինչ շարունակվում է պատերազմը, դաշնակիցները շարունակում են ռազմական և ֆինանսական աջակցությունն Ուկրաինային և Կիևի վրա ճնշում չեն գործադրում՝ բանակցել Ռուսաստանի հետ կամ զիջումների գնալ», - ասել է Ուոլեսը: Բրիտանիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ արևմտյան գործընկերների մոտ սպառվում են պաշտպանական սարքավորումները, որոնք կարելի է տրամադրել Ուկրաինային: Հետևաբար, Ուկրաինայի դաշնակիցներն ստիպված են ավելի շատ զենք գնել Կիևի համար, քանի որ չեն կարող այն տրամադրել ազգային պաշարներից։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դաշինքի երկրներին անհրաժեշտ է ավելացնել զենքի արտադրությունը, քանի որ սպառազինության պաշարներն սպառվել են Կիևին մատակարարումների պատճառով:
    16:15
    02.06.23
    Ավելին
  • Սփյուռք
    Բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման
    Գլենդելում հայերը բողոքի մեծ ակցիա են արել՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Հայաստանի իշխանությունների մտադրության: Հայաստանի ու Արցախի դրոշներով հայերը քայլել են Գլենդելի փողոցներում, վանկարկել՝ «Արցախը հայկական է», «Առանց Նիկոլ Հայաստան»: Նրանց բողոքի երթն ավատվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի առաջ։
    16:00
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը
    Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։ «Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ», - ​​ասել է Մատվեևը։ Ավելի վաղ Օվերչուկը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը քննարկվելիք հարցերը «վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգի հետ կապված տեխնիկական մանրամասներին»։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։
    15:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ահազանգ Արարատի մարզից․ խնդիրը պահանջում է հրատապ լուծում․ Գառնիկ Դանիելյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Արարատի շրջանից ահազանգում են Շուրջ 1 շաբաթ է, ինչ Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա։ Գյուղացիներն ասում են՝ արդեն երրորդ անգամ պետք է ջրած լինեին իրենց այգիները, բայց հասցրել են ընդամենը մեկ անգամ ջրել։ Այս ամենի արդյունքում, տուժելու է բերքը։ Գյուղացիները մտահոգված են, որ այս տարի բեռնատարների սեփականատերերը իրենց չեն մոտենում։ Ծիրանն արդեն հասել է, և եթե չստացվի առաջիկա օրերին մթերել, ահռելի նյութական վնասներ են կրելու։ Նշում են, որ նախորդ տարիներին իրենց մոտենում ու նախապես վճարում էին դեռևս հունվար ամսից։ Թե ի՞նչն է պատճառը, որ բեռնատարները չեն մոտենում մթերելու՝ հնչում են միայն ենթադրություններ։ Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, ինչի կապակցությամբ նաև հարցում եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։
    15:30
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուլիգանություն երևանյան փաբերից մեկում
    Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից մեկում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում շշով հարվածում է պատերին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամը 08.40-ին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և հիշյալ վայրից բաժին է տեղափոխել 3 երիտասարդի: Պարզվել է, որ նրանք փաբում ալկոհոլի ազդեցության տակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ նրանցից մեկը կոտրել է փաբում եղած դատարկ շշերը: Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
    15:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը
    Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը: Կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ: Նախատեսվում է, որ այն ընդգրկելու է ամբողջ Արցախը: Շարժման կենտրոնակայանը լինելու է Ստեփանակերտում, տարածքային միավորներ կգործեն բոլոր շրջաններում: Շարժումը բաց է անդամակցության համար: Համաժողովի բացմանը հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսել է շարժման առաքելության մասին: Նա կարևորել է գաղափարի բանաձևումը, որին պետք է հետևեն գործողությունները: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները շարժումն սկսել են երեք նպատակով: «Առաջինը՝ համախմբվել գաղափարի շուրջ՝ հաղթահարելով ապատիան և անտարբերությունը, որը շատ վտանգավոր է: Երկրորդը՝ որ աշխարհը հասկանա, որ մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը: Ու դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարելու իր իրավունքների համար: Կարևոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, հնչի բարձրաձայն ու միասնաբար, և Հայաստանը, հայկական աշխարհը, մեր ընկերները միանան: Երրորդը՝ հանրային շարժման միջոցով ազդել կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ և օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»: Համաժողովի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը: Ընդունվել է նաև հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը: ««ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ» հանրային շարժման հիմնադիր համաժողովի դիմումը հայ ժողովրդին «Սիրելի՛ հայրենակիցներ, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող քույրեր ու եղբայրներ, Արցախի ժողովուրդը և Արցախի Հանրապետությունը հայտնվել են գոյաբանական լրջագույն մարտահրավերների առջև: 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելով, իսկ 2023թ. ապրիլի 23-ին Հայաստան-Արցախ սահմանագծին ապօրինաբար անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը փաստացի հաստատել է Արցախի Հանրապետությունը Հայաստանից ու աշխարհից մեկուսացնելու եւ Արցախը վերջնականապես բռնագրավելու իր նկրտումները: Թշնամին ամեն օր սադրիչ գործողություններով ու վերջնագրերով նոր սպառնալիքներ է առաջադրում Արցախի ժողովրդին՝ բնաջնջման վտանգի տակ պահելով Արցախի 120 000 բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաների: Ցավալի է փաստել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը, բացեիբաց Արցախը հանձնում են թշնամուն: Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետեւանքների: Մեր պատմության այս կործանարար ընթացքը հնարավոր է կասեցնել միայն 1988-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով եւ պայքարելով: Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ներկա գործընթացների, անկայունության եւ լարվածության աճի պայմաններում մեր դեմ շարունակվող հիբրիդային պատերազմին հակազդելու եւ առկա ու հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի համախմբումը: Մենք՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիրներս, հայտարարում ենք հանուն հայրենիքի պաշտպանության պայքարելու մեր վճռականության մասին եւ կոչ ենք անում բոլորին միանալու Շարժմանը՝ համախմբվելով Արցախը ազատ, անվտանգ ու հայկական պահելու նպատակի շուրջ»:
    15:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    40-ամյա տղամարդը հետախուզվում էր ալիմենտ վճարելուց խուսափելու համար
    Հունիսի 1-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել 40-ամյա Գուրգեն Վ.-ն, որը ապրիլի 27-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
    15:00
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 53 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սպանության, հոգեկան ներգործության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառության, թմրամիջոցի մաքսանենգության և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի հետևանքով ևս մեկ զոհ կա
    Հունիսի 1-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի ուղևոր, 2011 թ. ծնված Ռոբերտ Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 09.00-ին, Արտաշատ-Գառնի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Այդի 4» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդ Արտյոմ Օրդյանը մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Այդի 4»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
    14:30
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Լեռնային Արցախը» վաստակեց այս տարվա իր առաջին միավորը
    Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35–րդ տուրում «Արարատ–Արմենիան» սեփական հարկի տակ ոչ ոքի է խաղացել «Լեռնային Արցախի» հետ․ գրում է ArmSport.am-ը։ Խաղում դարպասի գրավում չի եղել։ Հատկանշական է, որ «Լեռնային Արցախը» վաստակել է այս տարվա իր առաջին միավորը։ Վերջին տուրից առաջ «Արարատ–Արմենիան» 73 միավորով 3–րդն է։ «Լեռնային Արցախը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 22 միավորով։
    14:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի հարցով նիստ կգումարի
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Անվտանգության խորհրդի աշխատանքի ծրագրից։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Անվտանգության խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ​​ներկայացուցիչ Լանա Զաքի Նուսեյբան, որոշ երկրներ խորհրդակցություններ են պահանջել: Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին: Օրերս ձախողվել էր Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը, սակայն Փհենյանը հավաստիացրել է, որ կհետաքննի ձախողման պատճառները և ևս մեկ արձակում կիրականացնի: Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական արբանյակ տանող հրթիռի արձակումը՝ նշելով, որ բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի օգտագործմամբ ցանկացած արձակում հակառակ է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին։
    14:00
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վթարային ջրանջատում՝ Քարահունջ գյուղում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 2-ին ժամը 12:20-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ է մետրոպոլիտենի կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը
    Մետրոպոլիտենից պարզաբանում են տարածել «Հանրապետության հրապարակ» կայարանից Պատմական Հայաստանի քատեզը հանելու կապակցությամբ։ «Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը՝ տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ», - նշված է տեքստում։
    13:30
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ․ «News.am»
    Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթամազյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, ապրիլի 10-ին ռեստորանահյուրանոցային համալիրի 16-ամյա մատուցող Արազ Ամիրյանին ծեծի է ենթարկել այն բանից հետո, երբ նա իրենից պահանջել է վճարել գիշերակացի գումարը եւ նոր գնալ սենյակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արազ Ամիրյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։ Դեպը տեղի է ունեցել 23։30-ի սահմաններում։ Այդ օրը եղել է Արազի աշխատանքային առաջին օրը եւ նա չի կարող ասել՝ նախկինում Ղայթամազյանը այցելել է հյուրանոց հյուրանոց, թե՝ ոչ։ «Ղայթամազյանը դրանից բորբոքվել է, նշել է՝ ես պետք է որոշեմ, թե երբ ու որքան գումար վճարեմ, որից հետո ծեծի է ենթարկել Արազ Ամիրյանին՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ։ Արազին դրսից հարվածելով բերել է խոհանոց, այնտեղ շարունակել է ծեծել, ինչից հետո Արազին հաջողվել է փախչել»,- պատմեց Ռաֆայելյանը։ Թեպետ Արազի վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն նա իր ցուցմունքում նշել է, որ զգացել է ֆիզիկական ցավ, հոգեական տառապանք, եւ պատռվել է վերնաշապիկի աջ թևքը։ Տուժող կողմը չի ընդունում զղջման հիմքը, որով որոշվել է հանրային քրեական հետապնդում չհարուցել Ղայթամազյանի նկատմամբ։ Այն, որ նման հիմքով հետապնդում չի հարուցվելու, քննիչը նախկինում տեղեկացրել էր, սակայն, որ որոշումն արդեն ընդունվել է իմացել են երեկ։ Որոշումը ստանալուն պես բողոքարկելու են այն։ «Հաղորդումից հետո Ղայթամազյանը հանդիպել է Արազին, ներողություն խնդրել, սակայն տղան մերժել է իրեն եւ ասել, որ հաշտության որեւէ եզր չի տեսնում, ցանկանում է, որ ենթարկվի քրեական պատասխանատվություն։ Ոստիկանության աշխատակիցն ալկոհոլի ազդեցութան տակ բռնություն է կիրառում անչափահասի նկատմամբ, եւ այդքանից հետո պետք է ասի՝ կներեք, սխալ եմ արել ու գործը կարճվի՞, ինքն էլ շարունակի ծառայել։ Դա բարոյակա՞ն է։ Եթե լիներ միջանձնային վեճ, ինքը չլիներ ալկոհոլի ազդեցության տակ, Արազն էլ՝ անչափահաս, գուցե այդ դեպքում հասկանալի լիներ, բայց սա խնդիր է»,- ընդգծեց փաստաբանը։ Փաստաբանի խոսքով՝ վարույթ պետք է նախաձեռնվել 196-րդ հոդվածի հատկանիշներով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), որը նախատեսում է ազատազրկում է 3-5 տարի ժամկետով։ Տուժող կողմը ցանկանում է նաեւ, որ Արսեն Ղայթամազյանի լիազորությունները դադարեցվեն։
    13:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկով Արցախի հանձնելն է արդարացնում, մյուսով՝ Հայաստանի հանձնելը․ Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Անդրանիկ Թևանյանը գրում է․ Կադաստրն ու Կասանդրան ——————— Նիկոլ Փաշինյանը բացառապես իր լսարանի հետ է խոսում։ Սերիալային լսարանի։ Այն լսարանի, որի համար կադաստրի թուղթն ու Կասանդրան բարձրագույն արժեք են։ Նա դաժանաբար խաբում է իր լսարանին, բայց տուժելու են բոլորը։ Նիկոլի «կադաստրային խաղաղասիրությունը» հենված է երկու կեղծ ու սարսափելի կոդերի վրա։ Մեկով Արցախի հանձնելն է արդարացնում, մյուսով՝ Հայաստանի հանձնելը։ Կոդ 1–ին՝ Արցախը հանձնում ենք Ադրբեջանին, որ փրկենք 29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանն ու կադաստրի թուղթ ստանանք Ադրբեջանից։ Կոդ 2–րդ՝ Հայաստանի գյուղերը հանձնում ենք Ադրբեջանին, բայց «զատո» դրա դիմաց կարող ենք Արծվաշենը ստանալ (դե՛, 44–օրյա պատերազմի օրերի Գետաշենի պես, էլի՛) ու կադաստրի թղթով խաղաղ ապրել։ Այս երկու կոդերն էլ Հայաստանի գոյության դեմ են ուղղված։ Դրանք ջարդելն ու մարդկանց մոբիլիզացնելն է «Մայր Հայաստան» շարժման ամենօրյա աշխատանքը թե՛ քարոզչական դաշտում, թե՛ «գետնի վրա»։
    13:00
    02.06.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 02.06.23
    12:50
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ սենատը հաստատել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագիծը
    ԱՄՆ սենատը 63 կողմ և 36 դեմ ձայնով հաստատել է պետական պարտքի վերին շեմը մինչև 2025 թ.-ի հունվարի 1-ը բարձրացնելու մասին օրինագիծը՝ հունիսի 5-ի վերջնաժամկետից առաջ կանխելով ԱՄՆ-ի պատմության ընթացքում առաջին հնարավոր դեֆոլտը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը: Ավելի վաղ օրինագիծը հաստատել էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ օրինագիծը կուղարկվի երկրի նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը, որից հետո այն օրենքի ուժ կստանա: Բայդենը Սենատի կողմից օրինագծի հաստատումից րոպեներ անց գոհունակություն է հայտնել Կոնգրեսի որոշման առնչությամբ և հայտարարել, որ հնարավորինս շուտ կստորագրի այն: Մինչև 2025 թ.-ը պարտքի վերին շեմի բարձրացումը թույլ է տալիս խուսափել դեֆոլտից մինչև հաջորդ նախագահական ընտրությունների ավարտը: Բացի պարտքի առավելագույն սահմանը բարձրացնելուց, օրինագծով նաև սահմանափակվում են ոչ պաշտպանական ծախսերը, ընդլայնվում են աշխատանքի պահանջները պարենի տեսքով նպաստ ստացողներին, հետ են կանչվում կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրվող ֆինանսական որոշ միջոցներ և այլն: Սպիտակ տան և Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականների միջև օրինագծի շուրջ համաձայնագիր էր ձեռք բերվել անցյալ հանգստյան օրերին՝ մի քանի օր տևած բուռն բանակցություններից հետո: Դաշնային կառավարության պետական պարտքի առավելագույն սահմանը 31.47 տրիլիոն դոլար է:
    12:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքները խստորեն դատապարտում են Փաշինյանին
    Շվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաեւ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով։ Հայտարարությունները՝ ստորև Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաեւ խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ եւ թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն: Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։ Հայտարարությունը հակասում է նաև 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրապետական հանրաքվեի ժամանակ արտահայտած Արցախի պետական անկախության հռչակագրին։ Արցախի կարգավիճակն արդեն որոշվել է ժողովրդի արտահայտված կամքով, այնուհետև մի քանի անգամ վերահաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Վերջին վերահաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո։ Ավելին, Արցախի ժողովրդի համար ցանկացած կայուն և տևական լուծում պետք է վայելի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի աջակցությունը։ Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ Ընդհակառակը՝ առաջարկվող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միության փլզումից հետո ազգամիջյան հակամարտության պատճառ դարձան։ Հիշեցնենք, որ սփյուռքի այլ համայնքներ ևս դատապարտող հայտարարություններ են արել։
    12:30
    02.06.23
    Ավելին