Լրահոս

2023-06-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
    Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը, 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 10-11-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 10-11-ը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
    18:00
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կայցելի հունիսի 13-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Yeni Şafak-ը: Ըստ տեղեկությունների՝ այցի ընթացքում նախատեսված են Թուրքիայի ղեկավարի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Այս այցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը ուղերձներ կհնչեցնեն Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ»,–գրում է թերթը։
    17:45
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում
    Հունիսի 7-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցը Խանջյան փողոցին միացնող թունելում իրար են բախվել «Օպել», «Կիա», «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ և մոտոցիկլետ. 31-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Յամահա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 7-ին, ժամը 19.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 7-ին, ժամը 23.20-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին իրար են բախվել երկու Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 8-ին, ժամը 18․00-ի սահմաններում, Արարատի մարզի Արմաշ գյուղում «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. ութ ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունսի 8-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 8-ին, ժամը 09.55-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի սկզբնամասում «ԳԱԶ-20» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
    17:30
    09.06.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Տրամվայների բախում՝ Թուրքիայում
    Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում երկու տրամվայի բախման հետևանքով 26 վիրավոր կա: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Վաղ առավոտյան է եղել վթարը. Պյացա կանգառի մոտ են տրամվայները բախվել: Տուժածներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են քաղաքի մոտակա հիվանդանոցներ։
    17:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի տուն-թանգարանում: «Խոսող կտավներ» ներառական նախագծով հնարավորություն կընձեռվի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճեններին՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված: Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավելն է։ Ծրագրի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից Մարտիրոս Սարյանի 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ՝ Պաննո «Հայաստան» (1964 թ.), Արագած (1925 թ.), Կոստանդնուպոլսի շները (1910 թ.), VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ (1956 թ.), Դեպի աղբյուր (1928 թ.), Երևանյան բակը գարնանը (1928 թ.)։ Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։ Յուրաքանչյուր շոշափելի կտավ լրացվում է տիֆլոմեկնաբանություններով։ Տիֆլոմեկնաբանությունը հակիրճ տեղեկություն է, որը հատուկ պատրաստված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկությունները։ Նշենք, որ նախագծի հնչյունային ռեժիսորն է կոմպոզիտոր Վահան Նահապետյանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին պատկերասրահում ներկայացվող 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ: Հաշվի առնելով ներառական նախագծի նկատմամբ հետաքրքրությունը՝ այս տարի որոշվել է նաև ստեղծել տիֆլոմեկնաբանություններ անգլերեն և ռուսերեն տարբերակներով՝ Սարյանի Պաննո «Հայաստան» կտավի համար։ Տիֆլոմեկնաբանությունները ստեղծվել են նախագծի գործընկեր Արարատ թանգարանի հետ՝ միջթանգարանային համագործակցության շրջանակում։
    17:00
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
    Հունիսի 9-ին, ժամը 12։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո՝ դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:
    16:45
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կարմիր խաչի» ուղեկցությամբ 15 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
    Այսօր՝ հունիսի 9-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 16 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
    16:30
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում օձ է հայտնվել
    Հունիսի 9-ին ժամը 09:13-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել օձի հայտնաբերման վերաբերյալ: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոց են մեկնել շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները: Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
    16:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է․ դատախազություն
    Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Աբովյան պուրակի տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Աբովյան պուրակում գտնվող հողամասը վերակառուցման նպատակով, 15 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է «Սամարտ» ընկերությանը: Երևանի քաղաքապետի նույն թվականի մայիսի 3-ի որոշմամբ՝ վարձակալության ժամկետը 15 տարվա փոխարեն սահմանվել է 50 տարի, տրամադրվել է նաև հողի գնման նախապատվության իրավունք: Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ հաստատված «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքը գտնվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտում։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, ի թիվս այլնի, խախտելով վերոնշյալ որոշումների, ինչպես նաև Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) պահանջները՝ պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, մասնավորեցման ոչ ենթակա, համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակի տարածքի ընդհանուր օգտագործման հողամասից 349.28 քմ մակերեսով հողատարածքը, սեփականության իրավունքով փոխանցել են «Սամարտ» ՍՊԸ-ին՝ էական վնաս պատճառելով պետության (համայնքի) օրինական շահերին։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ 2023 թվականի մայիսի 31-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: 2023 թվականի հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
    16:00
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածավանում երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել. «Panorama.am»
    panorama.am-ը գրում է․ Արարագածոտնի մարզի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանըը, ով 24-ամյա երիտասարդի դեմքին գազ էր փչել, փայտով հարվածներ հասցրած, ազատ է արձակվել։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ին ասաց, որ Սուրեն Թորսյանն ազատության մեջ է։ «Երեկ անձին ներկայացվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասի (ֆիզիկական ներգործություն) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ագելանքից ազատ է արձակվել»,- ասաց նա։ Քրեադատավարական ընթացակարգերով այս հոդվածով կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել։ Հենց այս հիմքով էլ նա ազատ է արձակվել։
    15:45
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել
    Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։
    15:40
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին
    Փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատարանում պարտվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց. Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով: 4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է իմ կողմից: Ահա ՎԴ/5036/05/22 գործով ՀՀ վարչական դատարան 06/06/2023 որոշմամբ մեր պահանջը բավարարվել է, Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել է: Մյուս երեք գործերով եզրափակիչ դատական ակտերի մասին կծանուցեմ հաջորդիվ»,- գրել է նա։
    15:34
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին
    Մեկնարկել են «Շիրակ» մարզադաշտի արևմտյան հատվածի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը տրվելու է Գյումրիում։ Շիրակի մարզպետի աշխատակազմի Տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից «Արմենպրեսը»-ին տեղեկացրին, որ խաղերի բացման պաշտոնական արարողությունը պատշաճ կազմակերպելու նպատակով նորոգվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Այս պահին ընթացքի մեջ են մարզադաշտի արևմտյան հատվածի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ ««Շիրակ» մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր և հայտարարվել շինարարությունն իրականացնող կապալառու և որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնող կազմակերպությունների մրցույթներ։ Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը կհատկացվի 65 մլն 633 հազար դրամ, որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնողին՝ 390 հազար, հեղինակային հսկողությանը՝ 393 հազար 800 դրամ»,-նշեց Աշխատակազմի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը, հավելելով, որ ըստ նախատեսվածի իրականացվելու են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքներ, որոնք իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Աշխատանքներն իրականացվում են մարզպետի անմիջական հսկողության տակ։
    15:30
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վորոնեժում անօդաչու թռչող սարք է ընկել. կա 2 տուժած
    ՌԴ Վորոնեժ քաղաքի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել, որի հետևանքով 2 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ «Նախնական տվյալներով՝ Վորոնեժի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել: Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ միջադեպից հետո Վորոնեժի Բելինսկիի փողոցում վիրավորվել է երկու մարդ», - գրել է նա։ Քաղաքի շտապօգնության կայանի հերթապահը ТАСС-ին հայտնել է, որ բժիշկներն օգնություն են ցուցաբերել երկու տուժածներին: «Կանչ է եղել Բելինսկիի փողոցից, տուժածների մոտ եղել են քերծվածքներ, նրանց օգնություն է ցույց տրվել տեղում, հոսպիտալացում չի պահանջվում»,- ասել է նա:
    15:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մահվան ելքով վրաերթ Աշտարակ-Երևան ճանապարհին
    Հունիսի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Մարգարիտ Աբրահամյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    15:00
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խերսոնի մարզում հեղեղված տների թիվը գերազանցել է 22 հազարը, ջրի մակարդակը սկսել է իջնել
    Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով 17 բնակավայրերում հեղեղվել է գրեթե 22 300 բնակելի տուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ ТАСС-ին հաղորդել են արտակարգ ծառայություններից: Գործակալության զրուցակիցը հայտնել է նաև, որ Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը 2 մետրով իջել է՝ հասնելով 10 մետրի: Ժամանակավոր կացարաններում է գտնվում 1117 մարդ: Ուկրաինական կողմը ևս հաղորդել է ջրի մակարդակի նվազման մասին: Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ Խերսոնի մարզում՝ Կախովկայի ՀԷԿ-ի մերձակա բնակավայրերում, ջրի մակարդակը նվազել է 20 սմ-ով: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 9-ի առավոտվա տվյալներով՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում 32 բնակավայրերում հեղեղվել է 3624 տուն, տարհանվել է 2352 մարդ և շուրջ 550 կենդանի: Իր հերթին «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտնել է, որ Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը շարունակում է նվազել և այսօր առավոտվա տվյալներով Նիկոպոլի շրջանում կազմել է 11,47 մետր: Ընդհանուր առմամբ, հունիսի 6-ից ջրի մակարդակը նվազել է արդեն 4,7 մետրով: Հունիսի 8-ի երեկոյան Խերսոնի մարզի իշխանությունները և «Ուկրհիդրոէներգո»-ի ղեկավար Իգոր Սիրոտան հայտնել էին, որ ջրամբարում ջրի մակարդակը իջել է, այսպես կոչված, «մեռյալ կետից»՝ 12,7 մետրից, երբ անհնար է դառնում ջրառ իրականացնել բնակավայրերի և Զապորոժիեի ԱԷԿ-ի համար։ Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հայտնել էին, որ չնայած Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը նվազել է նախկինում կրիտիկական համարվող մակարդակից, սակայն Զապորոժիեի ԱԷԿ-ը դեռ կարող է ջրամբարից ջուր մղել հովացման համակարգերի համար։
    14:45
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Փաշինյանի ու նիկոլականների արցախատյացությունը գալիս է թրքասիրությունից․ վերլուծական
    7or.am-ը գրում է․ Եթե մեկը ձեր մերձակայքում կամ սոցցանցային հարթակում անթաքույց ատելությամբ է արտահայտվում Արցախի ու արցախցի հայերի հասցեին, ապա կարող եք չկասկածել, որ նա 100 տոկոսով Նիկոլ Փաշինյանի մոլեռանդ երկրպագու է, եթե անգամ «ձեռքի հետ» նրա հասցեին էլ մեկ-երկու կիսատ-պռատ բան ասի: Արցախի ու Արցախի հայության նկատմամբ ատելությունը Նիկոլ Փաշինյանը միշտ է դրսևորել, այլ թվում՝ 15-20 տարվա վաղեմության իր որոշ հոդվածներում: Ավելի ճիշտ, նախկինում Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ ու ավելի շատ աչքի էր ընկնում ոչ թե բացահայտ արցախատյացությամբ, այլ բացահայտ պրոադրբեջանական քարոզչություն տարածելով: Իր թերթը, իր թերթի աշխատակիցների մեծ մասը, որոնք սահուն կերպով հիմա գրեթե ամբողջ խմբագրակազմով դեպուտատ ու պաշտոնյա են, ակնհայտ պրոադրբեջանական քարոզչություն էին իրականացնում տարիներ շարունակ: Ադրբեջանամետ ու թրքասեր լինելը «Հայկական ժամանակ» թերթում աշխատելու պարտադիր պայման է եղել, ըստ երևույթին: Եվ դա տարիներ շարունակ արտահայտվել է: Թերթի անվանումն էլ՝ «Հայկական ժամանակ», պետք է հասկանալ որպես յուրօրինակ ծաղր, առավել ևս, որ դրանց մոտ ամեն ինչ է «հակառակ կողմից»՝ երկիրը, ասածները, հայտարարությունները, արածները: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, գործնականում հեղաշրջման միջոցով զավթեց Հայաստանի իշխանությունը, Արցախի ու Արցախի հայերի նկատմամբ ատելությունը, արցախատյացությունը դարձավ պաշտոնական քարոզչության ու գաղափարախոսության հիմնական ուղղություններից մեկը: Արցախատյացությունը հասցվեց պաշտոնական, պետական գաղափարախոսության հարթություն, ինչն առավել ցայտուն դրսևորվում է 44-օրյա պատերազմից հետո, վերջին 2-3 տարիներին: Այս օրերին շատերի ուշադրությունը գրավեց փաշինյանական մի մարզային մանր պաշտոնյայի կողմից համագյուղացի մի երիտասարդի վրա նենգորեն հարձակվելու և վնասվածքներ պատճառելու վայրենի միջադեպը: Հընթացս այդ ՔՊ-ականի անձով հետաքրքրվողները հայտնաբերեցին նրա մի ֆեյսբուքյան տեսամիացում, որտեղ դա պատմում է, թե ինչպես է մեքենայից հանել ու «չոլերում թողել» 7-8 տարեկան մի տղայի, որ Արցախից հարկարդյալ տեղափոխված է: Իսկ այդպես է վարվել, որովհետև երեխան ասել է, որ դավաճան Նիկոլը Արցախը հանձնեց, հիմա էլ Երևանն է հանձնելու: Այդ տեսամիացման ընթացքում հիշյալ ՔՊ-ականն, ի դեպ, գործածեց մի քանի արտահայտություն, որոնք բնորոշ են բոլոր նիկոլականներին, որոնք, կուսակցական «վերին» հրահանգով, նույն «կաղապարային ապուշությունն» են կրկնում: Դա, իսկապես էլ քպ-ական քարոզչություն է, որն իրականացվում է այսպես ասած՝ «ականջդ բեր, ասեմ» տարբերակով, այսինքն՝ բանավոր, առանց թերթերում կամ կայքերում գրելու, սակայն տարածվում է բավականին արագ ու նաև որոշակի նստված թողնում է: Փաշինյանական նման հորինվածքներից մեկը շատերդ եք տեսել կամ լսել, հաստատապես: Խոսքն այն տմարդի հորինվածքի մասին է, թե ինչ-որ մի զինվոր, Արցախում ծառայելու ժամանակ մոտակա գյուղի մի բնակչից ջուր է ուզել ու նրան մի բաժակ ջուր չեն տվել: Այս «պատմությունը», ի դեպ, ամենատարբեր վարկածներով, հավելումներով ու «մանրամասնություններով» ինչպես ասես, որ չշրջանառեցին: Բայց ո՛չ զինվորն ու նրա զորամասի համարը հայտնի դարձան, ո՛չ կոնկրետ այն գյուղը, որտեղ մեկից մի բաժակ ջուր են ուզել ու մերժում ստացել: Մյուս հորինվածքը շատ ավելի նենգ է, ինչը իր տեսամիացման մեջ կրկնում է հիշյալ ՔՊ-ականը: Թե բա՝ «Արցախցի տղամարդիկ կանացի շորեր հագած փախան Հայաստան կռվի ժամանակ…»: Սա ոչ միայն նենգ հորինվածք է, այլև կրկնակի ստորություն է Արցախի մեր հայրենակիցների, հատկապես պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակի և պատերազմում կյանքն ու առողջությունը դրած տղաների նկատմամբ: Եվ եռակի ստորություն է, քանզի մեզ մեր հայրենիքում իրարից բաժանելու նպատակ էլ է հետապնդում (արցախցի-հայաստանցի տարբերակով): Որտեղի՞ց է սնուցվում, ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի արցախատյացությունը: Ինչ-որ տեղ միգուցե հնարավոր լիներ այլ՝ անձնական բնույթի մոտիվներով փորձել հասկանալ, թե որտեղից է գալիս Նիկոլ Փաշինյանի խմբում ներգրավված, արցախյան ծագում ունեցող որոշ անձանց ծայրահեղ ատելությունն Արցախի նկատմամբ (գուցե երեխա ժամանակ Արցախում ծառից ընկել են ու չարությամբ լցվել): Իսկ այ, ենոքավանցի-իջևանցի Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ արցախատյացությունը դժվար չէ նկատել, թե որտեղից է գալիս ու ինչով է պայմանավորված: Նիկոլ Փաշինյանը եթե նախկինում սպասարկում էր ադրբեջանաթուրքական քարոզչական շահերը՝ Հայաստանի տեղեկատվական, այնուհետև՝ քաղաքական դաշտերում, ապա իշխանությունը զավթելուց հետո նա լծված է ուղղակիորեն ադրբեջանական ու թուրքական շահերի սպասարկմանը: Իսկ այս սպասարկումը լիարժեք իրականացնելուն խանգարում են Արցախն ու Արցախի հայությունը, այն որ իրենք գոյություն ունեն: Այստեղից էլ նրա ու նրա հրահանգով սերմանվող արցախատյացությունը: Հնարավոր է՝ կան նաև այլ շարժառիթներ: Բայց այս դեպքում էականը ոչ թե դրանք են, այլ այն, որ փաշինյանական իշխանության սերմանած արցախատյացությունը, առնվազն նիկոլական շրջանակներում, խիստ տարածված է, ու դա, նաև լայն հեռանկարում, խնդրահարույց է:
    14:30
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի պարեկները հայտնաբերել են 85-ամյա զինված ծերունու
    Տավուշի պարեկները հայտնաբերել են զինված ծերունու:
    14:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերը․ պատկերը մտահոգիչ է․ ԱՀ պետնախարար
    Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքն ուսումանսիրող հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին։
    14:00
    09.06.23
    Ավելին