Լրահոս

2024-09-12
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿՀ-ում բժշկական կենտրոնի բուժքրոջ մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր
    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։ Այս մասին հաղորդում են ՔԿԾ-ից: Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին, խուզարկության ենթարկելով Ն․Մ․-ի անձնական իրերը, վերջինիս հեռախոսի պատյանից հայտնաբերել են գործարանային արտադրության խոհանոցային դանակ և էլեկտրոնային ծխախոտ։ Անվտանգային ռենտգեն սարքի միջոցով ծառայողներն էլեկտրոնային ծխախոտի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, 23,36 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, ինչպես նաև՝ 25 հատ «AN 627» գրառմամբ դեղահաբ։ Ն․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր. հանդիպում ՏԿԵ նախարարությունում
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։ Նախարարը ողջունել է և ընդգծել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության փաստը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է ՄԱԿ ԵՏՀ գրասենյակի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության շրջանակներում Հայաստանի կայուն զարգացման ապահովմանն ուղղված հետագա համագործակցային ծրագրերի իրականացումը: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին նաև տրանսպորտի ոլորտում։ ՄԱԿ ԵՏՀ ներքին տրանսպորտի բաժնի կողմից իրականացվում է ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի թվայնացման վերաբերյալ հետազոտություն։ Նախարարը կարևորել է այս գործընթացը և ՄԱԿ ԵՏՀ-ի կողմից տրամադրվող աջակցությունը։
    18:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արփինե Հովհաննիսյանը աղջիկ է ունեցել
    Այսօր «Աստղիկ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի դուստրը: Նրան անվանել են Ամելի: MediaHub-ը տեղեկացավ, որ մոր և դստեր վիճակը լավ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, շուտով դուրս կգրվեն: Նշենք, որ սա Արփինե Հովհաննիսյանի երկրորդ զավակն է, նա նաև ունի մեկ որդի` Նարեկը, որն արդեն երկու տարեկան է:
    17:49
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ. Պոլոլիկաշվիլին` Փաշինյանին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին: Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշելով, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ Կառավարության համար ունի առանցքային նշանակություն՝ վարչապետն ընդգծել է նաև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտությունը: Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ և այդ առումով կարևորել այս օրերին մեր երկրում անցկացվող Գինու զբոսաշրջության համաշխարհային փառատոնի անցկացումը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այն նաև նպաստում է տուրիզմի զարգացմանը Երևանից դուրս: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունենալու այսօր երեկոյան:
    17:45
    12.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Գերիներին Բաքվից վերադարձնելու պահանջ. «Սորոսի ճտերն ու էրդողանի եթիմները ոչնչացնում են Հայաստանը»
    Այսօր կառավարության շենքի դիմաց ակցիա է արել «Միասին» շարժումը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը Բաքվին պարտադրի մինչև COP29 կլիմայի փոփոխության համաժողովը վերադարձնել հայ գերիներին: Եվ ինչպես Ալիևն է խոսում Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման մասին, Փաշինյանն էլ Արցախի ու Ադրբեջանի հայերի իրավունքների մասին բարձրաձայնի:
    17:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
    Ռուսաստանը լի է Իրանի հետ տարբեր ուղղություններով համագործակցելու վճռականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։ Զրույցի ընթացքում Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը համագործակցության համար շատ կարևոր և հետաքրքիր թեմաներ ունեն։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք լի ենք վճռականությամբ` շարժվելու այդ բոլոր ուղղություններով», - Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Զրույցի ընթացքում Պուտինը նաև հույս է հայտնել, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի այցելությունը Սանկտ Պետերբուրգ օգտակար և հաճելի կլինի։ Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 11-12-ն անցկացվում է ԲՐԻԿՍ-ի երկրների՝ անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների 14-րդ հանդիպումը։
    17:25
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այս մասին հաղորդել են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, - չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, - չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները, արտադրամասը չի ունեցել սանհանգույց, լվացարաններ՝ տաք և սառը ջրով, հատակների, պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - չի եղել հանդերձարան անձնակազմի համար: Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
    17:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
    Սեպտեմբերի 11-ին, ժամը 20-ին, «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արաքս գյուղում վրաերթի է ենթարկել 84-ամյա Զարուհի Շ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    17:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում․ կա վիրավոր
    Սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, հաղորդում է Shamshyan.com-ը: Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ թևատակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Մ.-ն է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, նշված գյուղի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 33-ամյա բնակիչ Արմեն Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Մկրտիչ Մ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է մարմնական վնասվածքը։ Մինչ բժիշկները հիվանդանոցում բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը, հայտնաբերել նրան ու նշված արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արյունոտ վերնաշապիկ, հեռախոս և այլ կասկածելի իրեր։
    16:52
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ. Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը: Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլյա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: Վարչապետը ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում և մասնակիցներին մաղթել հաջող աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մի հայեցակարգային հարց, որի շուրջ ցանկանում է կիսվել, որովհետև երիտասարդների մուտքը և ակտիվությունը քաղաքականություն կարևոր և հասկանալի է։ Վարչապետը նշել է, որ որոշակի հայեցակարգային հարց ունի երիտասարդ պատգամավոր արտահայտության հետ, որովհետև իր ընկալմամբ՝ պատգամավորը պատգամավոր է՝ և երիտասարդ, թե միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ և նույնքան լիազորություն, ինչպես տարեցները։ «Քանի որ խոսում ենք քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավածության մասին, ես հիշում եմ ժամանակին իմ շատ հարգելի բարեկամի խորհուրդ։ Երբ ես սկսել էի զբաղվել լրագրությամբ, հետագայում նաև քաղաքականությամբ, նա ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր՝ երբեք թույլ չտաս, որպեսզի քեզ անվանեն երիտասարդ լրագրող, որովհետև երբ հանրությունը ֆիքսի, որ դու երիտասարդ լրագրող ես, 60 տարեկան էլ լինես բոլորը քեզ հիշելու են որպես երիտասարդ լրագրող։ Այս առումով, իհարկե կարծում եմ, այդ խորհրդի մեջ կա շատ էական բովանդակություն, և կարևոր է արձանագրել, որ քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարևոր է, բայց եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն առնվազն բառիս փոխաբերական իմաստով նա դադարել է լինել երիտասարդ, ուրեմն դա խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Կարևոր եմ համարում ընդգծել այս առանձնահատոկությունը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ իհարկե, փորձը շատ կարևոր բան է ամեն ինչում, հատկապես քաղաքականության մեջ, բայց այսօր արդեն մանավանդ տեխնոլոգիաների դարում կան գիտելիքներ և իմացություններ, որոնք բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա յուրաքանչյուրն անհատապես պետք է գնահատի, կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին, քան ավագ և սա օբյեկտիվ իրականություն է։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հին ասացվածքն այդպես էլ չի կորցրել և երևի չի կորցնի իր հրատապությունը, ըստ որի՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»։ «Այստեղ, կարծում եմ, կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է, որ կարողության և իմացության այս միաձուլման բանաձևերը պետք է քննարկվեն, կամ կարող են քննարկվել համաժողովում։ Խոսվում է կրթության մասին և կրթությունը համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է։ Կարող եմ խոսել մեր փորձի կամ եզրակացության մասին, որին հանգել է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և մեր քաղաքական թիմը։ Մենք փորձում ենք այս գաղափարն առաջ մղել Հայաստանի Հանրապետությունում։ Չկա որևէ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Այդպիսի խնդիր գոյություն չունի և հակառակը, չկա մի խնդիր, որի ծագումը կապված չէ կրթության կամ ավելի ճիշտ կրթության պակասի, կամ կրթության բացակայության, կամ կրթության ցածր որակի հետ։ Մենք քննարկում ենք աղքատությունը, որը գլոբալ խնդիր է, այդ թվում՝ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում, և մեզ նաև դրա համար երբեմն շատ քննադատում են, բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ, որովհետև կրթության այն համակարգերը, որ գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ աշակերտներին, երեխաներին, հետագայում նաև ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում՝ կյանքում մրցունակ լինելու համար: Եվ եթե փորձենք թարգմանել՝ ի՞նչ է նշանակում աղքատությունը, դա նշանակում է, ըստ էության, կյանքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, կարողությունների պակաս ունենալ այն դեպքերում, իհարկե, երբ դա կապված չէ առողջական և շարժունակության խնդիրների հետ: «Եվ այս առումով, մեր Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության պրոբլեմները լուծելու առումով, որովհետև նույնը կարելի է ասել զբաղվածության խնդրի մասին: Մեծ հաշվով՝ ի՞նչ է նշանակում գործազրկություն, գործազրկություն նշանակում է չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ՝ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որ գիտելիքը և հմտությունն ինքը կարող է հնանալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակներում և մարդկության պատմության ընթացքում եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես վերացել են, և ի հայտ են եկել նոր մասնագիտություններ: Եվ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կրթության ոլորտի մեծ խնդիրներից մեկն է՝ ապահովել նաև մարդկանց տրանսֆորմացիան կամ ադապտացիան այս գլոբալ փոփոխություններին, այդ թվում՝ աշխատանքի շուկայում: Եվ այդ առումով, վարչապետի խոսքով, այս խնդիրների հասցեագրումը ՀՀ Կառավարության առաջնային օրակարգերից է, այդ է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 3 անկյունաքարային ծրագիր, որոնցից մեկը 300 դպրոց կառուցել, վերակառուցել, հիմնանորոգելու ծրագիրն է, երկրորդը՝ 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագիրն է, և երրորդը՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որը վերաբերում է բարձրագույն կրթությանը, գիտությանը և հետազոտություններին: «Ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այն է, որ կրթությունը ցկյանս գործընթաց է, և մարդը պետք է սկսի սովորել մանկապարտեզից և շարունակի իր կրթությունը, այդ թվում՝ աշխատանքի մեջ: Ես սովորաբար այս միտքը կիսում եմ հրապարակայնորեն՝ ասելով, որ բոլորը՝ պատգամավոր, նախարար, վարչապետ, եթե իրենց աշխատանքը չեն զուգակցում կրթությամբ, ինքնակրթությամբ, որովհետև մեծ հաշվով կրթությունը տեղեկություններ ստանալու, այդ տեղեկությունները մշակելու և այդ տեղեկություններից եզրակացություններ անելու հմտությունն է: Ահա այս պրոցեսն ակնհայտ է դարձնում, որ կրթությունը մեր բոլորի ամենօրյա գործն է և մեզնից յուրաքանչյուրը, ըստ էության, պետք է ամեն օր որոշակի ժամանակ տրամադրի սեփական կրթությանը՝ անկախ նրանից ինքը որևէ կրթական ուսումնական հաստատությունում սովորում է, թե չի սովորում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ներկաներն այս համաժողովից կվերադառնան նոր էներգիայով լիցքավորված՝ ծառայելու ի շահ իրենց երկրների կայունությանը և զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ սա այն հարթակն է, որն ի ցույց է դնում, որ գլոբալ կայունությունը, գլոբալ խաղաղությունը և գլոբալ զարգացումը բոլորի օրակարգի մաս է, և այդ օրակարգով հետաքրքրվածությունն է, որ այստեղ, տարբեր հարթակներում միավորում և համախմբում է բոլորին: Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր Դեն Քարդենը, որը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովի նախագահն է: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Համաժողովը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 12-14-ին: Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է՝ հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցեր քննարկելու, փորձ փոխանակելու և առաջխաղացում ապահովելու համար: 10-րդ գլոբալ համաժողովի առաջնահերթ նպատակը երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցերն են գլոբալ ճգնաժամերի պայմաններում, փնտրելով լուծումներ՝ ապահովել շարունակական կրթության հասանելիությունը և ստեղծել աշխատանքի հնարավորություններ: Երիտասարդ խորհրդարանականներն այդ օրերին կքննարկեն «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման: Միջխորհրդարանական միությանն անդամակցում է 180 երկիր: Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական կորպուսից, քաղաքացիական հասարակությունից:
    16:45
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկելու վերաբերյալ
    ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը գոհունակություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Այս մասին նշված է կոնգրեսականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կրկնապատկելով օգնության փաթեթը Միջազգային զարգացման գործակալության միջոցով», - իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը՝ կարծիք հայտնելով, որ այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը և ամրապնդել նրա տնտեսական և անվտանգային անկախությունը:
    16:40
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2018թ․-ին Հանրապետության հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. «Հետք»
    2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը
    16:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին տարիներին հայ-չինական ռազմական համագործակցությունը առաջընթաց է ապրել. Սուրեն Պապիկյան
    Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
    16:15
    12.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը հայտարարում է՝ Հայաստանը մեկ ժամ կրակել է սահմանին. ՀՀ ՊՆ-ն հերքում է մեղադրանքը
    Երևանը նորից հերքում է Բաքվին, մեկ ամսում արդեն 10-րդ անգամ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր հայկական կողմը կեսգիշերից 15 րոպե անց գրեթե մեկ ժամ կրակել է Նախիջևանի դիրքերի ուղղությամբ, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ապատեղեկատվություն է անվանում:
    16:11
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում երեք դատական նիստ․ այս ամենը՝ «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված ՀՀ-ում․ փաստաբան
    Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ «Տեղեկացնեմ, որ վաղը՝ ուրբաթ 13-ին, որպես իրավապաշտպան, երեք դատական նիստ ունեմ, երեքն էլ քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում. 1.Արամ Հարությունյան, 2.Գերասիմ Վարդանյան, 3.Սաղաթելյան եղբայրներ: Այս ամենը՝ «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում, որը վաղուց դարձել է բռնապետության զնդան...»
    16:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը
    «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում՝ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի մաքսային ծառայողները, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ, բացահայտել են ադամանդանման քարերի մաքսանենգության նոր դեպք: Մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Դ․Բ-ն և վերջինիս ուղեբեռը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում՝ անձնագրի պատյանի միջից հայտնաբերվել է 1 ադամանդանման թափանցիկ քար և «GIA» հավաստագիր: Նույն պայուսակում առկա «ARARAT» լատինատառ գրառմամբ ծխախոտի տուփից հայտնաբերվել է նաև տարբեր տրամաչափերով ադամանդանման 17 թափանցիկ քար։ Տվյալ քաղաքացու ճամպրուկից հայտնաբերվել է տարբեր գրառումներով ադամանդների 94 հավաստագիր: Ճամպրուկից հայտնաբերվել է նաև 3 պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ադամանդանման թափանցիկ մանր քարերով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 69 գրամ: Իսկ քաղաքացու հագին գտնվող տաբատի՝ գործարանային կարվածքի տեսք ունեցող գոտկամասի միջից էլ հայտնաբերվել են գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող եղանակներով մաքսային հսկողությունից թաքցված, ինքնակպչուն ժապավենով իրար միացված տարբեր տրամաչափերով ադամանդանման 91 թափանցիկ քար։ ՀՀ քաղաքացու նկատմամբ իրականացված անձի մաքսային զննման արդյունքում և ճամպրուկից, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, տարբեր տրամաչափերով ադամանդանման 109 թափանցիկ քար, ինչպես նաև 69 գրամ ընդհանուր քաշով 3 պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր։ «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Դ․Բ․-ին: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    15:45
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցը հափշտակել է ավելի քան 18մլն դրամ
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 60–ամյա բնակիչը 2002թ․-ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե օժտված է եղել համայնքի վարչական տարածքի՝ իր սպասարկման տեղամասում հաշվառված իրավաբանական անձանց գույքահարկի և հողի հարկի, ֆիզիկական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվառման հարկերի հավաքագրման լիազորություններով։ 2013թ․-ից 2022թ․ մայիսն ընկած ժամանակւսհատավւսծում վերջինս, շարունակաբար, 40-ից ավելի քաղաքացիներից, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ ՍՊ ընկերություններից հավաքագրել է հողի և գույքի վարձակալության դիմաց իրեն վստահված հարկերի գումարները, սակայն դրանք չի մուտքագրել Վւսնաձոր համայնքի բյուջե, այլ ծախսել է անձնական կարիքների համար։ Այդ կերպ կատարված հափշտակությամբ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով' ավելի քան 18.000․000 ՀՀ դրամ՝ իրեն վստահված գույքը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 60-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:42
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերագործարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հերթագրման համակարգը
    Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Էլեկտրոնային հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։ Միաժամանակ, սպասարկումն իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ կտրոնների միջոցով։ Քաղաքացիներին հորդորում ենք հերթագրվել առցանց, քանի որ առցանց հերթագրումն ավելի արագ սպասարկվելու հնարավորություն է տալիս: Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Սեպտեմբերի 12-ից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր տարածքային ստորաբաժանումներում: Առաջիկա շաբաթում համակարգը կներդրվի նաև մարզային 19 ստորաբաժանումներում, իսկ մինչև տարեվերջ՝ ամբողջ հանրապետությունում»,-ասված է հաղորդագրության մեջ:
    15:37
    12.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Շատացած կրակոցներն անհանգստացնում են Փաշինյանին. սև վիճակագրություն
    Հայլուր 15։30 Շատացած կրակոցներն անհանգստացնում են Փաշինյանին. սև վիճակագրություն
    15:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:
    15:15
    12.09.24
    Ավելին