Լրահոս

2024-11-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
    Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում տարկետում տրամադրել կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին՝ ապահովելու նրանց կրթության շարունակականությունն ու զարգացման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարկետումները կտրամադրվեն կառավարության հաստատած չափանիշներին համապատասխան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված չափանիշներով տարկետում կարող են ստանալ՝ 1․ Բակալավրիատի ծրագրով սովորողներ կամ դիմորդներ, որոնք ունեն՝ Միջազգային առարկայական օլիմպիադաներում ստացած մեդալներ (ոսկե, արծաթե, բրոնզե), Հայոց լեզու, գրականություն կամ պատմություն առարկաների հանրապետական օլիմպիադայում գրաված առաջին տեղ։ 2․ Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով սովորողներ կամ դիմորդներ, ովքեր ունեն միջին որակական գնահատականի 80%-ից ավելի ցուցանիշ, ինչպես նաև՝ Միջազգային գիտական շտեմարաններում հրապարակված հոդվածներ, Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տպագրված աշխատանքներ։ 3․ Աշխարհի լավագույն բուհերում սովորողներ կամ դիմորդներ, որոնք ընդգրկված են Academic Ranking of World Universities-ի առաջին հնգյակում՝ համապատասխան կրթաթոշակներով։ Կառավարության այս որոշումը ուղղված է կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների աջակցմանը՝ հնարավորություն տալով նրանց շարունակել ուսումնառությունն առանց զինվորական ծառայությունից ընդհատվելու։ Այն նաև խթանում է երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունը միջազգային կրթական ու գիտական հարթակներում։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Այն համապատասխանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Կառավարության որոշմամբ տարկետումները կտրվեն ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև 27 տարին լրանալը։
    17:50
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին
    Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ժամանակ քաղաքացին կալանավորված անձին փոխանցելու է իր մարմնում թաքցրած թմրամիջոց։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին քաղաքացիներ Գ․Գ․-ի և Հ․Պ․-ի հետ կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ս․-ին։ Խուզարկության ընթացքում Մ․Ս․-ն ցուցաբերել է դիմադրություն՝ հրաժարվելով ներկայացնել իր վարտիքում թաքցված փաթեթը։ Սակայն ծառայողները սահմանված կարգով առգրավել են փաթեթը, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 8,7 գրամ քաշով զանգված։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    17:38
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար․ հայտարարություն
    «Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։ Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։ Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։ «Հայաստան» խմբակցություն
    17:25
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրությունում։
    17:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական դերակատարների ակտիվությունը, դերաբաշխումն ու մասնակցության ձևերը փոխվում են, սակայն ընդհանուր նպատակները վաղուց ուրվագծված են: Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը: Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ է, իսկ այս դեպքում կոնկրետ շահագրգռվածություն են դրսևորում ռեգիոնալ պետությունները, առաջին հերթին` Թուրքիան: Սիրիայի, Լիբանանի դեպքում Հայաստանի շահագրգռվածությունը ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համատեքստում է, այլ նաև այդ երկրներում հայկական համայնքների գոյության և ակտիվության: Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի, Իրանի դեմ իրականացվող արշավ է և, որպես հետևանք, կարող է բերել նրան, որ մի փուլում ուղիղ առճակատում լինի Իրանի հետ: Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա, իսկ մեր դեպքում այն առավել ծանր բնույթ կարող է կրել ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և կառավարման համակարգի անարդյունավետության պայմաններում»:
    17:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանը հետևել է մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացին
    Այսօր առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը: Քննական 3 կենտրոնում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ընդհանուր առմամբ՝ ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է: Մինչ ատեստավորման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է քննասենյակներում, զրուցել մանկավարժների հետ: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ արդյունավե՞տ էին արդյոք վերապատրաստման դասընթացները, ինչ ակնկալիքներ ու առաջարկներ ունեն մասնագետները գործընթացի վերաբերյալ և այլն: Նախարարը հաջողություն է մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ արդյունքները դրական կլինեն: Քննական կենտրոնները տեղակայված էին Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական և Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցներում:
    16:45
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը․ խոսնակ
    Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: ‹‹Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով››,-նշել է Անի Բադալյանը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ևս աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ ‹‹Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ››,-եզրափակել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի կառավարական բանակը խոստովանել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները գրավել են Հալեպի զգալի մասը՝ հաղորդելով լայնածավալ բախումների արդյունքում սպանված և վիրավորված տասնյակ զինվորների մասին:
    16:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
    ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023 թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ: «Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել էին արնանման հետքեր, հայտնաբերվել էին պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել էր «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում՝ եղել էին կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։ Նշանակվել էին դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել բազմաթիվ անձինք, առգրավվել և զննության էր ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչների պարունակությունը։ Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում այդ օրը տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։ Ժամը 01:00-ից 02:00-ի հատվածում, Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն քննությամբ պարզված և դեռևս չպարզված այլ անձանց հետ BMW մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ՝ վերոնշյալ վիճաբանությանը միջամտելու նպատակով: Ավտոմեքենան կայանելով փողոցի երթևեկելի մասում, Հ․ Մ․-ն մյուսների հետ դուրս է եկել ավտոմեքենայից և քայլելով վիճաբանող անձանց ուղղությամբ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսե;ով, առանց պարզաբանումներ կատարելու, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքներ տալով, խախտել են մարդկանց անդորրը և ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,։ Այդ ընթացքում իր մոտ պահվող զենքից՝ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչպես նաև՝ մարդկանց ուղղությամբ, ապա, նախահարձակ լինելով, կրակել է այլ անձի կողմից շահագործվող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վրա։ Սակայն հրազենից արձակված գնդակները որևէ մեկին չեն դիպել և Հ․ Մ․-ի կամքից անկախ՝ սպանությունը չի իրագործվել։ Այդուհանդերձ, ավտոմեքենան վնասվել է, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս: Ապա Հ․Մ․-ն մոտեցել է մոտակայքում գտնվող, իր անձնական օգտագործման ավտոմեքենայի սրահում նստած, վիճաբանության մասնակից չհանդիսացող անձին, բացել ավտոմեքենայի դուռը և զենքը պահելով անմիջապես նրա ուղղությամբ, խախտելով վերջինիս անդորրը, սպառնացել նրան և տվել հայհոյանքներ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Հ․Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։ Ավելի վաղ խուլիգանական արարքներին մասնակից ևս երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, անջատված մասով քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Միջադեպին մասնակից, խուլիգանական արարքներ կատարած, ինչպես նաև հրազեն կիրառած՝ ինքնությունը դեռևս չպարզված մյուս անձի մասով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
    16:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը
    Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Դեռևս 2014 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Բերկրառատ տոնի առիթով Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ: Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Անդրադառնալով Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների տոնի խորհրդին՝ Հայր Սուրբն ընդգծեց առաքյալների դերակատարությունը մարդկության պատմության և հայկական իրականության մեջ, որոնց քարոզության շնորհիվ Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը ոչ միայն սերմանվեցին հայոց հողում, այլև հետագայում պտղաբերեցին և դարձան մեր ինքնության անբաժանելի մասը։ «Այսօր նվիրական օր է Հայոց Եկեղեցու և նրա անդամների համար, քանզի եկել ենք միասնաբար հայցելու Ս․ Թադեոսի և Ս․ Բարթողիմեոսի բարեխոսությունը Տիրոջ մոտ Հայկ Նահապետի սերնդի համար, վերանորոգելու մեր ուխտը Հայոց Եկեղեցու և նրա Գահակալի հանդեպ՝ առավել նախանձախնդրությամբ և նվիրումով լծվելով հայոց պետականության զորացման սրբազան առաքելությանն ու ազգային-քրիստոնեական ինքնության պահպանությանը։ Երբեք չմոռանաք, որ լինել առաքելական նշանակում է վերահաստատել հավատարմությունը Տիրոջ, Աստծու խոսքի և Մայր Եկեղեցու հանդեպ՝ մեր լուսավոր նախնիների նման անաղարտ պահելով ուղղափառ հավատքը և ամենուր սփռելով հարության լույսն ու հույսը», – նշեց Հայր Զաքարիան։ Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը: Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
    16:00
    30.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Մահաբեր օղակը սեղմվում է Հալեպի շուրջ. թուրքական դրոշներ՝ գրավված տարածքներում
    Երրորդ օրն է՝ ռազմական լարվածությունը չի նահանջում Սիրիայում: Իշխանությունը փակել է Հալեպի օդակայանը, Reuters-ը գրում է, որ բոլոր թռիչքները հետաձգվել են՝ հյուսիսային Հալեպի կենտրոն հակակառավարական ուժերի ներխուժումների մասին լուրերի ֆոնին: Թուրքիայի աջակցությունը վայելող հազարավոր զինյալներ ավելի քան 5 տասնյակ բնակավայր գրավելու մասին են հայտնում:
    15:45
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է. հեռախոսազրույց եմ ունեցել դեսպան Նորա Արիսյանի հետ. Սաղաթելյան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին․ «Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է: Երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ: Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը»:
    15:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթի–Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես, Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
    15:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ. Թևանյան
    Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի» կուսակցության պարտությունն էր։ Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» հզոր հարված ստացավ ու հիմա որոշել է պայթեցնել ամբողջ աշխարհը։ Այս մասին գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ ««Պատերազմի» կուսակցությունը փորձում է մինչև Թրամփի ԱՄՆ նախագահի լիազորությունների պաշտոնական ստանձնումը համաշխարհային մասշտաբի ճգնաժամ ստեղծել։ Բանը հասավ այնտեղ, որ Ռուսաստանը ստիպված եղավ «Օրեշնիկի» ցուցադրական կիրառում իրականացնել, որպեսզի սառեցնի Բայդենի վարչակարգի ու հակառուսական ինտերնացիոնալի տաք գլուխները։ Թե որքանով դա կազդի, պարզ կդառնա մինչև 2025–ի հունվարի 20–ը։ Այս պահին լոկալ և պրոքսի ուժերի բախումներն են թեժացվել։ Թուրքիան առիթից օգտվել ու դրածոներով հարձակվել է Հալեպի վրա։ Իսրայելը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիան։ Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին «Պատերազմի» կուսակցությունը ներքաղաքական բախումներ է հրահրում Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության։ ԵՄ–ից չեն էլ թաքցնում, որ Վրաստանին դիտարկում են ընդամենը որպես մանրադրամ հակառուսական իրենց գործողություններում։ «Կոլեկտիվ Արևմուտքի» ցինիզմը, հակամարդկային էությունը և լկտիությունը չափ ու սահման չունի։ Վրաստանին ասում են՝ դուք մեզ ԵՄ–ում որպես դիակ եք հարկավոր, որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող թնդանոթի միս։ Հարգանքի է արժանի այն, որ Վրաստանի իշխանություններն ունեն կամք, գիտակցություն և վճռականություն՝ դրսի հզոր ուժերի դեմ պայքարելու համար։ Իվանիշվիլին կորցրել է միլիարդավոր դոլարներ, բայց չի հանձնվում, քանզի պետությունն ու ազգային շահն իր համար ավելի կարևոր են, քան դրսի բանկերում ունեցած գումարները։ Դրսի հզոր ուժերը հենց այդ գումարների թեմայով են ճնշում տարբեր երկրների կոռումպացված ղեկավարների վրա։ Մի տեղ աշխատում է դրսի հզոր ուժերի ճնշումը, մի տեղ՝ ոչ։ Վրաստանում չաշխատեց։ Հիմա Վրաստանն անուղակիրորեն պայքարում է նաև Հայաստանի համար՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ով դրսի ուժերի դրածոն է և ում նույն այդ դրսի ուժերը հանձնել են Թուրքիայի օպերատիվ կառավարման ներքո։ Սա ողբերգություն է, բայց իրականություն։ Եվ այսպես, մինչև Թրամփի նախագահի պաշտոնում հայտնվելն աշխարհը շատ անհանգիստ է լինելու։ Բայդենն ու մյուսները փորձելու են սեփական կաշին փրկելու համար գնալ համաշխարհային արկածախնդրության, քանզի հասկանում են, որ կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան տան իրենց բերած ավերածությունների, ամերիկյան հարկատուներին թալանելու, ամերիկյան ու համաշխարհային տնտեսությունը կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու համար։ Ապրել մինչև հունվարի 20–ը»։
    15:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները
    Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները, հայտնում են «Reuters»-ի աղբյուրները։ Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները հարձակոմը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: Նրանք արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը:
    14:45
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
    14:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին
    Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150-ամյակը։ Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն։ Դեկտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կվերաօծվի եկեղեցին։ Այդ օրերին թեմը կհյուրընկալի բազմաթիվ ուխտավորների, որոնք ներկա կգտնվեն սրբազան տաճարի օծման պատմական իրադարձությանը:
    14:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մադրիդի Ռեալը օգնություն է խնդրել Զինեդին Զիդանից
    Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դեռ չի արդարացրել սպասելիքները: Թվում էր, թե հարձակվողը ցանկանում էր խաղալ հարձակման ձախ եզրում, այլ ոչ թե կենտրոնում։ Սակայն Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ վերջին խաղում (2:0) Մբապեն համոզիչ չէր նույնիսկ ձախ եզրում։ Այս մասին հայտնում է Sport․es-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» դիմել է իր նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օգնությանը։ Նշվում է, որ Զիզուն սերտ կապ ունի Մբապեի հետ։ Զինեդինի խոսքերը մեծ կշիռ ունեն Կիլիանի համար: «Սերուցքայինները» Զիդանին խնդրել են խոսել Մբապեի հետ և ուղղորդել նրան ճիշտ ուղղությամբ: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մադրիդյան գրանդի կզմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։
    14:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող մի շարք հարցեր: Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի աշակերտների այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Այցը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում: Երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում՝ ներկայացնելով յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը։ Այնուհետև Անահիտ Մանասյանը վարել է քննարկում` նվիրված կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում հատուկ ընդգծել է, որ չափազանց կարևորում է մարզային համայնքներում բնակվող երեխաների ներգրավվածությունը տարբեր միջոցառումներին։ «Հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն վերաբերելի է յուրաքանչյուրիս` անկախ բնակության վայրից։ Վերջերս էի այցելել Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանի տնօրեն պարոն Պողոսյանի հետ քննարկման ընթացքում ծագեց գաղափար՝ իրավունքներին առնչվող հանրային իրազեկման միջոցառումները կազմակերպել նաև թեմատիկ ցուցադրությունների շրջանակներում` հանրային լայն քննարկումների առարկա դարձնելով իրավունքների կոնկրետ բնագավառներին վերաբերելի հարցերը»,- ասել է Պաշտպանը Խոսելով իրավահավասարության մասին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ Պաշտպանն ընդգծել է, որ պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, քանի որ վերոնշյալ մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով։ «Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն։ Մինչդեռ, տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է», - ասել է Անահիտ Մանասյանը։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր հերթին ընդգծել է համատեղ կազմակերպված նշված միջոցառման կարևորությունը: Օրվա ավարտին՝ դպրոցականները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և հագեցած օրվա համար: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրել է, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
    13:45
    30.11.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Քարեր, շշեր, երկաթի կտորներ, հատուկ ջոկատայիններ. մարտադաշտ է դարձել Թբիլիսիի կենտրոնը
    Կեսգիշերին Վրաստանում ցուցարարների զանգվածային ձերբակալելու գործողություն է սկսել ոստիկանությունը: 107 մարդու են բերման ենթարկել: Ոստիկանության հատուկ ջոկատը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցույցը ցրելու համար: Բախումների պատճառով բազմաթիվ ցուցարարներ են տուժել:
    13:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ
    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք Հայաստանում բնակություն են հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն ՀՀ քաղաքացիություն և չունեն սեփականություն, ապա կարող են հանդիսանալ Բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու: ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող աջակցության նոր ծրագրի շահառուների շրջանակի, աջակցության չափի և այլնի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում:
    13:15
    30.11.24
    Ավելին