Լրահոս
Միջազգային
14:48
14.12.22
94

ՆԱՏՕ-ն մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերից, թևավոր և գերձայնային հրթիռներից

Img default alt hy

ՆԱՏՕ-ի հրամանատարությունը դիտարկում է տարբերակներ, թե ինչպես ուժեղացնել դաշինքի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն անօդաչու թռչող սարքերից, թևավոր և գերձայնային հրթիռներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի Միացյալ ավիացիոն հրամանատարության ղեկավարի տեղակալ Ջոնի Սթրինգերին:

«ՆԱՏՕ-ն մտածում է այն մասին, թե ինչպես մեծացնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն այնպիսի սպառնալիքների դեմ պայքարելու համար, ինչպիսիք կոմերցիոն հասանելի անօդաչուներն են եւ թևավոր հրթիռները, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում», - գրում Է գործակալությունը:

Սթրինգերը նշել է, որ վերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի առջև ծառացած մարտահրավերներն աճել են, քանի որ երկրները, ինչպես նաև ահաբեկչական խմբերը հնարավորություն ունեն հազարավոր անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել և դրանք իրենց ձեռքում զենք դարձնել:

«Ռազմական դաշինքը պետք է այնպես անի, որ իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ ռադարներից և վաղ նախազգուշացման համատեղ համակարգերից մինչև հրթիռներ, արտացոլեն այն սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք», - նշել է Սթրինգերը։

Նա հավելել է, որ դա կլինի ուշադրության կենտրոնում, քանի որ Ռուսաստանը թևավոր հրթիռներ է օգտագործում Ուկրաինայի առանցքային ենթակառուցվածքներին հարվածելու համար: Գործակալությունը նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է իր հակաօդային պաշտպանությունը դաշինքի արևելյան թևի երկայնքով՝ Սլովակիայում տեղակայելով գերմանական և նիդերլանդական Patriot համակարգեր, իսկ Ռումինիայում՝ ֆրանսիական MAMBA հակաօդային և հակահրթիային պաշտպանության համակարգ: