Լրահոս
Հասարակական
16:25
14.03.22
2 638

Մեր տան աղամանը պահարանում է, ճաշ եփելուց հանում եմ պահարանից, օգտագործում, նորից դնում տեղը․ Անահիտ Ավանեսյան

Img default alt hy

Ուրախ եմ, որ աղի օգտագործման նախագծի թեմայով լայն հանրային քննարկում ստացվեց, մեր նպատակը առողջ ապրելակերպի և առողջ սովորությունների խթանումն է։ Այսպիսի փոքր գործողություններով շարունակելու ենք իրազեկել մեր քաղաքացիներին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս ընթացքում շատերն են զարմացել, որ նման խնդիր կա, այո, Հայաստանում օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրմանը։

Նախագիծը քննարկման փուլում է, առաջիկայում հանդիպումներ կունենանք թե՛ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ սպառողների շահերը պաշտպանող և հանրային առողջության մասնագետների հետ։

Այն, որ մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառումը սահմանափակելու ծրագրերը և թե՛ ծխախոտի դեմ պայքարը, հստակ է։ Հաճախ մարդիկ չեն էլ նկատում, որ օգտագործում են չափից շատ աղ, շաքարավազ և այլն»,- ասել է Ավանեսյանը։

Լրագրողի հարցին՝ իրենց տան սեղանին արդյո՞ք դրված են աղամաններ և աղի օգտագործման ինչպիսի՞ սովորություն կա նախարարի ընտանիքում, Ավանեսյանը նշել է․

«Մեր տան աղամանը իր տեղում է, պահարանում, երբ անհրաժեշտ է, պահարանից հանում եմ, ճաշ եփելուց օգտագործում եմ, նորից դնում եմ պահարանի մեջ»։