Լրահոս
Հասարակական
12:12
08.03.22
449

Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորը քրեական հեղինակություն է

Img default alt hy

Երևանում մարտի 7-ին կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ՀՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանն է։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ներսիսյանի ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է թվով 8 պարկուճ և 5 գնդակ։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքի ներսում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ ու մի քանի գնդակ։ Իսկ շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա են կրակոցի հետքեր։ Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կրակված գնդակ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է», և վարկածներից մեկի համաձայն՝ երեկվա դեպքը հնարավոր է՝ վենդետա է։