Լրահոս
Արցախ
22:20
14.12.22
173

Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն, կա ստեղծված բարդ իրավիճակ, բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն․ Ռուբեն Վարդանյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝  Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության ուղղությունների ու իրականացվող քայլերի ներկայացման նպատակով:

Հայտնում են ԱՀ պետնախարարի գրասենյակից։

Նշելով, որ շտաբի հիմնական գործունեությունն ուղղված է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը՝ Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների միջև փոխգործակցված և արդյունավետ աշխատանքի  կազմակերպումը:

 «Ամենակարևոր ուղղություններն են անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքների գործունեության ապահովումը: Օպերատիվ շտաբում ընդգրկված են ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն: Կա ստեղծված բարդ իրավիճակ, և բոլորս, բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն՝  կազմակերպված աշխատանքի և իրավիճակից ելքեր գտնելու համար»,-ընդգծել է պետնախարարը:

 Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել  է օպերատիվ շտաբի կողմից մշակված՝ վառելիքի տրամադրման կարգը: Վառելիքն առաջնահերթ տրամադրվելու է հանրային նշանակության և հատուկ ծառայություններին,  ինչպես նաև կենսական կարևորության օբյեկտներին: Կարգով նախատեսված աշխատանքների ապահովումն  իրականացնելու է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բնակչությանը հուզող խնդիրներին արագ արձագանքելու և  պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցերին: