Լրահոս
Սփյուռք
21:43
15.12.22
90

Ի՞նչ պետք է անի սփյուռքը ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակում

Img default alt hy

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը կոչով դիմել է սփյուռքի հայրենակիցներին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև:

2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և առաջացրել շրջափակում և հումանիտար-տնտեսական աղետ: Սա Արցախը հայաթափելու, խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մեկուսացնելու և էթնիկ բնաջնջման ենթարկելու քաղաքականության շարունակությունն է:

Արցախահայությունը և Արցախում գործող կարևորագույն ենթակառուցվածքները զրկված են գազից և ջեռուցումից, սննդի, դեղորայքի, կենսական անհարժեշտության այլ պարագաների մատակարարումից: 1100 խաղաղ բնակիչներ ձմռան ցրտին մնացել են ճանապարհին, որից 270-ը երեխաներ են: Նրանց մոտ առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ:

Հիվանդանոցներում բուժօգնություն ստացող և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուների կյանքին վտանգ է սպառնում: Նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան:

Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Միևնույն ժամանակ, հայկական ԶԼՄ-ները Լաչինի միջանցքի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն: Ադրբեջանը փորձում է իրականացնել նաև տեղեկատվական ահաբեկչություն:
Այս օրհասական իրավիճակում սփյուռքի մեր հայրենակիցներին, կառույցներին և կազմակերպություններին, լոբբիստական խմբերին, երիտասարդական միավորումներին կոչ ենք անում.
Արտահայտել իրենց բողոքի ձայնը տարբեր ձևաչափերով և հարթակներում

Նամակներ, հեռախոսազանգեր ուղղել և տեղեկացնել ընտրյալ պաշտոնյաներին՝ պահանջելով Ադրբեջանի ոճրագործությունների վերաբերյալ նրանց հանրային դատապարտումը

Բնակության երկրների իշխանություններից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելով 21-րդ դարում ցեղասպանության իրագործումը

Աշխատել միջազգային մեդիաների և նրանցում աշխատող հայազգի լրագրողների հետ

Ակտիվ լինել բոլոր սոցիալական հարթակներում՝ տարածելով Ադրբեջանի կողմից միջազգային մի շարք իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը

Կիրառել բողոքի բոլոր այն գործիքակազմերը, որոնք նախկինում ձեր բնակության երկրներում արդյունավետ են գործել

Կանգնել Արցախի և արցախահայության կողքին»: