Լրահոս
Կրթություն և գիտություն
17:58
10.03.22
159

ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում այս տարի ընդունելություն չի լինի

Img default alt hy

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի` 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և ԲՈւՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Խոսելով Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման փաստի մասին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում վատ հետևանք է ունենում մարզի բնակիչների համար:

ԲՈւՀ-ի հիմնադիր, առաջին տնօրեն Էդգար Ղազարյանը նշել է, որ մասնաճյուղն ի սկզբանե ստեղծվել է` ելնելով տարածքային համաչափ զարգացման, կրթության հասանելիության տրամաբանությունից:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 400-ից ավելի շրջանավարտների 90 տոկոսն արդեն մշտական աշխատանք ունի: Ստեղծված իրավիճակում Էդգար Ղազարյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել, մասնավորապես` մշակել զարգացման ծրագիր, ինչը կնպաստի մարզում ԲՈւՀ-ի մասնաճյուղի շարունակականության ապահովմանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն ասել է, որ համալսարանի գիտխորհրդի ընդունած որոշումով որևէ ուսանողի շահ չի ոտնահարվել: Նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ` ընդգծելով, որ առկա բակալավրի պլանային տեղերի մոտավորապես 72 տոկոսն այդպես էլ չի համալրվել:

Պատգամավորները, մարզպետարանի ներկայացուցիչները, ուսանողները, շրջանավարտները ու ԲՈւՀ-ի դասախոսներն իրենց ելույթներում առաջարկել են  փնտրել հարցի համակարգային լուծում: Կարևորվել է կրթական հաստատությունների մասնաճյուղերի գոյությունը մարզերում:

Ամփոփելով քննարկումը` Թագուհի Թովմասյանն առաջարկել է շահագրգիռ կողմին ներկայացնել ԲՈւՀ-ի մասնաճյուղի առողջացման իրատեսական ծրագիր և փորձել կարգավորել խնդիրը: