Լրահոս
Հասարակական
20:24
07.03.22
172

ՀՀ արտաքին քաղաքական օրակարգն ածանցվում է վարչապետի նեղ-սուբյեկտիվ, երբեմն՝ արկածախնդիր մոտեցումներին. Ալեն Ղևոնդյան

Img default alt hy

Անթալիայի դիվանագիտական ֆորումի նման ֆորումները հանրային դիրքավորման, մեսիջներ փոխանակելու, քաղաքական սիրախաղեր սկսելու կամ դրանք մերժելու հարթակներ են։ Մյուս կողմից՝ որոշակի տեսլականի հանրայնացում, թե ինչպիսի պատկերացում ունեն տարածաշրջանային պետություններն իրենք իրենց տեղի, դերի և հարաբերությունների կարգավորման մասով։

Բայց դժվարանում եմ ասել՝ հայկական կողմն առհաարակ ունի՞ արտաքին քաղաքական օրակարգ, որովհետև այն սովորաբար ածանցվում է ՀՀ վարչապետի  արտաքին և պետական քաղաքականության՝ նեղ-սուբյեկտիվ և ոչ միշտ հիմնավորված, երբեմն՝ արկածախնդիր մոտեցումներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղոնդյանը՝ անդրադառնալով հայաստանյան կողմի՝ ֆորումին մասնակցության փաստին։

Քաղաքագետի համոզմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում ՀՀ արտգործնախարարն իր ելույթը պետք է ձևակերպի Նիկոլ Փաշինյանի՝ խիստ վիճելի թեզերի ներքո կամ խոսի ոչնչի մասին։

«Եթե մենք Անթալիայի ֆորումին ՀՀ մասնակցության հիմք ընդունենք ԱԺ ամբիոնից արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ հայ-թուրքական դիվանագիտական մեկնարկի մասին պատմությունը, երբ նա այդ ամբողջ պրոցեսը հանգեցրեց Չավուշօղլուի հետ հանդիպմանը հընթացս երկու բառ փոխանակելուն, ապա նմանօրինակ կարևորագույն, ես կասեի՝ ռազմավարական նշանակության հարցին նման մոտեցումն, իհարկե, խիստ անլուրջ է։

Անլրջության էլեմենտ է նաև այն, թե ում նշանակեցին որպես հայկական կողմի բանագնաց՝ ի տարբերություն թուրքական կողմի, ով, առհասարակ, գիտի՝ դիվանագիտությունն ինչ է,  թե ինչպես են ազգային շահերը սպասարկում և ինչպես պետք է դիրքավորվել»,- ասաց քաղաքագետը։
'

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այն նախատեսված է անցկացնել մարտի 11-ից 13-ը։