Լրահոս
Հայաստան
19:50
10.03.22
346

ՀՀ 4 նախագահներից հավանաբար ոչ ոք չի մասնակցի Վահագն Խաչատրյանի երդմնակալությանը

Img default alt hy

Հայաստանի պաշտոնաթող չորս նախագահներից հավանաբար ոչ ոք չի մասնակցի մարտի 13-ին կայանալիք Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը։  

Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է՝ նախագահը հրավեր ստացել է, սակայն, նրա մասնակցության վերաբերյալ մեկնաբանություն չունի։  

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։  

168.am-ի փոխանցմամբ, Հայաստանի հինգերորդ նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանը չի մասնակցի նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։  

Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցության վերաբերյալ NEWS.am-ին չի հաջողվել տեղեկություն ստանալ։

Հայտնի էլ չէ՝ Արմեն Սարգսյանը Հայաստանո՞ւմ է, թե՝ ոչ։  Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել է մարտի 3-ին։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագահի ընտրությանը. նրանք ավելի վաղ հայտարարել էին նաեւ թեկնածու չառաջադրելու մասին։  

Նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելու է մարտի 13-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։  

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել հունվարի 23-ին։