Լրահոս
Արցախ
11:45
08.03.22
308

Հեռու չէ այն օրը, երբ կարձանագրենք, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում. Արցախի ԱԺ նախագահ

Img default alt hy

ԱրցախիԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ: Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը:   Համոզված եմ, որ ձեր նվիրվածության, անձնազոհության, իմաստնության և տոկունության շնորհիվ կհաջողի հաղթահարել մեզ պատուհասած ծանր փորձությունները։

Առօրյա դժվարություններն անտրտունջ ձեր ուսերին վերցրած՝ դուք շարունակում եք մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը:  

Սիրելի´ մայրեր, անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում, ավելին, ձեզնից յուրաքանչուրն իր օջախի համար նույն դերն ունի, ինչ Աստվածամայրը՝ համայն մարդկության համար։ Սիրելի´ քույրեր ու դուստրեր, դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը:  Այո´, դաժան էր մեր ճակատագիրը, կորուստներն՝ անչափելի, բայց և այս նվիրական օրը եկեք հավատանք, որ հեռու չէ այն օրը, երբ մենք բավականությամբ կարձանագրենք, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյա տոների առիթով։

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, անսահման սեր, ընտանեկան անդորր ու ջերմություն», - ասված է ուղերձում: