Լրահոս
Երևան
17:46
23.08.21
60

Հայկ Մարությանը չհանդիպեց Ֆիզգորոդոկի բնակիչների հետ

Img default alt hy

«Չկտրեք մեր ծառերը» պաստառներով, Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր խաղաղ ակցիա են արել Ալիխանյան եղբայրներ փողոցի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչները:

Իրենց այգում բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքող քաղաքացիները պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանին իջնել բակ և պատասխանել՝ ինչպես է քաղաքապետարանը շինթույլտվություն տվել, եթե չի եղել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության» փորձաքննություն:

Մարությանի  հետ հանդիպումն այդպես էլ չկայացավ, թաղամասի բնակիչների հետ հանդիպեցին  քաղաքապետի խորհրդականը, ավագանու մի անդամ և քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ:

 Հանդիպումից հետո թաղամասի բնակիչ Հայկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ արդյունավետ և կառուցողական քննարկում են ունեցել, ինչի արդյունքը ժամանակը ցույց կտա։

«Հանդիպմանը թաղամասից ներկա էր 3 բնակիչ, այդ թվում նաև մեր փաստաբանը։ Ներկայացրեցինք իրավական բոլոր խնդիրները, հարցադրումները։ Կառուցապատողին առաջարկվելու է, որ 2 օրով կասեցնի շինարարությունը, որ քաղաքապետարանի ներսում տեղի ունենան ավելի մանրամասն քննարկումներ, ուսումնասիրվի հարցը և այդ ուղղությամբ լուծումներ փնտրեն»,-նշեց Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով հնարավոր է 2 օր հետո կրկին հանդիպում լինի։ Բնակիչները հանդիպման ժամանակ ընդգծել են, որ ժամանակին ապօրինի կերպով է ձեռք բերվել սեփականության իրավունք այդ հողամասի նկատմամբ։

«Ավելի շատ կենտրոնացել ենք հարցի իրավական կողմի վրա, որովհետև եթե պարզվի, որ կառուցապատողը դրա նկատմամբ հիմնավոր իրավունքներ չունի և դրանք վիճելի են ու անհրաժեշտ է հողը վերադարձնել պետությանը, ապա մնացած հարցերն արդեն քննարկման ենթակա չեն»,-նշեց Հայկ Հարությունյանը։

Թեև ուրբաթ և շաբաթ ոստիկանների հետ բախումներից հետո ավագանու անդամներն իրենց խոստացել էին, որ շինտեխնիկան դուրս կգա այգուց, այսօր բնակիչները  կանաչ տարածքներում դարձյալ շինարարական մեքենաներ են նկատել:

Նշենք, որ բնակիչները տևական ժամանակ է, ինչ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ։

Մարդիկ վատացան, ընկան, ինձ բերեցին էս կողմ, որ չուտեն. Ֆիզգորոդոկի «ապստամբությունը»

Բնակիչների խոսքով նախատեսվող 12-հարկանի բարձրահարկ շենքի կառուցման պայմաններում խախտվելու է իրենց առողջ կենսագործունեության պայմաններում ապրելու իրավունքը։