Լրահոս
Արցախ
12:33
10.03.22
110

Երկարաժամկետ հոսանքազրկումներ Արցախում. բնակիչները որպես գազի այլընտրանք հոսանքն են օգտագործում․ Հակոբյան

Img default alt hy

Արցախում գազամատակարարի վնասումից հետո բնակիչների մեծ մասը որպես գազի փոխարիչ հոսանք է օգտագործում, որի առաջացրած ծանրաբեռնվածության պատճառով էլ երկարաժամկետ հոսանքազրկումներ են գրանցվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Մեր հիմնական հիդրոէլեկտրակայաններն անցել են հակառակորդի տիրապետության տակ, ինչի պատճառով էլ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում: Այսինքն՝ հոսանքը չենք կարող այլընտրանք դիտարկել»,- նշել է Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ ռուս խաղաղապահների բանակացություններն ադրբեջանցիների հետ Արցախում գազամատակարման խնդիրը լուծելու համար դեռեւս անարդյունք են:

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ մասնագետներին մոտենալ վնասված գազատարին, թույլ չեն էլ տալիս խնդիրը հասկանալ: Նույնիսկ սկզբում ասում էին, թե ականապատ տարածքները պետք է ականազերծվեն, սակայն դա էլ դեռեւս չի կատարվել մինչ այս պահը»,- ասել է Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ գյուղերում դասապրոցեսները նորմալ են ընթանում, քանի որ դպրոցների մեծ մասը վառարաններով է ջեռուցումն ապահովում: Հիմնական խնդիրը Ստեփանակերտում է. դպրոցներում, որտեղ ջեռուցումը գազով էր, դասաժամերը կրճատվել են՝ դառնալով 30 րոպե: Հացատներն էլ, որոնք գազով էին աշխատում, փակվել են:

Մարտի 8-ին «Արցախգազ» ԲՓԸ-ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության համաձայն՝ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը: