Լրահոս
Հասարակական
16:35
14.12.22
95

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Շիրակի մարզում բարեկարգվելու է Վարդաքարի ջրամբարը

Img default alt hy

«Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագրի» իրականցման նպատակով Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր ստորագրվեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց , որ բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի շրջանակում  իրականացվող «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը», որի իրականացման համար «ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերությանը կտրամադրվի 113,705 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: 

«Ծրագրի շնորհիվ Վարդաքարի ջրամբարում կիրականացվեն բարձրավոլտ ցանցի ենթակայանի վերանորոգման, արտաքին լուսավորության համակարգերի վերականգնման և արդիականացման, վարչական շենքի և պահակատան վերանորոգման, պատնեշի սանդուղքի ուղղահայաց պատի ամրացման, արևային կայանի տարածքի հարթեցման և պարսպապատման ու արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման (100 կՎտ) աշխատանքներ: Ծրագրի նպատակն է ապահովել կայուն ջրային ռեսուրսներ և բարելավել գյուղմթերքների արտադրողականությունը: Ծրագրի շահառուներ կհանդիսանան մոտ 1800 տնային տնտեսություններ, որոնք այդ տարածաշրջանում զբաղվում են հողագործությամբ և ունեն ոռոգելի հողատարածքներ»,- ասաց Տերտերյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ ոռոգման համակարգի կառուցումն ուղղված է գյուղմթերքի արտադրողականության բարձրացմանն ու գյուղացիների կյանքի որակի բարելավմանը։

«Ուրախ եմ, որ վարչական և քաղաքային շենքերի վերանորոգումը, ինչպես նաև տարածքում արևային մարտկոցների տեղադրումը կբարձրացնեն գյուղատնտեսության արտադրողականությունը, կբարելավեն գյուղացիների ապրելակերպը: Վերանորոգման և տեղադրման աշխատանքները էական նշանակություն ունեն այն առումով, որ մարդկային կյանքի պաշտպանությունը մեծապես կախված է ենթակառուցվածքների որակից: Լիահույս եմ, որ այս օժանդակությունը բարձրացնելու է բնակիչների կյանքի որակը և ապահովելու է նրանց սոցիալական և տնտեսական բարեկեցությունը»,- նշեց դեսպանը: 

«ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Խաչուտուր Խաչատրյանը խորհրդանշական համարեց, որ «ծագող արևի երկիր» Ճապոնիան հնարավորություն է ստեղծելու օգտվել արևի էներգիայից: